Խաղաղության պայմանագրի հայկական տարբերակ չկա. Հայաստանը շահառու չէ. Գևորգ Դանիելյան
«Ճիշտ նկատվեց, որ կոնկրետ փաստաթուղթ չկա, և սա էլ առանձին խնդիր է՝ ինչու չկա»,-«Խաղաղության պայմանագրի» սահմանադրականության հարցը» թեմայով քննարկման ժամանակ ասաց իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նրա խոսքով՝ ինքը մեծ հույսեր չի փայփայում, որ միջազգային կազմակերպություններն այս պարագայում էական դերակատարում ունեն:
«Ցավոք, հակառակ պատկերն ենք տեսնում: Միջազգային կազմակերպությունները չունեն նախկին հեղինակությունն իրենց բազմաստանդարտ գործունեության արդյունքում»,- ասաց նա:
Իրավունքի մասնագետի դիտարկմամբ՝ երբ խոսում ենք միջազգային պայմանագրերի մասին, առաջինը պետք է տեսնել, թե ովքեր են նախաձեռնում:
«Որպես կանոն՝ շահառուն այն կողմն է, որը խնդիրներ ունի, տուժող կողմն է, և որոշակի ռազմական, քաղաքական գործունեության արդյունքում կրել է վնասներ և հետևաբար՝ պետք է հանդես գա՝ որպես շահառու: Բայց մենք քննարկում ենք ոչ թե շահառուի տարբերակը, որպիսին չկա ընդհանրապես, այլ վաշինգտոնյան, ռուսաստանյան, արևմտյան տարբերակները: Կա նաև պաշտոնյա, ով ասում է՝ որևէ տարբերակ գոյություն չունի. ընդամենը կան ադրբեջանական կողմի առաջարկներ, որոնք որոշ վերապահումներով ընդունվել են»,- ասաց Գևորգ Դանիելյանը:
Վերջինս նկատեց՝ հայկական տարբերակի մասին մենք չենք խոսում, և ստացվում է, որ Հայաստանը շահառո՞ւ չէ…
«Իհարկե շահառու է: Ավելի շահեկան կլիներ, եթե մենք ունենայինք սեփական տարբերակը, հասկանայինք՝ ինչն ենք մենք խնդիր համարում, ու ունենայինք դրանց լուծման իրավաչափ եղանակները»,- ասաց արդարադատության նախկին նախարարը:
Նա նշեց՝ երբ ուսումնասիրում ես մանրամասները, տեսնում ես, որ շրջանառության մեջ դրված փաստաթղթերում խախտվել է շահառուի սուբյեկտայնությունը:
«Բաքվի 5 դրույթներից մեկն այն է, որ կողմերը զերծ մնան ազգային անվտանգության սպառնալիքներից: Ստացվում է, որ ինքը շահագրգռված է դրանում, խնդիրներ է տեսնում և հանդես է եկել նախաձեռնությամբ: Եվ երբ ասում է, որ Հայաստանը բավարար չափով չի արձագանքում, չի վավերացնում, պետք է հասկանալ, որ առաջարկի հեղինակը պետք է լինի Հայաստանը, որովհետև մենք ենք դրա շահառուն: Ադրբեջանն անվտանգության սպառնալիքի խնդիր չունի»,- ասաց Գևորգ Դանիելյանը:
Այն, որ այդ նախաձեռնությամբ Ադրբեջանն է հանդես գալիս, ըստ նրա, իր բացատրությունն ունի, որովհետև բոլոր ռազմական գործողություններում հրադադար կնքվեց, բայց Ադրբեջանն ամեն անգամ հայտարարում է, որ հրադադարը խախտում է հայկական կողմը, հետևաբար՝ իրենք են շահառու, որովհետև ըստ իրենց՝ իրենք ամեն անգամ ստիպված են լինում պաշտպանել իրենց տարածքը, իրենց պետությունը:
«Հասել է նրան, որ իրենք բարձրացնում են այս հարցը, Հայաստանն էլ ձգձգում է, շարունակում է իր ագրեսորական կեցվածքը: Եվ պատահական չէ, որ մենք արդեն լսում ենք մեր հայրենակիցներից հայտարարություններ, ըստ որի՝ տարիներ շարունակ մենք եղել ենք ագրեսոր, և հիմա նրանք են հանդես բերում որոշակի ադեկվատ կեցվածք: Սա պետք է մենք հասկանանք, որ նախորդ տարիների ընթացքում Հայաստանն առնվազն ունեցել է անվտանգության գոտի, իսկ անվտանգության գոտի հենց հիմա ադրբեջանցիներն են ստեղծում»,- ասաց Գևորգ Դանիելյանը:
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսորը պատահական չհամարեց, որ Ադրբեջանն ակնկալիք ունի Հայաստանի Սահմանադրության փոխվելու:
«Մենք չենք կարող համարել, որ ՀՀ Սահմանադրության նախաբանը չի կարող հիմք հանդիսանալ բոլոր այն միջազգային իրավական պայմանավորվածությունների համար, որտեղ խոսք չի գնում ազգային ինքնորոշման կամ Հայոց ցեղասպանության մասին, որով շահագրգռված է Թուրքիան»,- ասաց Գևորգ Դանիելյանը:
Մանրամասները՝ տեսանյութում