Ֆինանսների փոխնախարարը ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց օրակարգում ներառված 5 հարցերը․ 1-ինը վերաբերում է ԱԱԾ-ին
Կառավարության նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստ էր հրավիրվել։ Կառավարությունը ներկայացրեց ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որով առաջարկվում է օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Որոշման նախագիծն Ազգային ժողովի ամբիոնից ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։
«Արտահերթ նիստի օրակարգում ներառված է 5 հարց։
1․ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին օրենքի և հարակից օրենքի նախագծի քննարկում, որի հրատապությունը պայմանավորված է ԱԱԾ-ում կադրային քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու, մասնագիտական ու պաշտոնական առաջմղման կանոնակարգերը զարգացնելու անհրաժեշտությամբ»։
2. Առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որպեսզի ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և դրանց հետագա վերարտահանումը կանոնակարգելու նպատակով ձևավորել նպաստավոր միջավայր։ Սրա հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ըստ էության ունենք կարգավորում, որը համահունչ չէ սպառման հարկերի տրամաբանությանը և անհրաժեշտ է օր առաջ վերանայել այս կարգավորումը։
3. Օրակարգային երրորդ հարցը միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգի վերանայմանն է վերաբերում։ Հաշվի առնելով այն, որ 2023 թվականի հունվարի 1-ից տնտեսվարողները, ովքեր հավակնում են շարունակել լինել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ, պետք է հարկման համակարգի ընտրություն կատարեն, շատ կարևոր է, որ նրանց համար մինչև տարեվերջ ունենանք կանխատեսելի հարկային միջավայր։
4. Օրակարգային չորրորդ հարցը «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող» օրենքին և հարակից օրենքների նախագծերին է վերաբերում։ Օրենսդրական այս փաթեթով առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ՝ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման, կազմակերպման նոր ընթացակարգ, որը հնարավորություն կընձեռի ներհամայնքային երթուղիները սպասարկող ընկերություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլև «Գնումների մասին օրենքով» սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով։ Հրատապությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համայնքների խոշորացման պայմաններում գործող կարգավորումները խիստ սահմանափակ են՝ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը կազմակերպելու համար, քանի որ համայնքների կողմից կազմակերպվող մրցույթները հայտերի բացակայության պատճառով հաճախ չեն կայանում, արդյունքում համայնքները մնում են առանց տրանսպորտային սպասարկման»։
5. Օրակարգային վերջին հարցը վերաբերում է «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելուն և հարակից օրենքներով նախատեսվող փոփոխություններին։ Նպատակն է՝ ապահովել գործող կանոնակարգումների պահպանումն առ այն, որ 2023 թվականի հունվարի 1-ից հետո ընթացիկ գործունեության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողություն իրականացվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, իսկ նախընտրական քարոզչության ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը՝ Վերահսկիչ, վերստուգիչ ծառայության կողմից՝ երկարացնելով գործող կանոնակարգումները մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում