Բաժիններ՝

Սոխով և սուլուգունի պանրով ապուր

Բաղադրատոմսը՝ «Сообщники» գինետան:

Բաղադրիչներ

1. Արգանակ – 0.7 լ

2. Սոխ – 1 կգ

3. Շաքարավազ – 5 գ

4. Կարագ – 10 գ

5. Բուսական յուղ – 1 ճ/գ

6. Կոնյակ – 5-7 գ

7. Սոյայի սոուս – 5 գ

8. Համեմունքների խառնուրդ – 5 գ ուրց, 5 գ սխտոր (ամբողջական), դափնու 1 տերև, պղպեղի հատիկներ

9. Բոված հացի կտորներ

10. Չորացրած բագետ – 30 գ

11. Սխտոր – 5 գ

12. Ձիթապտղի յուղ – 10 գ

13. Սուլուգունի – 50 գ

Պատրաստման եղանակը

1. Սոխը կիսաօղակների կտրատել: Մեծ կաթսայի մեջ կարագ և բուսայուղ լցնել, դնել կրակին, զանգվածը հասցնել եռման։ Եռալուց հետո կրակն ուժեղացնել և ավելացնել սոխը, տապակել։

2. Մինչ սոխը տապակվում է, խառնել ուրցը, սխտորը, դափնու տերևը, պղպեղը։ Համեմունքները կարելի է լցնել պարկի մեջ:

3. Անընդհատ խառնելով՝ շարունակել տապակել սոխը, սպասել, մինչև շագանակագույն դառնա (մոտ 15-20 րոպե)։ Աստիճանաբար նվազեցնել կրակը։

4. Այդ ընթացքում բագետը կտրատել մեծ շերտերով, չորացնել 140-160 աստիճան ջեռոցում: Կարելի է շերտերի վրա թեթևակի ձիթապտղի յուղ ցողել։ Երբ բագետները պատրաստ լինեն, վրան սխտոր տարածել։

5. Տապակած սոխին ավելացնել մի պտղունց շաքարավազ, 5-7 գ կոնյակ, 5 գ սոյայի սոուս գույնի համար։ Ճիշտ տապակած սոխը պետք է լինի շոգեխաշած կաղամբի գույնի:

6. Տաքացնել 0.7 լիտր արգանակ (մոտ 5 շերեփ): Սոխին ավելացնել 2 շերեփ տաքացրած արգանակ՝ լցնել 1 շերեփ, 3-5 րոպե հետո՝ երկրորդը։ Անընդհատ խառնել:

7. Սոխով արգանակը եռացնել, ավելացնել համեմունքներով պարկը և եփել ևս մեկ ժամ մարմանդ կրակի վրա՝ առանց կափարիչի։ Մի քիչ աղ ցանել, եփել առնվազն մեկ ժամ։

8. 40 րոպե հետո ավելացնել արգանակը, եփել 20-30 րոպե, ապա նորից լցնել մնացած արգանակը և եփել 30 րոպե։ Ուրցը մանր կտրատել, ավելացնել ապուրի մեջ, աղ ու պղպեղ անել։

9. Թխման տապակը ծածկել յուղաթղթով և վրան դնել բոված հացի կտորներ, վրան քերած պանիր շաղ տալ և դնել ջեռոցը: Սպասել, մինչև պանիրը հալվի:

10. Տաք ապուրը լցնել ափսեների մեջ, վրան դնել մեկական չորահաց և պանիր շաղ տալ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս