«Փոփոխությունները բնական են, առավել ևս մեր՝ նման իրավիճակում գտնվող երկրի համար շատ կարևոր են». Դավիթ Բաբայանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ մի քանի նախարարի պաշտոնանկության վերաբերյալ:

Ըստ Արցախի նախագահի հրամանագրի, մի խումբ նախարարներ ազատվել են զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար։

Այսպիսով՝ Ժիրայր Միրզոյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից և նշանակվել արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

Դավիթ Բաբայանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

Կարդացեք նաև

Արամ Սարգսյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի պաշտոնից և նշանակվել քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

Վահրամ Բաղդասարյանն ազատվել է ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնից և նշանակվել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:

168.amԱրցախի Հանրապետության ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ ի՞նչ սպասել այս փոփոխություններից, և եթե պաշտոնում չվերանշանակվի, ապա ինչո՞վ է զբաղվելու։ Ըստ Դավիթ Բաբայանի, փոփոխություններն անհրաժեշտ են, պետք  են և նորմալ, կայացած երկրում այդ փոփոխությունները կրում են ինստիտուցիոնալ և էվոլյուցիոն բնույթ։

«Այսինքն՝ ամեն ինչ պետք է արվի, որպեսզի իրավիճակն ավելի բարելավվի, աշխատանքի արդյունավետությունը բարձրացվի, ինչպես նաև գործում ընդգրկվեն պրոֆեսիոնալներն ու հայրենասերները։ Սա բնական է, առավել ևս մեր՝ նման իրավիճակում գտնվող երկրի համար շատ կարևոր են։ Հետևաբար՝ շատ հանգիստ պետք է վերաբերվել նման ցանկացած զարգացման, ինչը նաև կախված է անձի կայացվածությունից, անցած ճանապարհից։ Օրինակ, բոլորիս համար էլ պարզ է, որ մեկ մարդը չի կարող ողջ կյանքը զբաղեցնել մեկ աթոռ, հայրենիքին մարդու կողմից մատուցվող ծառայությունն աթոռով չի չափվում։ Ինքս այս պահին շարունակում եմ իմ աշխատանքը՝ որպես  արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնակատար, և իրականացնում եմ իմ պարտականությունները նույն ռեժիմով։ Ես երբեք աթոռի, պաշտոնի ու տաբուրետկայի համար կռիվ չեմ տվել ու չեմ տալու, որովհետև դա համարում եմ անբարոյական մեր նման երկրի համար»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ իր վրա որևէ խոսակցություն, շահարկում չի կարող ազդեցություն ունենալ, այդ տեսանկյունից իմունային համակարգը բարձր ու կայացած է։

«Ինչ պետք է՝ ես բարձրաձայնում եմ, մարդու երեսին ասում եմ, երբեք թաքուն մուտիլովկաներով  չեմ զբաղվում և չեմ զբաղվելու։

Թե ինչո՞վ կզբաղվեմ, պաշտոնին չվերանշանակվելու դեպքում՝ շարունակելու եմ ծառայել իմ հայրենիքին, որևէ մեկի ոտքերի տակ չեմ ընկելու, աղաչելու՝ սա անթույլատրելի եմ համարում։ Պետք է բարձր պահել արժանապատվությունը և, անկախ ամեն ինչից՝ մարդ մնալ։ Անկախ ամեն ինչից, շարունակելու եմ ծառայել Արցախին, շարունակելու եմ դիրքավորված լինել հայրենիքի պաշտպանության ճակատում»,- ասաց Դավիթ Բաբայանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Աստծո ամենամեծ ողորմածությունն է ծառայել հայրենիքին՝ ծանր վիճակում գտնվող հայրենիքին, Աստծո ընտրյալ ժողովրդին։

Տեսանյութեր

Լրահոս