
Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 252-ի. նրանց մեծ մասը երեխաներ են

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 252-ի, հարյուրավոր մարդիկ վիրավոր են: Այս մասին տեղեկանում ենք Reuters գործակալությունից:
5.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը հարվածել է Ինդոնեզիայի ամենախիտ բնակեցված Արևմտյան Ճավա նահանգում՝ զգալի վնաս հասցնելով Չիանջուր քաղաքին: Առնվազն մեկ գյուղ թաղվել է սողանքի տակ:
Ըստ Ինդոնեզիայի Ազգային որոնողափրկարարական գործակալության ղեկավար Հենրի Ալֆիանդիի՝ սողանքները և դժվարանցանելի ճանապարհները խոչընդոտում են փրկարարների աշխատանքին:
«Զոհերի մեծ մասը երեխաներ են, քանի որ ցերեկվա ժամը 1-ին նրանք դեռ դպրոցում էին», – ասել է Ալֆիանդին:
Չիանջուր է մեկնել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն: Նա հրահանգել է առաջնահերթություն տալ փլատակների տակ մնացած մարդկանց տարհանմանը: Վիդոդոն նաև ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին և աջակցություն խոստացել:
Ինդոնեզիան գտնվում է խաղաղօվկիանոսյան «հրե օղակի» վրա, որն աշխարհում ամենաակտիվ սեյսմիկ և հրաբխային գոտին է, հետևաբար, այնտեղ հաճախ են աղետալի երկրաշարժեր լինում: Գործակալությունը հիշեցնում է, որ 2004 թվականին Սումատրա կղզուց ոչ հեռու տեղի ունեցած 9.1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժը ցունամի էր առաջացրել, որը հարվածել էր 14 երկրների՝ 226 հազար մարդու մահվան պատճառ դառնալով: