«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց. ինչո՞ւ չէին ներկայացել Երկրորդ նախագահի պաշտպանները

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր շարունակվում էր ենթադրյալ կոռուպցիայի գործով դատական նիստը, ինչպես յուրաքանչյուր երեքշաբթի օր:

Հիշեցնենք, որ այս գործով որպես մեղադրյալներ են անցնում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և նախկին փոխվարչապետ, ներկայումս Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը:

Գործն ավելի շատ հայտնի է «Սիլվայի գործ» անվանմամբ, որովհետև այս գործով ևս, ինչպես կոռուպցիոն աղմկահարույց այլ գործերով, ցուցմունք տվողը գործարար Սիլվա Համբարձումյանն է:

Այսօրվա դատական նիստը, սակայն, հետաձգվեց, քանի որ նիստին չէին ներկայացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։

Կարդացեք նաև

Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել էր դատարանին, որ չի կարող ներկայանալ՝ այլ դատական նիստին մասնակցելու պատճառով, իսկ Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով։

Ինչ վերաբերում է պաշտպան Արամ Օրբելյանին, ապա, ինչպես հայտնեց Ռոբերտ Քոչարյանը, պայմանավորվածություն կա, որ նա գալիս է միայն միջնորդություն ունենալու դեպքում։ Մյուս պաշտպանների չներկայանալու մասին նա տեղեկացված չի եղել։

Հաշվի առնելով, որ պաշտպանների բացակայության դեպքում նիստը չի կարող շարունակվել, դատարանը հետաձգեց նիստը մինչև դեկտեմբերի 6-ը։

Տեսանյութեր

Լրահոս