Ոչ համարժեք առաջադրանքներ ատեստավորման թեստերում
Հայաստանի կառավարությունը որոշել է կամավոր ատեստավորման համակարգը ներդնել նաև այլ ոլորտներում։ Այս որոշումը հապճեպ է, քանի որ դեռևս առկա չեն բավարար հիմնավորումներ՝ պնդելու, որ ուսուցիչների կամավոր ատեստացիան արդարացրել է և բերել է հաջողություններ։ Ավելին, ուսուցիչների այս տարվա մասնակցության ցուցանիշը շատ ավելի ցածր էր, քան նախորդ տարի։ Նախորդ տարի գրանցված շուրջ 1400 ուսուցչից շուրջ 1000-ը մասնակցել է ատեստացիային, այսինքն՝ շուրջ 72%-ը։ Այս տարի գրանցվել է 3886 ուսուցիչ, որոնցից ատեստավորմանը մասնակցել է 2300-ը, այսինքն՝ շուրջ 60%-ը։ Գրանցվածների 40%-ի չներկայանալը ազդանշան է, որ ինչ-որ բան այն չէ։
Փոխարենը՝ աննշան աճել է գրանցվածների ցուցանիշը։ Ըստ վիճակագրության պետական կոմիտեի տվյալների, Հայաստանի դպրոցներում աշխատում է 30253 ուսուցիչ և 7948 դասավանդող։ Դասավանդողներն այն մարդիկ, որոնք դպրոցում զբաղեցնում են վարչական պաշտոն, բայց նաև դասավանդում են։ Դասավանդողները նույնպես կարող են մասնակցել կամավոր ատեստացիային։ Այս տարի ատեստացիային չէին կարող մասնակցել 6270 դասվարները և Շախմատ առարկայի 477 ուսուցիչները։
Եթե ուսուցիչների և դասավանդողների ընդհանուր թվից հանում ենք դասվարներին, միայն Շախմատ դասավանդող ուսուցիչներին և անցած տարի առավելագույն շեմը հաղթահարած ուսուցիչներին, ապա ստացվում է, որ այս տարի ատեստացիային կարող էր մասնակցել շուրջ 31000 մանկավարժ։ Այսպիսով, այս տարի գրանցվել է մասնակցելու հնարավորություն ունեցող ուսուցիչների մոտ 12%-ը, իսկ անցած տարի՝ մոտ 9%-ը։
Ամեն դեպքում, կառավարությանը պետք է մտահոգի այն հանգամանքը, որ գրանցվել է ուսուցիչների ընդամենը 12%-ը, իսկ ատեստացիային մասնակցել է գրանցվածների միայն 60%-ը։ Սրանք չափազանց ցածր արդյունքներ են և պետք է անհանգստացնեն նախարարությանը։
Թվում էր, թե անցած տարվա արդյունքներից հետո նախարարությունը և ԳԹԿ-ն պետք է ավելի լավ պատրաստվեին։ Անցած տարի մեծ աղմուկ եղավ հատկապես Քիմիա առարկայի շուրջ։ ԵՊՀ-ում ստեղծված մասնագիտական հանձնաժողովը բացասական գնահատական տվեց Քիմիայի թեստին՝ դրանում հայտնաբերելով մասնագիտական սխալներ։ Այս տարի Քիմիայի հետ կապված էական խնդիրներ չեղան, բայց մի շարք առարկաների դեպքում արձանագրվեցին այնպիսի խնդիրներ, որոնք բավարար են ատեստացիան անվավեր ճանաչելու համար։ Նախարարությունը այդպես էլ հստակ չսահմանեց, թե ինչ է ստուգելու ատեստացիայի ժամանակ։ Նման հստակության բացակայությունը կամայականության տեղ է թողնում թեստերի հեղինակների համար։ Թեստ կազմողների նախընտրությունները, խստապահանջ կամ մեղմ լինելն ազդում են թեստերի բովանդակության վրա։ Թեստ կազմողների բնավորությունը չպետք է ազդի թեստերի բովանդակության, արդյունքում՝ ուսուցիչների աշխատավարձի վրա։ Բերենք կոնկրետ օրինակներ։
Թերևս, ամենաաղաղակող խնդիրն արձանագրվեց Պատմություն առարկայից։ Այս առարկայից ուսուցիչներին առաջարկվեց երկու տարբերակ։ Մեկը կազմել էին ԳԹԿ-ի կողմից վարձված մասնագետները, մյուսը՝ Մանկավարժական համալսարանի մասնագետները։ ԳԹԿ-ի թեստը չափազանց բարդ էր, ինչի արդյունքում Պատմություն առարկայից ուսուցիչների «կոտորած» արձանագրվեց։ Մասնակից 213 ուսուցիչներից միայն 11-ը կարողացան հաղթահարել 70%-ի շեմը։ Պատմության ուսուցիչներն այնքան վախեցան, որ Մանկավարժականի կողմից կազմակերպված ատեստացիային ներկայացան գրանցված 21 ուսուցիչներից միայն 4-ը։
Բայց պարզվեց, որ ի տարբերություն ԳԹԿ-ի թեստի, այս մեկը շատ ավելի թեթև է։ Արդյունքում, 4 մասնակիցներից 2-ը ստացան 70-ից բարձր արդյունք, մյուս 2-ը ստացան 65%-ից բարձր արդյունք։ Ստացվեց խտրական վերաբերմունք նույն առարկայի ուսուցիչների հանդեպ։ Միայն այս հանգամանքը բավարար էր, որ գործընթացը համարվի անվավեր։ Բայց մի քանի ուսուցիչներ դժգոհեցին, և այդքանով ամեն ինչ ավարտվեց։ Ցանկացած քննական գործընթացում անթույլատրելի է ոչ համարժեք տարբերակներ կազմելը։ Չափազանց բարդ էին նաև Հայոց եկեղեցու պատմություն առարկայի առաջադրանքները։ Համեմատաբար հեշտ էին Հասարակագիտություն առարկայի առաջադրանքները, ինչի արդյունքում այս առարկայից բավականին բարձր արդյունքներ արձանագրվեցին։
Անընդունելի են նաև Ֆրանսերեն առարկայի արդյունքները։ Այստեղ ոչ մի ուսուցիչ չի հաղթահարել 70%-ի շեմը։ Մասնակից 33 ուսուցիչներից միայն մեկն է կարողացել ստանալ 61% արդյունք։ Պատկերացրեք, դուք կազմակերպում եք քննություն, որի ժամանակ ոչ մի մասնակից դրական չի ստանում։
Մաթեմատիկայի այս տարվա առաջադրանքները շատ ավելի բարդ են եղել, քան նախորդ տարվա առաջադրանքները։ Մեծ դժգոհություններ կային Աշխարհագրություն առարկայի հետ կապված։ Այլ առարկաներից նույնպես եղել են դժգոհություններ։ Շատ դեպքերում առաջադրանքների ծավալը չէր համապատասխանում հատկացված ժամաքանակին։ Մի խոսքով, այս տարի ևս չհաջողվեց ատեստացիան կազմակերպել բարձր մակարդակով։
Անհրաժեշտ է հստակեցնել ատեստավորման առաջադրանքներին ներկայացվող պահանջները։ Բոլոր առարկաների թեստերը պետք է ունենան համարժեք բարդություն, այլապես խախտվում է գիտելիքների ստուգման ամենակարևոր չափանիշը՝ արդարությունը։ Մյուս տարի ատեստացիային մասնակցելու են նաև դասվարները։ Այստեղ էլ անորոշ իրավիճակ է։ Դասվարների համար հասկանալի չէ, թե ինչպես պետք է ստուգվեն իրենց գիտելիքները։
Ուրախալի է, որ վերջերս ԿԳՄՍ նախարարության ղեկավարությունը հանդիպեց ուսուցիչների խմբի հետ։ Ատեստացիան մի գործընթաց է, որը պետք է անցկացնել ուսուցիչների հետ սերտ համագործակցությամբ։ Միայն այդ ձևով նախարարությունը կարող է վաստակել ուսուցիչների վստահությունը։ Եթե համագործակցություն չլինի, ապա մյուս տարի ավելի մեծ թվով ուսուցիչներ չեն մասնակցի ատեստացիային։