Էլ ինչ պետգնում՝ առանց «Ֆակտորի փրոդաքշն»-ի. թավշյա Հայաստանը բացահայտել է այս ՍՊԸ-ի՝ նախընտրելի մատակարար լինելու վեհ առաքելությունը
168․am-ը տարբեր առիթներով և պարբերաբար անդրադառնում է «իրական», «նոր», «սպիտակ», «թափանցիկ ու թավշյա»՝ իշխանական մակդիրներով բնութագրվող Հայաստանի պետական գերատեսչությունների՝ հաճախ կոռուպցիոն ռիսկերով, ոչ մրցակցային, ԽԾԲ սկզբունքով իրականացվող գնման գործընթացներին։
Ոչ մրցակցային գնման եղանակով կնքված պայմանագրերի մասին հրապարակումներից հերթականը՝ օրերս պետգնումների էլեկտրոնային armeps համակարգում հանրայնացված Արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության և, ուշադրություն, մեզ արդեն լավ հայտնի, պետգնումներում տարբեր պետական գերատեսչությունների համար ֆավորիտ դարձած «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագիրն է։
Ի դեպ, այս պայմանագիրը վերաբերում է արդեն անցած-գնացած Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում դեռ հոկտեմբեր ամսին մատուցված ծառայություններին։ Ի մասնավորի, 67 միլիոն 504.370 դրամ արժողությամբ պայմանագրով ՍՊԸ-ն պետք է իրականացներ դեկորատիվ սեգմենտի պատրաստում և տարածքի քողարկում, տեխնիկական ապահովում և սպասարկում, տպագրական ծախսեր, բիոզուգարանների վարձակալություն և սպասարկում, տեխնիկական ու գույքային այլ ապահովումներ, ադմինիստրատիվ անձնակազմ և այլն։
Ընդսմին՝ միայն այս տարի այս ՍՊԸ-ի հետ կնքվել է տասնյակ-միլիոնավոր դրամների 5 պայմանագիր, որոնցից 4-ը՝ մեկ անձից եղանակով։ Գնումներից երկուսի պատվիրատուն ԱԳՆ արարողակարգի ծառայությունն է (ներառյալ՝ մեր կողմից հրապարակված այս՝ նոյեմբերի 12-ով թվագրված պայմանագիրը), մյուս երկուսինը՝ Երևանի քաղաքապետարանը, և ևս 1 պայմանագրի պատվիրատուն վարչապետի աշխատակազմն է։
Առհասարակ, ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների՝ 2017 թվականից գրանցված ընկերությունը միայն 2018 թվականի օգոստոսից է սկսել նվաճել պետական գերատեսչությունների սրտերը՝ արագ-արագ, հիմնականում մեկ անձից, տեղ-տեղ նաև՝ հրատապ մեկ անձից և դրամաշնորհի ընթացակարգերով պայմանագրեր կնքելով նրանց հետ։
Այս տարիների ընթացքում ընկերության և ԱԳՆ-ի միջև կնքված ու հանրայնացված 3 և ԱԳՆ պետական արարողակարգի հետ կնքված 11 պայմանագրերը կնքվել են ՄԱ՝ մեկ անձից գնման ոչ մրցակցային, առանց մրցույթի եղանակով։
Ավելի վաղ 168.am-ն անդրադարձել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության ու ԱԳՆ նախարարության պետական արարողակարգի ծառայության՝ գնումների բազային միավորը՝ 1 միլիոն դրամը գերազանցող մեկ անձից ընթացակարգով արված տասնյակ գնումներին, այդ թվում՝ ԵԱՏՄ միջոցառումների շրջանակներում։
«Ֆակտորի Փրոդաքշն» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի հունիսի 29-ին։ Հիմնադիրներն են Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանը: 2021թ․ նոյեմբեր ամսից ընկերության 100 բաժնեմասը պատկանում է Ռուդիկ Տեր-Գալստյանին:
Ռուդիկ Տեր-Գալստյանն ու Վազգեն Պողոսյանի ընկերության, «Շարմ հոլդինգ»-ի հետ նրանց սերտ կապերի մասին ժամանակին բազմիցս է գրվել մամուլում, նրանք նաև գործընկերներ էին, երբ աշխատում էին Հանրային Հեռուստաընկերությունում: Ռուդիկ Տեր-Գալստյանը համատեղության կարգով նաև Վազգեն Պողոսյանի համակուրսեցին ու սանիկն է։
2021 թվականի դեկտեմբերի 2-ին Վազգեն Պողոսյանը նշանակվել էր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի օգնական, Վահագն Խաչատուրյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո՝ 2022 թ. մարտի 18-ին, Պողոսյանն ազատվել էր աշխատանքից: Այժմ նա հանդիսանում է միայն Background Production-ի հիմնադիր գործադիր տնօրենը: