«Ադրբեջանի նպատակը օկուպացրած տարածքների մասով լեգիտիմացում ստանալն է». Տիգրան Աբրահամյան
Երեկ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երբ Ադրբեջանին ասում են՝ դուրս բեր զորքերը ՀՀ օկուպացրած տարածքներից, Ադրբեջանը պատասխանում է, որ Հայաստանում էլ «ադրբեջանական տարածքներ» կան։ Փաշինյանը նաև հավելեց, որ Հայաստանը պատրաստ է լսել, թե դրանք որ տարածքներն են։
Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քատուղար Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությանը՝ նշեց, որ Ադրբեջանը Հայաստանի հետ դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը տեսնում է 1919-1920 թվականների քարտեզներով։
«Այդ ժամանակահատվածում կոնկրետ որոշումներ չկան սահմանային խնդիրների կարգավորման առումով, սակայն դա մի իրավիճակ էր, երբ գրեթե ամեն ամիս կամ եռամսյակը մեկ իրավիճակ էր փոխվում՝ տարբեր պայմանագրերով նախատեսված։ Կարծում եմ՝ Ադրբեջանի իրական նպատակն իր համար ստեղծված իրավիճակն օգտագործելն է և դիրքավորվելն այն դիրքերում, որոնք այս պահին իրենց համար համարում են բարենպաստ։ Շատ է խոսվում հատկապես վերջին ագրեսիայի ժամանակ, 2021 թվականին երկու անգամ Հայաստանի նկատմամբ ագրեսիայից հետո ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի բռնազավթված տարածքների մասին, բայց Ադրբեջանի նպատակն է դեմարկացիայի և դելիմիտացիայի համար վերցնել այնպիսի մի ժամանակահատված, որը հեղհեղուկ է, և լեգիտիմացնել ՀՀ բռնազավթված տարածքների հարցը»,- ընդգծեց Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում