![](/banners/BeFunky-design.jpg)
Թե Հրաչն ինչ գիտի՝ ագրեսորն ինչ ա…
![](https://168.am/wp-content/uploads/2022/11/315535903_3407000162880490_3360613241492027789_n.jpg)
Երկու օր առաջ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանն «Ազատություն» ռադիոկայանի հեռուստաեթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, իր պատկերացմամբ հետաքրքիր համեմատություն էր արել.
«Երբ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, մենք էդ հակամարտության մեջ, կարելի է համեմատական տանել, էսպես, աշխարհի աչքերում մենք Ռուսաստանն էինք, Ադրբեջանը էդ ժամանակ Ուկրաինան էր, և աջակցությունը միջազգային հանրության էդ ձևով էր տրվում մեզ, այսինքն՝ մեզ մեղադրում էին՝ որպես… իրենց աչքերում համենայն դեպս մենք ագրեսոր երկիր էինք, որը գրավել է այլ երկրի տարածքներ»,- հայտարարել է աներձագ ՔՊ-ական պատգամավորը:
Տարօրինակ զուգադիպությամբ Թուրքիան և Ադրբեջանը ևս ջանք չեն խնայում Հայաստանը որպես ագրեսոր պետություն ներկայացնելու ուղղությամբ:
Վերջերս ՀՀ նախկին փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Պրեսսինգ» հաղորդաշարում մանրամասն պարզաբանել https://168.am/2022/11/09/1793710.html էր, թե գործող իշխանությունները Ալիև-Էրդողան տանդեմի հետ ինչ վտանգավոր «խաղեր են» խաղում մեր պետության գլխին՝ Հայաստանը ներկայացնելով որպես ագրեսոր երկիր, և թե ինչ սարսափելի և կործանարար հետևանքներ դա կունենա.
«Եթե խնդիրը վերաբերում է ինքնորոշմանը, ապա ստացվում է, որ ագրեսորն Ադրբեջանն է, որը, ի պատասխան Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման՝ դիմել է ուժային քաղաքականության, ինչը սկզբից արտահայտվել է բռնի տեղահանումներով, զանգվածային ջարդերով՝ Սումգայիթ, Բաքու, և այլն, և լայնածավալ ռազմական ագրեսիայով՝ ինքնորոշված ԼՂ-ի դեմ։ Եթե Հայաստանը կամովին հրաժարվում է ինքնորոշումից, նշաձողն իջեցնում է, դա ոչ այլ ինչ է, քան ինքն իր վրա վերցնում է «ագրեսորի» պիտակը: Ագրեսորը պետք է պատժվի, առաջինը` ագրեսոր պետության էթնիկ բնակչության վտարումը, բռնի տեղահանումն է. ամենատիպիկ օրինակը Գերմանիան է (Երկրորդ աշխարհամարտից հետո տարբեր երկրներից տեղահանված գերմանացիների թիվը 12-14 միլիոն էր): Երկրորդ՝ տարածքներով հատուցում. բազմաթիվ այդպիսի նախադեպեր (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան) կան: Փաստ եմ արձանագրում, որ եթե կա վնաս, որի համար պետք է փոխհատուցել գումարով կամ այլ միջոցով, դրա փոխարեն կարող է պահանջվի տարածք: Հաջորդը՝ ռեպարացիաներ. եթե միջազգային իրավունքը խախտվել է որևէ սուբյեկտի կողմից, ապա այն վնասը, որը հասցրել է, պետք է փոխհատուցվի, առավելևս՝ ագրեսիայի դեպքում: Թուրքիան և Ադրբեջանն իրենց բոլոր քայլերն ուղղել են Հայաստանը որպես ագրեսոր պետություն ամրագրելու և պատժելու գործընթացին, և ցավալին այն է, որ այդ գործում իրենց աջակից է ՀՀ ներկա իշխանությունը»,- հայտարարել էր ՀՀ նախկին փոխարտգործնախարարը:
Շավարշ Քոչարյանը չէր սխալվում. Հայաստանի գործող իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների, հրաժարվելով Արցախի ինքնորոշման իրավունքից, համաձայնում են Ալիև-Էրդողան տանդեմի կողմից տարվող քարոզչության հետ, որի արդյունքում միջազգային հանրության մի զգալի հատված համարում է, որ Արցախում Հայաստանն ագրեսոր է եղել: