Եթե ՀՀ-ն կամովին հրաժարվում է ինքնորոշումից, դա ոչ այլ ինչ է, քան՝ իր վրա վերցնել «ագրեսորի» պիտակը․ Շավարշ Քոչարյան
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հրավիրած՝ «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով համատեղ հանրային քննարկման ժամանակ ԱԳ նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձավ Արցախի ինքնորոշումից հրաժարվելու վտանգներին:
Շավարշ Քոչարյանն իր ելույթի նախաբանում հիշեցրեց, որ Արցախյան հակամարտության սկզբից ի վեր եղել է երկու դիրքորոշում՝ հայկական կողմերի դիրքորոշումը, որի շեշտը դրվել է ինքնորոշման իրավունքի վրա, և ադրբեջանական կողմի՝ տարածքային ամբողջականության վրա:
«Տեղի է ունեցել հակամարտություն, եղել են հազարավոր զոհեր, ավերածություններ, ո՞վ է դրա համար պատասխանատու։
Եթե խնդիրը վերաբերում է ինքնորոշմանը, ապա ստացվում է, որ ագրեսորն Ադրբեջանն է, որը, ի պատասխան Արցախի ժողովրդի իրացված ինքնորոշման՝ դիմել է ուժային քաղաքականության, ինչը սկզբից արտահայտվել է բռնի տեղահանումներով, զանգվածային ջարդերով՝ Սումգայիթ, Բաքու, և այլն, և լայնածավալ ռազմական ագրեսիայով՝ ինքնորոշված ԼՂ-ի դեմ։
Եթե սա տարածքային վեճ է, ապա Հայաստանին շատ դժվար է պաշտպանվել «ագրեսոր» պիտակից: Եթե ՀՀ-ն կամովին հրաժարվում է ինքնորոշումից, նշաձողն իջեցնում է, դա ոչ այլ ինչ է, քան ինքն իր վրա վերցնում է «ագրեսորի պիտակը»»,- այս համատեքստում պարզաբանեց նա:
ԱԳ նախկին փոխնախարարը մանրամասնեց, թե ինչ հետևանքներ ունի հակամարտության «ագրեսորի» պիտակն ունենալը:
«Ագրեսորը պետք է պատժվի,- հակիրճ ձևակերպեց Շավարշ Քոչարյանը, ապա ներկայացրեց այն պատժելու ձևերը, որոնք կիրառվել են միջազգային պրակտիկայում,- Առաջինը` ագրեսոր պետության էթնիկ բնակչության վտարումը, բռնի տեղահանումն է. ամենատիպիկ օրինակը Գերմանիան է (Երկրորդ աշխարհամարտից հետո տարբեր երկրներից տեղահանված գերմանացիները թիվը 12-14 միլիոն էր):
Երկրորդ՝ տարածքներով հատուցում. բազմաթիվ այդպիսի նախադեպեր (Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան) կան: Փաստ եմ արձանագրում, որ եթե կա վնաս, որի համար պետք է փոխհատուցել գումարով կամ այլ միջոցով, դրա փոխարեն կարող է պահանջվի տարածք:
Հաջորդը՝ ռեպարացիաներ. եթե միջազգային իրավունքը խախտվել է որևէ սուբյեկտի կողմից, ապա այն վնասը, որը հասցրել է, պետք է փոխհատուցվի, առավելևս՝ ագրեսիայի դեպքում»:
Շավարշ Քոչարյանը հավելեց, որ ագրեսոր ճանաչված պետության առջև նաև սահմանափակումներ են դրվում ռազմական ոլորտում, ինչն առնչվում է ռազմարդյունաբերությանը, բանակին, զինտեխնիկային, քվոտաներ, նաև զենք գնելուն, և սահմանվում է ներքին կյանքի վերահսկողություն, որ ռևանշիզմը գլուխ չբարձրացնի:
Այս համատեքստում հիշեցրեց նաև Ալիևի հայտարարությունները՝ Հայաստանին զենք չվաճառելու, բանակ չունենալու մասին, և հավելեց.
«Թուրքիան և Ադրբեջանն իրենց բոլոր քայլերն ուղղել են Հայաստանը որպես ագրեսոր պետություն ամրագրելու և պատժելու գործընթացին, և ցավալին այն է, որ այդ գործում իրենց աջակից է ՀՀ ներկա իշխանությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում