Դատախազությունն ու Քննչական կոմիտեն պասերով են խաղում. վստահ եմ՝ հիմա հետին թվով մեղադրանք են գրում ինձ. Արմեն Աշոտյան
«Այս հարցը ես դիտարկում եմ երկրի շուրջ ու երկրի ներսում եղած բազմաթիվ մարտահրավերների շրջանակներում»,- այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գրասենյակում հրավիրած հրատապ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով այսօր գիշերը ՀՀ-ից իր ելքն արգելափակելու խնդրին:
Ներկայացնելով իրավիճակը՝ Արմեն Աշոտյանն ասաց, որ հերթական անգամ պիտի մեկներ՝ մասնակցելու եվրոպական ամենախոշոր կուսակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական համաժողովին, որը պետք է կայանա Լիսաբոնում: Նա նշեց, որ իր ելույթների 99%-ը նվիրված էր լինելու Արցախի խնդրին:
«Մոտավորապես ժամը 3-ին, երբ մոտեցա անձնագրային ստուգման կետին, ԱԱԾ աշխատակիցները շատ սիրալիր ողջունեցին, ու այն աշխատակցի դեմքին, որ պատրաստվում էր խփել կնիքը, հանկարծ զարմանք գծագրվեց: Ես մի 15-20 րոպե ստիպված եղա սպասել, որովհետև ակնհայտ էր, որ նրանց համար էլ էր անակնկալ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Նրա խոսքով՝ կես ժամ անց իրավապահները ներողություն են խնդրել ու ասել, որ իրեն չեն կարող թույլատրել լքել Հայաստանը, քանի որ իրենց ասել են՝ Աշոտյանը մեղադրյալ է ինչ-որ գործով:
«Ինձ փոխանցեցին հեռախոսահամար, որը, պարզվեց, Քննչական կոմիտեի քննիչներից մեկի հեռախոսահամարն էր, ով քննում է Բժշկական համալսարանի հետ կապված վերջին, քաղաքական սկանդալի վերածված գործը: Ուզում եմ հատուկ շեշտել, որ ԱԱԾ աշխատակիցներն օդանավակայանում իրենց պահում էին շատ կոռեկտ, օրենքին համապատասխան, և ակնհայտ էր, որ խնդիրը եկել է ՔԿ-Դատախազություն սիամական երկվորյակների վերածված դուետից»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ շեշտելով՝ ինքը որևէ գործով մեղադրյալ չէ և ծանուցված չէ, որ մեղադրյալ է:
Վերջինս հավելեց նաև, որ իր նկատմամբ ընտրված չկա նաև խափանման միջոց, հետևաբար չհեռանալու արգելք՝ նույնպես:
«Եթե ես այդքան մեծ հանցագործ եմ, ապա ակնհայտ էր, որ հենց տեղում պետք է հրավիրվեին իրավապահ համակարգի աշխատակիցներ, որ ինձ ձերբակալեին: Այդպիսի գործողություն նույնպես չի եղել: Ինձ ազատ թողեցին՝ գնամ, ուղեբեռս հետ ստանամ և շվարած հասնեմ տուն: Դատախազության և ՔԿ ղեկավարներն իրենց գլխից մեծ բողկ են կերել, և նման մեծ բողկ մեր երկրում կարող է ուտել միայն մեկ պայմանական ասած մարդ: Դա Նիկոլ Փաշինյանն է»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
Ըստ նրա՝ եթե այս գործով քիչ էր մնում բաց միջազգային մրցույթ հայտարարեն ու դրամական պարգև խոստանան «Ո՞վ գործ կտա Արմեն Աշոտյանի դեմ» թեմայով, բայց դա արվում էր ՔԿ ղեկավարի կողմից, ապա սա արվել է Նիկոլ Փաշինյանի կողմից:
«Մենք այստեղ տեսնում ենք առնվազն պաշտոնական դիրքի չարաշահում: Քրեական գործի հետ կապված մեր հակընդդեմ հայցը պատրաստվելու է ըստ ամենայնի»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ իր առաջին ահազանգերի հիմքում ընկած էր մարդկանց ապօրինաբար բերման ենթարկելու, հոգեբանական տեռորի ենթարկելու միջոցով իր դեմ կեղծ ցուցմունք կորզելու փաստը:
«Հանրային աղմուկ բարձրացնելու իմաստն այդ մարդկանց պաշտպանելն էր: Ինձ համար շատ ավելի հեշտ է, որ ինձ ձերբակալեն, կալանավորեն: Դա իմ խաչն է: Ես իմ խաչը կարող եմ տանել ու տարել եմ պատվով, բայց երբ որ իմ պատճառով ուզում են խաչել ուրիշներին, ես ունեմ խղճի խայթ, բարոյական իմպերատիվներ, որոնց նկատմամբ ունեմ թուլություն»,- ասաց Արմեն Աշոտյանը:
ՀՀԿ փոխնախագահը պնդում է՝ Դատախազությունն ու Քննչական կոմիտեն պասերով են խաղում:
«Ես վստահ եմ՝ հիմա հետին թվով մեղադրանք են գրում ինձ, որովհետև օդանավակայանում մեղադրանք չկար: Բոլոր դեպքերում անգամ այդ հետին թվով մեղադրանքը չի հանելու խափանման միջոցի ապօրինի կիրառման հարցը: Դա չեն կարող սվաղել, եթե անգամ գլխավոր դատախազուհին, որը մեծ փորձ ունի, այսպես կոչված, մարդու երբեմնի խորհրդական եղած ժամանակ քրեական գործերով միջամտելու, հիմա էլ որպես գլխավոր դատախազ՝ անձամբ նստի, սկսի էդ տեքստը գրել, թե ինձ ինչում է պետք մեղադրել»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում