Բաժիններ՝

Ոստիկանությունը 30-օրյա ժամկետ է խնդրել

168.am-ն ահազանգեր է ստանում մայրաքաղաքի և մարզերի բնակիչներից առ այն, որ նրանց չեն տրամադրվում նույնականացման քարտեր:

Մասնավորապես, մեզ տեղեկացնում են, որ անձնագրային տարածքային մարմինները նույնականացման քարտեր չեն տրամադրում, և անգամ Գյումրիից, օրինակ, իրենց ուղարկում են Երևան՝ Դավթաշենում գտնվող անձնագրերի և վիզաների վարչություն՝ նույնականացման քարտեր ստանալու համար այնտեղ դիմելու նպատակով, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջ բերում ազգաբնակչության համար:

Նույնականացման քարտերի տրամադրման խոչընդոտները նաև խնդիրներ են առաջացնում բիզնեսի համար, և, օրինակ, «ԱՁ»-ները, որոնք գրանցված են նույնականացման քարտերով, լուրջ խնդիրների առաջ են կանգնում:

168.am-ը գրավոր հարցմամբ նոյեմբերի 10-ին դիմել էր Ոստիկանություն՝ ցանկանալով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝

Կարդացեք նաև

1. Ինչո՞ւ են անձնագրային տարածքային բաժինները հրաժարվում տրամադրել նույնականացման քարտեր, ինչո՞ւ են մարդկանց ուղղորդում Դավթաշենի անձնագրային բաժանմունք:

2. Առհասարակ ի՞նչ խնդիրներ կան՝ կապված նույնականացման քարտերի տրամադրման հետ:

Սահմանված ժամկետում ստացել ենք պատասխան այն մասին, որ մեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում:

Պատասխանից թեև այդքան էլ պարզ չէր, թե 30-օրյա ժամկետ պարզ հարցի վերաբերյալ ինչո՞ւ են ուզում, բայց մենք, այնուամենայնիվ, կսպասենք մեր հարցերի պատասխանին:

Միայն թե իսկապես բարդ է հասկանալ՝ այդքան դժվար է տեղեկությո՞ւնը ստուգել, թե՞ պատասխանել, այնուամենայնիվ, ինչո՞ւ չեն տրամադրվում նույնականացման քարտեր:

Տեսանյութեր

Լրահոս