Բաժիններ՝

Ինչո՞ւ չեն տրամադրվում նույնականացման քարտեր, ի՞նչ պետք է անեն տնտեսվարողները. Անձնագրերի և վիզաների վարչության պարզաբանումը

Երեկ տեղեկացրել ենք, որ 168.am-ը ահազանգեր է ստանում մայրաքաղաքի և մարզերի բնակիչներից առ այն, որ նրանց չեն տրամադրվում նույնականացման քարտեր:

Մասնավորապես, մեզ տեղեկացնում են, որ անձնագրային տարածքային մարմինները նույնականացման քարտեր չեն տրամադրում, և անգամ Գյումրիից, օրինակ, իրենց ուղարկում են Երևան՝ Դավթաշենում գտնվող անձնագրերի և վիզաների վարչություն՝ նույնականացման քարտեր ստանալու համար այնտեղ դիմելու նպատակով, ինչը լրացուցիչ խնդիրներ է առաջ բերում ազգաբնակչության համար:

Նույնականացման քարտերի տրամադրման խոչընդոտները նաև խնդիրներ են առաջացնում բիզնեսի համար, և, օրինակ, «ԱՁ»-ները, որոնք գրանցված են նույնականացման քարտերով, լուրջ խնդիրների առաջ են կանգնում:

168.am-ը գրավոր հարցմամբ նոյեմբերի 10-ին դիմել էր Ոստիկանություն՝ ցանկանալով ստանալ հետևյալ հարցերի պատասխանները՝

Կարդացեք նաև

1. Ինչո՞ւ են անձնագրային տարածքային բաժինները հրաժարվում տրամադրել նույնականացման քարտեր, ինչո՞ւ են մարդկանց ուղղորդում Դավթաշենի անձնագրային բաժանմունք:

2. Առհասարակ ի՞նչ խնդիրներ կան՝ կապված նույնականացման քարտերի տրամադրման հետ:

Սահմանված ժամկետում ստացել ենք պատասխան այն մասին, որ մեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում:

Պատասխանից թեև այդքան էլ պարզ չէր, թե 30-օրյա ժամկետ պարզ հարցի վերաբերյալ ինչո՞ւ են ուզում, բայց մենք, այնուամենայնիվ, կսպասենք մեր հարցերի պատասխանին: Իրականում բարդ էր հասկանալ՝ այդքան դժվար է տեղեկությո՞ւնը ստուգել, թե՞ պատասխանել, այնուամենայնիվ, ինչո՞ւ չեն տրամադրվում նույնականացման քարտեր:

Մեր հրապարակումից մեկ օր անց Ոստիկանությունը 168.am-ին տրամադրեց ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տրամադրած տեղեկատվությունը.

Ըստ այդմ՝ ՀՀ ոստիկանությունը ներկայումս շրջանառության մեջ է դրել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթ, որը պայմանավորված է ՀՀ-ում անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման նպատակով իրականացվող բարեփոխումներով, որի արդյունքում փոփոխվելու է նաև նույնականացման քարտերի էլեկտրոնային պահոցի նկարագրությունը:

«Վերոգրյալով պայմանավորված՝ ԱՎ վարչության կողմից ներկա պահին նույնականացման քարտեր տրամադրվում են որոշակի սահմանափակումներով և միայն այն անձանց, ովքեր իրականացնում են այնպիսի գործունեություն, որի համար օրենսդրությամբ սահմանված է էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման անհրաժեշտություն: Նշված անձանց նույնականացման քարտեր տրամադրում են նաև տարածքային անձնագրային ծառայությունները, իսկ ԱՎ վարչություն ուղղորդում են միայն այն դեպքում, երբ ծառայությունում առկա է լինում կապի խափանում»,- ասված էր Ոստիկանությունից ստացված պատասխանի մեջ:

Այս առումով հարկ էին համարել նշել նաև, որ 2023 թ. հունվարի 1-ից հետո բոլոր այն ոլորտներում, որոնց գործունեությունը կանոնակարգող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված է էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման անհրաժեշտություն, նույնականացման քարտի կիրառմամբ էլեկտրոնային թվային ստորագրության փոխարեն քաղաքացիներն իրենց իրավունքները պետք է իրացնեն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի թիվ 572-Ն որոշմամբ սահմանված կարգով` «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ից բջջային էլեկտրոնային թվային ստորագրություն ստանալու եղանակով, քանի որ ՀՀ տարածքում շահագործվող էլեկտրոնային համակարգերն ունեն բջջային էլեկտրոնային թվային ստորագրությամբ էլեկտրոնային ծառայություններ հայցելու և ստանալու տեխնիկական հնարավորություն և հասանելիություն:

Տեսանյութեր

Լրահոս