«Ոստիկանությանը գաղտնալսման հնարավորություն ենք տվել, բայց հաշտ չենք, որ դեռ տենդերի հարց են քննարկում». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ բյուջեում էական աճը տրվել է պաշտպանական գերատեսչությանը, ինչը բնական է։

«Պատերազմից հետո պաշտպանական գերատեսչությունը պետք է նոր ձևակերպումներ տար ու նոր մոտեցումներ ցուցաբերեր բանակի վիճակին, բանակի կրթությանը, սպառազինությանը և դրանից բխող ծախսային մասերին։

ՊՆ-ն վերջին քնարկումների ժամանակ ռազմավարությանը վերաբերող՝ կանանց դերի բարձրացման առաջնորդության խնդիր է դրել և շուտով 2023 թվականին դուք կզարմանաք կանանց ներգրավվումից բանակում, և դա գրավիչ կլինի մյուս բոլոր պետական կառույցների համար ևս։ Շատ կարևոր է, որպեսզի կանայք այնպիսի ներգրավվածություն ունենան, որպեսզի տղամարդիկ բանակում գոնե մի քիչ ձգված լինեն»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Ըստ նրա, իր գլխավորած Պաշտպանության հանձնաժողովը հիմնականում համերաշխ է բյուջեի տվյալ կառուցվածքի հետ և վերապահումներ ունի անվտանգության վերաբերյալ որոշ հարցերի առնչությամբ, որոնք առաջացան փակ մասի քննարկման ժամանակ։

Կարդացեք նաև

Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում նաև դժգոհեց ընդդիմությունից, ովքեր բացակայում էին դահլիճից, ըստ նրա, չպետք է ընդդիմությունը գա գրանցվի ու «դասից փախնի», քանի որ ԱԺ-ն այն տեղն է, որտեղ պետք է ստեղծեն համերաշխության միջավայր։

«Փաստորեն, իրենք համերաշխ չեն բանակում աշխատավարձերի բարձրացմանը՝ հենված կրթության վրա, բանակի երիտասարդացմանը, շարքային անձնակազմին առաջին հերթին։ Հիմա իրենք կզարմանան, որ գալու է նախագիծ, ըստ որի՝ բանակում տարիքով անձնակազմին ըստ նախարարության անհրաժեշտության՝ օգտագործելու իրավական հնարավորություն է տրվելու։ Շատ հարցեր կան, որոնք մենք միասին պետք է անցնենք»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը։

Սրան զուգահեռ՝ Անդրանիկ Քոչարյանը նաև ընդգծեց, որ բյուջեում կան որոշակի կետեր, որոնց հետ իրենք համերաշխ չեն։ Մանրամասնելով՝ իշխանական պատգամավորը նկատեց.

«Մենք ոստիկանությանը երկու տարուց ավելի գաղտնալսման մեխանիզմի հնարավորություն ենք տվել՝ օրենսդրորեն, որը մինչև այժմ այդպես էլ իրացված չէր։ Բայց երբ մենք հարց էինք տալիս ոստիկանապետի տեղակալին, չնայած պետք է ոստիկանապետին տայինք, բայց այդպես ստացվեց, տեղակալն ասաց, որ տենդեր են հայտարարել, բայց մեզ համար այդպես էլ պարզ չեղավ, թե ի՞նչ գումարի մասին է  խոսքը։ Ֆինանսների փոխնախարարին խնդրեցի, նա ասաց, որ տեխնիկական միջոցների համար լավ միջոցներ կա հատկացված՝ 2,8 մլրդ։ Մենք հետևողական ենք լինելու տենդերի բոլոր գործընթացներն իրականություն դարձնելու համար»,- եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս