
Բլինքենը Փաշինյանին կոչ է արել պահպանել խաղաղ բանակցությունների թափը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր թվիթերյան էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին: Նա մասնավորապես գրել է. «Վարչապետ Փաշինյանին հորդորել եմ նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում կայացած արտգործնախարարների հանդիպումից հետո պահպանել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունների ընթացքը: Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում այդ ջանքերին», – գրել է ԱՄՆ պետքարտուղարը:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ: Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել քննարկումները տարածաշրջանում անվտանգության և կայունության մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերի, այդ թվում՝ հումանիտար հարցերի կարգավորման վերաբերյալ: