Բաժիններ՝

Անհայտ կորած պրոֆեսորի մարմինը հայտնաբերվել է անապատում երկու ամիս անց

Երկու ամիս առաջ անհետացած բրիտանացի աստղաֆիզիկոսի մարմինը հայտնաբերվել է Չիլիի Ատակամա անապատի Լա Սիլլա աստղադիտարանից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ուորվիքի համալսարանի 60-ամյա աստղաֆիզիկոս Թոմաս Ռիչարդ Մարշը, անանուն ուսանողի հետ միասին, գործուղվել է աստղադիտարան՝ հզոր աստղադիտակներով գիշերային երկինքն ուսումնասիրելու համար: Երբ Չիլի ժամանելուց երկու օր անց Մարշը չի ներկայացել դիտարկումների մեկնարկին, ուսանողն ահազանգել է:

Ոստիկանները Մարշի սենյակում հայտնաբերել են վերջինիս հագուստն ու անձնական իրերը։ Մի քանի շաբաթ լեռներում որոնողական աշխատանքներ են տարվել, որին մասնակցել են բարձր որակավորում ունեցող փրկարարներ։ Տեղի ոստիկանությունն ի վերջո հաստատել է, որ տղամարդուն մահացած են գտել աստղադիտարանից երեք կիլոմետր հեռավորության վրա։ Մահվան պատճառի մասին չի հաղորդվում։

Մարշի ընտանիքը Չիլիում է և օգնում է հետաքննությանը։ Դիակի ինքնությունը դեռ պարզված չէ։

Համալսարանի խոսնակ Քրիս Էննուն հայտարարել է, որ սա խորապես տխուր լուր է պրոֆեսորի ընտանիքի համար: «Սա սարսափելի ժամանակ է նրա գործընկերների համար, ովքեր ճանաչում էին Թոմին՝ որպես մտերիմ ընկեր և ոգեշնչող ուսուցիչ»,- շեշտել է նա։

Լա Սիլլան աստղադիտարան է, որը հագեցած է երեք աստղադիտակներով։ Համարվում է Հարավային կիսագնդի ամենամեծ աստղադիտարաններից մեկը։ Այն գտնվում է Ատակամա անապատի Լա Սերենա քաղաքից 150 կիլոմետր հյուսիս-արևելք։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Rodrigo Garrido / Reuters

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս