«Ընդդիմությունը պետք է վեր հանի գործող իշխանության այս կամ այն բնագավառում թույլ տված սխալները». Հովիկ Աղազարյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի խոսքով՝ ընդդիմության և իշխանության դասական համագործակցությունը կայանում է հակասությունների մեջ։

«Ընդդիմությունն ինքը հանդիսանում է իշխանության մաս, ընդ որում՝ կարևոր մաս։ Ընդդիմությունը պետք է վեր հանի գործող իշխանության այս կամ այն բնագավառում թույլ տված սխալները, հետագայում այդ սխալների նկատմամբ ունեցած իրենց վերաբերմունքը վերագրի իր քաղաքական ակտիվին, որ հերթական կամ արտահերթ ընտրություններում ներկայանա ժողովրդին և հաջողություն արձանագրի։ Եվ հակառակը՝ իշխանությունն էլ աշխատում է այնպես անել, որ ընդդիմությանը քիչ հնարավորություն տա իր վրա խոսելու, ինչից շահում է գործը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հովիկ Աղազարյանը։

Ըստ իշխանական պատգամավորի, բոլորն էլ գիտեն` ով է Նիկոլ Փաշինյանը։

«Գիտեն, թե ով է Նիկոլ Փաշինյանը, իր նշանակությունը թիմի… Նիկոլ Փաշինյանն անառարկելի հեղինակություն ունեցող քաղաքական գործիչ է»,- շեշտեց Հովիկ Աղազարյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է բանակցություններին, Հովիկ Աղազարյանն ասաց, որ բանակցություններից գոհ չէ, գոհ չեն նաև Փաշինյանը, Ալիևը, Մակրոնը, Պուտինը, սակայն այդ բանակցությունները պետք են։

«Բանակցությունները ես կարևորում եմ հետևյալ հանգամանքով, որ մենք կարողացանք աշխարհին ցույց տալ, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները պետք է տարանջատել Արցախ-Ադրբեջան հարաբերություններից, քանի որ Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է, հայտարարել է իր անկախության մասին, և բոլորը պարտավոր են հարգել իրենց այդ իրավունքը։

Ես չեմ հրաժարվում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից և ես՝ որպես պատգամավոր, պարտավոր եմ ամեն ինչ անել Արցախի ժողովրդի, մեր հայրենակիցների ինքորոշման իրավունքի իրացման համար»,- շեշտեց նա։

Նրա կարծիքով՝ թշնամու զինված ուժերի ներկայացուցիչներին ՀՀ սուվերեն տարածքից հեռացնելը հեշտ խնդիր չէ, բայց ժամանակի ընթացքում այդ հարցն էլ կլուծվի։

Տեսանյութեր

Լրահոս