«Կմասնակցենք Արցախին և անվտանգությանը վերաբերող նիստերին». Գեղամ Մանուկյան
«Մենք խորհրդարանից չէինք հեռացել, որ վերադառնայինք, պարզապես ԱԺ լիագումար նիստերին չենք մասնակցելու, կմասնակցենք բոլոր այն հարցերին, որոնք համարում ենք մեր օրակարգը, որն ազգային, անվտանգային, ռազմավարական, Արցախին վերաբերող հարցեր են։
Պետք է հիշեցնեմ նաև, որ խորհրդարանի բոյկոտի մասին հայտարարություն եղավ, որը ոչ թե պատահական, ինչ-որ մեկ օր որոշեցինք, այլ ԱԺ-ում նախաձեռնեցինք արտահերթ նիստ՝ հայտարարություն ընդունելու համար, որովհետև նախանշում էինք այն բոլոր «կարմիր գծերը», որոնք վերաբերում էին բանակցային գործընթացին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ըստ պատգամավորի, իրենց գործիքակազմում շարունակում է մնալ նիստեր հրավիրելու հարցը։ Նրա կարծիքով՝ նախորդ քառօրյային որևէ մեկի համար զարմանալի կամ անակնկալ չէր, որ «Հայաստան» խմբակցության շատ պատգամավորներ մասնակցեցին հայտարարության ժամին՝ հանդես գալով հայտարարություններով, որն էլ իշխանությունը ձևախեղում է՝ ներկայացնելով, թե Զատուլինին էր նվիրված։
«Այնպես չէ, որ մեր ֆրակցիան միշտ 29 հոգով է ներկա լինելու, պայմանական եմ ասում, եթե, օրինակ, վաղը գանք նիստերին, ապա Արմեն Ռուստամյանը ներկա չի լինելու, որովհետև նա գործուղման է։ Ֆրակցիայում որոշումը միասնաբար են կայացնում և բոլորի համար պարտադիր»,- ընդգծեց Գեղամ Մանուկյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում