Պեմզաշենը ցնցված է երիտասարդ մոր և երեխաների դաժան սպանության բոթից
Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում սուգ է։ Ամբողջ գյուղը հավաքվել էր գյուղամիջում՝ վերջին հրաժեշտը տալու նոյեմբերի 9-ին սպանված 31-ամյա Զարինեին, նրա 12-ամյա դստերը և 8-ամյա որդուն։
Սգո սրահի մուտքի մոտ կողք կողքի դրված են մոր և երեխաների դագաղների սպիտակ կափարիչները: Դրանց կողքին հերթով դասավորված են ծաղկեպսակները, թե մեծերի, թե փոքրերի կողմից։ Երեխաների դասընկերներն էին իրենց կողմից ծաղկեպսակներ դրել։
Տարածքում հերթապահում են շտապօգնության մեքենաները, նաև ոստիկանները։
Փողոցում հավաքված մարդիկ լուռ սգում են ու չեն համակերպվում կատարվածի հետ։
Համագյուղացիներից Էմմա Սաղոյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Զարինեից ոչ մի վատ բան չեն տեսել, համեստ, շնորհքով աղջիկ էր։ Պատմում է՝ երբ մահվան լուրը տարածվել է, մտածել են՝ գազի արտահոսք է եղել, որևէ մեկի մտքով անգամ չէր անցնում, որ նման դաժանությամբ սպանություն կարող էր տեղի ունենալ․
«Սկզբից, որ իմացանք լուրը, ցնցված էինք։ Առաջին խոսակցությունը եղավ, ասացին՝ տունն են մահացած գտել, մտածեցինք՝ երևի գազի արտահոսք է եղել, դրանից են խեղդվել։ Հետո նոր այդ դաժան լուրն ի հայտ եկավ։ Սաղ գեղով շոկի մեջ ենք, առաջին դեպքն է, որ գյուղում այսպիսի դեպք պատահեց։ Չգիտենք՝ հետևանքներն ի՞նչ կլինի, հանցագործին կգտնե՞ն, չե՞ն գտնի․․․
Ժողովուրդը վախեցած է, ով դուռ չէր փակում, հիմա դուռը փակում են։ Երիտասարդ հարսները, որ տղամարդիկ դուրսն են, անգամ ցերեկն են դռները փակում»։
Պեմզաշենի բնակիչներից Էմմա Սերոբյանն էլ, որ շուրջ 40 տարի աշխատել է «Հայփոստ»-ի Պեմզաշենի մասնաճյուղում, ասաց՝ գյուղացիներին՝ մեծից փոքր լավ է ճանաչում, այդ թվում՝ նաև Մելիքսեթյաններին․
«Զարինեի ամուսինը՝ Սևակ Մելիքսեթյանը, շատ համեստ, շատ շնորհքով․ գյուղում այդպիսի մարդ չկա, որ իրենից դժգոհ լինի, կամ ինքը մեկին վնաս պատճառած լինի, շատ լավ տղա է։
Շոկի մեջ ենք, այդպիսի բան չկա, որ մտածես՝ այս բանի համար ընտանիքը վերացրեցին, իրենք այդ տեսակը չէին։
Իրավապահները թող աշխատեն, գտնեն ու տան ժողովրդի դատին, օրենքը չդատի, տան գյուղացիների դատին, գյուղացիք թող իրենց դատն անեն․․․»։
Գյուղի կենտրոնում երկար լռությունը խաթարվում է քահանայի հուղարկավորության արարողակարգից և կանանց լացի ձայներից։
Երիտասարդ մորն ու մանկահասակ երեխաներին սգո սրահից դուրս են բերում համագյուղացիները։ Սկզբից 8-ամյա Սարգսի մարմինն է, այնուհետև՝ 12-ամյա Կարինեի, և վերջում երիտասարդ մոր՝ Զարինեի։ Նրանց ետևից հարազատների օգնությամբ մի կերպ քայլում է ընտանիքի հայրը։ Թափորը շարժվում է Պեմզաշենի գերեզմանատուն։
Իսկ այդ ողջ ընթացքում Մելիքսեթյանների տունը շարունակում էր մնալ ոստիկանների հսկողության տակ, պարանին մնացել էր Զարինեի կախած լվացքը՝ երեխաների շորերը։