««Իշխանություն 2»-ի դեմ բոյկոտը սպասելի էր, կազմակերպված «հավաքը»՝ խղճուկ». Անի Ղազարյան

Նոյեմբերի 9-ին տեղի ունեցավ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն 2» ֆիլմի պրեմիերան, որը մեծ աղմուկ բարձրացրեց և որի դեմ նույնիսկ իշխանության աջակիցները բողոքի ակցիա էին փորձում կազմակերպել, բայց դրան մասնակցում էր 5-10 հոգի: Ֆիլմի գլխավոր հերոսուհուն՝ Ալիսային, մարմնավորում է դերասանուհի Անի Ղազարյանը, իսկ երկրի ղեկավարի կերպարում հանդես է գալիս դերասան Լևս Դավթյանը:

168.amդերասանուհի Անի Ղազարյանի հետ զրուցել է ֆիլմում իր կերպարի, ֆիլմի շուրջ արձագանքների, դերասանուհու քաղաքացիական ակտիվության, անձնական կյանքի որոշ մանրամասների և առաջիկա պլանների մասին:

– Այնպես է ստացվել, որ հենց առաջին իսկ ֆիլմում Ձեր կերտած գլխավոր կերպարը միանգամից քննարկման առարկա է դարձել: Խոսքը «Վարդապետի լռությունը» ֆիլմի մասին է, որի համար դուք նույնիսկ հրաժարվեցիք ձեր երկար մազերից: Իսկ հիմա ուշադրության կենտրոնում է «Իշխանություն» ֆիլմում ձեր կերտած հերոսուհին՝ Ալիսան, որը սկզբունքային է, ուժեղ և հավատարիմ, պայքարող ու չհանձնվող: Ի՞նչ ընդհանրություններ ունի Անի Ղազարյանն իր մարմնավորած կերպարների հետ:

– Նշված 2 կերպարները շա՜տ տարբեր են: Միակ ընդհանուր բանը, որ ունեն, այն է, որ երկուսն էլ ես եմ մարմնավորել: Ընդհանուր գծեր ավելի շատ ունեմ «Իշխանություն» ֆիլմում մարմնավորած կերպարի հետ: Ասեմ ավելին, վստահաբար Ալիսայի բնավորության շատ գծեր մեխանիկորեն դարձել են Անիինը: Ես երբեք այսքան սկզբունքային չեմ եղել, ինչպես հիմա եմ, շատ հանդուրժող եմ եղել. գուցե չափից շատ:

– Չափից շատ հանդուրժող՝ անձնական կյանքո՞ւմ, թե՞ գուցե քաղաքացի-իշխանություններ հարաբերություններում, որովհետև, եթե ավելի լայն նայենք ու մի պահ սա պրոյեկտենք մեր հասարակության վրա, շատ է նշվում, որ մեր հասարակությունը բավականին հանդուրժող է, ինչից էլ օգտվում են իշխանությունները: Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Ալիսան կարող է ազդեցություն ունենալ նաև այդ մարդկանց վրա:

– Ե՛վ-և՛: Ինձ համար 2020թ. նոյեմբերի 9-ից հետո հանդուրժողականություն ցուցաբերել իշխանությունների հանդեպ՝ մեղք է: Ինչ վերաբերում է մինչ օրս իշխանություններին անվերապահորեն աջակցողներին, ես նրանց չեմ հանդուրժում իմ ընկերական, իմ բարեկամական շրջապատում: Թող ապրեն, թող մինչև վերջ էլ անվերապահ աջակցեն, բայց իմ շրջապատում իրենք չեն կարող տեղ ունենալ:

– «Իշխանություն 2»-ը այս պահին ամենաքննարկվող ֆիլմն է Հայաստանում, նույնիսկ 5-10 հոգանոց բողոքի ակցիա եղավ՝ ընդդեմ ֆիլմի, թե իբր այն պառակտում է հասարակությանը և այլն: Հետևո՞ւմ եք ֆիլմի լավ և գուցե վատ արձագանքներին, սպասելի՞ էր նման մեծ աղմուկը:

– «Իշխանություն 1»-ից հետո իմունիտետ եմ ձեռք բերել բոլոր տեսակի վատ մեկնաբանությունների, հայհոյախառն բառերի ու անեծքների նկատմամբ: Առողջ քննադատությանը շատ նորմալ եմ մոտենում: Շատ ժամանակ մտածելու տեղիք է տալիս՝ գուցե այս կամ այն հարցում թերացել ենք: Արձագանքը՝ կապված բոյկոտի հետ, սպասելի էր ինձ համար:

– Բայց այդ բոյկոտին մասնակցում էին ընդամենը 5-10 հոգի, այն էլ՝ առանց ֆիլմը նայելու, սա որոշակի հանրային տրամադրությունների փոփոխության մասին չի՞ վկայում, այսինքն՝ մարդիկ գուցե արդեն սկսել են այլ կերպ ընդունել առկա իրականությունը:

– Այո, գուցե ինչ-որ բան փոխվել է, կամ գուցե այլ պառճառներ են եղել, որ իրենց կազմակերպած «հավաքն» այդքան խղճուկ էր:

– «Իշխանություն» ֆիլմի հիմնական ուղերձը ո՞րն եք համարում:

– Ամենամեծ ուղերձը պայքարի ու ժողովրդի ոգին բարձր պահելն եմ համարում, ոչ մի դեպքում չհանձնվելը ու մինչև վերջ գնալը, որովհետև մեր ամենաթանկն է դրված «զոհասեղանին». մեր ամենաթանկերի կյանքի գնով պահած ամենաթանկը:

– Ձեր կարծիքով՝ հասարակության այն շերտին, որը քաղաքականությամբ չի հետաքրքրվում կամ, օրինակ՝ աջակցում է Նիկոլ Փաշինյանին, կհետաքրքրի՞ «Իշխանություն 2»-ը, թե՞ հենց նրանք պետք է դիտեն ֆիլմը:

– Ֆիլմը բոլորի համար է: Վստահ եմ, որ վարչապետի աջակիցներն էլ են այն նայում, գոնե նրա համար, որ ավելի մեծ ոգևորությամբ մեզ անպատվեն (ծիծաղում է.- Ռ.Մ.), քաղաքականությամբ չզբաղվողներն էլ, զբաղվողներն էլ:

– Սովորաբար, մեր երկրի մշակույթի և արվեստի գործիչների մի զգալի հատված մշտապես փորձում է հաճոյանալ իշխանություններին, կամ գոնե որևէ կերպ չհակադրվել նրանց՝ ֆինանսներից չզրկվելու, հանդիսատես չկորցնելու համար, կամ այլ պատճառներից ելնելով: Հենց «Իշխանություն 1»-ից սկսած չունեի՞ք մտավախություն, որ Դուք էլ կհայտնվեք հանրության մի զգալի հատվածի քննադատությունների և ատելության թիրախում, հաշվի առնելով, որ մեր հասարակությունը բավականին բևեռացված է, իսկ ատելությունը՝ համատարած:  

– Մտավախություններ ունեցել եմ, բայց ոչ Ձեր նշված թեմաներով: Վախեցել եմ կերպարի բարդությունից, այն մարմնավորելու պատասխանատվությունից: Վստահ չէի, որ կկարողանամ մինչև վերջ հանդիսատեսին ներկայացնել Ալիսային: Իսկ հասարակության լայն զանգվածների կողմից չընդունվելու, քննադատություններ լսելու համար  չեմ մտահոգվել, որովհետև ինքս կիսում էի ֆիլմի ու Ալիսայի տեսակետները:

– Ձեր խաղացած կերպարներից ամենահաջողվածը ո՞րն եք համարում:

– Հուսով եմ՝ ամենահաջողվածը դեռ պիտի խաղամ:

– Դուք բավականին ակտիվ եք համազգային հանրահավաքների, երթերի ժամանակ, իսկ Ձեր շատ կոլեգաներ, որոնք 2018-ին փողոցներում էին, հիմա ասում են, թե քաղաքականությանը չեն խառնվում: Որքանո՞վ է ազնիվ նրանց այս մոտեցումը, չէ՞ որ 2018-ի պրոցեսներն էլ էին քաղաքական, և արդյո՞ք հնարավոր է անմասն մնալ երկրում առկա այս իրավիճակից:

– Ամբողջ հարցն այն է, որ այս ամենը դադարել է քաղաքականություն լինել ինձ համար: Սա գոյատևման պայքար է, հայ մնալու ու երկիր ունենալու պայքար: Ես քաղաքական գործիչ չեմ, որ քաղաքականությամբ զբաղվեմ, ես շարքային քաղաքացի եմ, ով պարզ տեսնում է երկրին, պետականությանն ու ազգին սպառնացող մեծագույն վտանգը: Կուզեի, որ բոլորի համար առաջնայինը լիներ հենց այս ամենը:

– Դերասանական միջավայրում չե՞ք լսել խոսակցություններ, որ հենց Ձեզ է տրվել գլխավոր դերը, քանի որ Դուք ֆիլմի ռեժիսորի կինն եք, թե՞ նորմալ եք վերաբերվում այդպիսի խոսակցություններին:

– Վստահ եմ, որ կլինեն նման խոսակցություններ, բայց երևի դա էլ է նորմալ:

– Հե՞շտ է աշխատել Մհեր Մկրտչյանի հետ, որովհետև շատ են կարծիքները, որ նա բավականին բծախնդիր ռեժիսոր է:

– Ե՛վ հեշտ է, և՛ բարդ: Այս ֆիլմի նախապատրաստական աշխատանքների ժամանակ շատ եմ տանջել նրան իմ հարցերով. անդադար նոր հարցեր էին ծնվում կերպարի հետ կապված, ու այդ դեպքում մեր մի տան մեջ ապրելը շա՜տ էր օգնում: Դժվարություններ էլ կան, իհարկե, որովհետև, այո, շատ բծախնդիր է, երբեմն շատ էմոցիոնալ, բայց դե, աշխատանքային պրոցես է  ու ամեն դժվարություն էլ՝ հաղթահարելի:

– Գիտեմ, որ չեք սիրում Ձեր անձնական կյանքի մասին խոսել, բայց տանը ինչպիսի՞ն է Մհեր Մկրտչյանը, և ձեր տարիքային տարբերությունը Ձեզ չի՞ խանգարում:

– Առաջին անգամ եմ այս հարցին պատասխանում. Մհերը ծայրահեղությունից ծայրահեղություն է, ոսկե միջին չունի: Նրա հետ կա՛մ շատ հեշտ է, կա՛մ անմարդկային դժվար: Տարիքային տարբերությունը երբեք չի խանգարել ինձ, հակառակը՝ շա՜տ է օգնել՝ նրա հետ շատ եմ հասունացել, բայց չեմ ծերացել (ծիծաղում է.- Ռ.Մ.): Հուսամ՝ ինքն էլ ինձնից է ինչ-որ լավ բաներ վերցրել:

– Առաջիկայի համար ի՞նչ պլաններ ունեք:

– Մասնագիտական կյանքում առայժմ պլաններ չկան: Անհամբերությամբ սպասում եմ «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի վերանորոգման ավարտին, որպեսզի կարողանամ անցնել իմ բնականոն մասնագիտական կյանքին:

Լուսանկարները՝ Անի Ղազարյանի արխիվից

Տեսանյութեր

Լրահոս