Ինքնահրկիզված տղամարդն ազգությամբ եզդի 47-ամյա Ա. Ուսոյանն է. դեպքից առաջ, 10.000 դրամ տուգանքի պատճառով, նրա մեքենան առգրավել էին
Երեկ երեկոյան Կառավարական առանձնատների մոտ ինքնահրկիզված տղամարդն ազգությամբ եզդի, 47-ամյա Ա. Ուսոյանն է (Ալիյան):
Տղամարդուն տեղափոխել էին Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ ավելի ուշ ժամանել էին նրա հարազատները:
Նրանց նախ մոտեցան ոստիկանության աշխատակիցները, որոնք արդեն իսկ տեսակցել էին Ուսոյանին:
168.am-ը Այրվածքաբանության կենտրոնի բակում զրուցեց Ուսոյանի հարազատների հետ, որոնք որոշ մանրամասներ փոխանցեցին:
«Իրենք օրվա աշխատավարձով ապրող ընտանիք են: Ա. Ուսոյանը մի մեքենա ունի, որով պլաստմասսե տարաներ, մետաղներ է հավաքում և հանձնում»,- պատմեց հրկիզված տղամարդու հարազատներից մեկը:
Նրա խոսքով՝ երեկ առավոտյան սովորականի նման Ա. Ուսոյանն իր աշխատանքն է կատարել Մյասնիկյան պողոտայում, երբ պարեկային ծառայության աշխատակիցները մոտեցել և տուգանել են նրան, իսկ ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ.
«Ա.-ն ասել է՝ ի՞նչ եք անում, ես էս ավտոյով եմ գումար աշխատում, բայց ոչ մի բան, մեքենան այդպես՝ պլաստիկներով ու մետաղի կտորներով կիսաբեռնված՝ տեղափոխել են տուգանային հրապարակ»:
Ուսոյանի հարազատները նաև նշեցին, որ տղամարդը 10.000 դրամ պարտք է ունեցել, ինչի պատճառով մեքենան տեղափոխել են հարկադիր ծառայությանը պատկանող տարածք՝ Հալաբյան փողոց:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 21։27-ին Երևանի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։