Ի՞նչ է այս պահին կատարվում կառավարական առանձնատների մոտ, ուր քիչ առաջ քաղաքացին ինքնահրկիզման փորձ էր արել
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Կոնդի կառավարական առանձնատների մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է կատարել։ Նրան շտապօգնության մեքենան տեղափոխել է հիվանդանոց։
Այս պահին տարածքում դեռևս ծառայություն են իրականացնում ոստիկաններն ու քննիչները։ Դեպքի վայրը սահմանագծվել է։ Այնտեղ առկա են հագուստի կտորներ, ինչպես նաև պլաստմասե տարա, որի մեջ բենզինն է եղել, ինչով քաղաքացին իրեն հրկիզել է։
Դեպքի ականատեսները, ովքեր չցանկացան խոսել տեսախցիկի առաջ, պատմեցին, որ քաղաքացին Կառավարական առանձնատների մուտքին շատ մոտ է եղել, ու երբ բենզինը լցրել է իր վրա ու հրկիզվել, նրան առաջինը օգնության են հասել տարածքում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցները ու կրակմարիչներով հանգցրել են կրակը, սակայն քաղաքացին երկրորդ անգամ էլ է հրկիզման փորձ արել։ Կրկին հանգցրել են, քաղաքացին գետնին է ընկել։
168.am-ին հասանելի են դարձել կադրեր, որոնցում երևում է քաղաքացին` մոտ 30-40 տարեկան տղամարդ։ Ականատեսների խոսքով` քաղաքացին ողջ է եղել։
Տարածքում այս պահին աշխատող ոստիկաններն ու քննիչները չցանկացան խոսել դեպքի մասին։ Միայն նշեցին, որ չեն լսել, որ քաղաքացին ինչ-որ պահանջներ առաջ քաշի։ Դեպքը տեղի է ունեցել ակնթարթորեն։