Չինաստանն առաջիկա 10 տարիներին կարող է դառնալ տնտեսական ցուցանիշներով առաջին երկիրն աշխարհում․ չինացի մասնագետ

Մեծ է հավանականությունը, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն առաջիկա 10 տարիներին կդառնա առաջին երկիրն աշխարհում տնտեսական ցուցանիշներով:

Լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Չինաստանի Ժենմին համալսարանի ֆինանսական հետազոտությունների կենտրոնի գործադիր նախագահ պրոֆեսոր Վանգ Վենը:

««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը Չինաստանի առաջնահերթ ուղղություններից մեկն է: Կոմունիստական կուսակցության 20-րդ համագումարի ժամանակ ևս նախագահ Սի Ծինփինն իր ելույթի ժամանակ ընդգծեց այս նախաձեռնության կարևորությունը: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը նաև Չինաստանի առաջիկա հինգ տարիներին զարգացման քարտեզն է»,-ասաց նա:

Վանգ Վենի խոսքով` «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը ապագայում լինելու է Չինաստանի դիվանագիտության միակ ուղղությունը: Ըստ մասնագետի՝ այժմ վերաթարմացվում է երկրի ղեկավարման ձևաչափը, որը նման չէ ոչ մի այլ երկրի ունեցած փոփոխություններին:

«Չինաստան այժմ տնտեսապես երկրորդ երկիրն է աշխարհում, և մեծ է հավանականությունը, որ հաջորդ 10 տարիների ընթացքում Չինաստանը կլինի առաջին տեղում: Սակայն այս ամենի հետ մեկտեղ Չինաստանը չի ձգտում հեգեմոնիայի, այլ համարում է, որ պետք է կիսվի աշխարհի երկրների հետ իր ձեռքբերումներով և դրանց հասնելու ճանապարհներով»,-շեշտեց նա:

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը պատկանում է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, ով, հիմք ընդունելով «Մետաքսի մեծ ճանապարհը», առաջարկել է ստեղծել 21-րդ դարի «Մետաքսի մեծ ճանապարհ»` անվանելով այն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»: Սի Ծինփինն այս մասին առաջին անգամ խոսել է 2013 թվականին` Ղազախստան կատարած այցի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս