200 երեխայից 20-ն էլ գնա բնագիտական առարկաների գծով, դա արդեն մեծ ձեռքբերում է. գիտաշխատող
Նոյեմբերի 10-ը Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրն է: Օրվա խորհուրդն է՝ գնահատել գիտությունը, իսկ նպատակը՝ հասարակության ուշադրությունը սևեռել դեպի գիտություն:
Այս տարի Գիտության համաշխարհային օրվա թեման է «Հիմնարար գիտությունները՝ հանուն կայուն զարգացման»:
ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում այս օրը յուրահատուկ է անցել: Կենտրոնը հյուրընկալել է տարբեր դպրոցների բարձր դասարանցիներին:
ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» (ՕԴՔԳՏԿ) ՊՈԱԿ-ի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ նման միջոցառումն առաջին անգամը չէ, որ անցկացվում է, վերջին երկու տարիներին շատ են հյուրընկալել աշակերտների, անգամ ունեն գիտափորձերի մեջ ներգրավված աշակերտներ, բայց այսպիսի մեծամասշտաբ՝ բոլոր լաբորատորիաներն ու ողջ Կենտրոնն ընդգրկող այց առաջին անգամ է եղել:
«ԳԱԱ որոշմամբ բոլոր ակադեմիական ինստիտուտները պետք է ընդունեին խմբեր կամ կազմակերպեին միջոցառումներ՝ գիտնականների, ուսանողների համար: Մեր կենտրոնը որոշեց ընդունել բարձր դասարանների աշակերտների: Անկեղծ ասած, չեմ ասի, որ սպասելիքն այլ էր, բայց որ այս աստիճանի դիմեն ու մեծ հետաքրքրություն լինի, անսպասելի էր: Շատ խմբեր, դպրոցներ նեղացած գրում էին, թե ինչո՞ւ մյուսներին՝ այո, իրենց՝ ոչ: Իրականում արձագանքել ենք միայն առաջին մի քանի ժամում դիմող դպրոցներին: Գրեթե ոչ մի դպրոցից մեծ խմբերի չենք ընդունել՝ բացի Չարենցավանի դպրոցից, քանի որ մարզից էին: Այնտեղից եկավ 30 հոգի, բայց ընդհանուր առմամբ կենտրոն եկել է 9-12-րդ դասարանի 200 աշակերտ: Երեխաները շատ էին հետաքրքրվում փորձերով, ու միջոցառումն ավարտվեց ոչ թե կեսօրին, այլ օրվա վերջում: Ու, հաշվի առնելով Կենտրոնի ջրազրկված հատվածը, աշխատակիցները տիտանական աշխատանք կատարեցին՝ տարբեր փորձեր անելու համար»,- նշեց գիտաշխատողը:
Անդրադառնալով գիտությունը առաջնային համարելու համար արվող քայլերին, մեր զրուցակիցը նշեց, որ առհասարակ կրթության առումով պետք է լուրջ փոփոխություններ արվեն: Սա վերաբերում է և՛ բուհն ավարտող ու դպրոց մտնել պատրաստվող ուսուցիչների վերապատրաստմանը, և՛ դպրոցների կահավորմանը:
«Ամենակարևորը՝ պետք է լինեն ուսուցողական դասեր, հեռուստատեսային ծրագրեր, որպեսզի երեխան հասկանա, թե ինչո՞ւ է պետք սովորել: Այն դպրոցների աշակերտներին, որոնց չենք կարողացել ընդունել, նրանց մոտ մենք կգնանք առաջիկայում: Կփորձենք կազմակերպել նաև փորձարարական հատվածները: Այս քայլով գոնե քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության առումով որոշ դպրոցներ կունենան հստակ պատկերացում, թե ուր կարող են գնալ՝ գիտության ոլորտ մտնելու դեպքում: 200 երեխայից 20-ն էլ գնա բնագիտական առարկաների գծով, դա արդեն իսկ մեծ ձեռքբերում է: 20-ից 5-ն էլ մնա գիտության ոլորտում, դա Հայաստանի համար շատ լավ արդյունք է: Գիտական ոլորտում երիտասարդացման լուրջ խնդիր ունենք»:
Գիտաշխատողը նշեց մի շարք աշակերտների արձագանքը՝ շենքային պայմանների վերաբերյալ. ցուրտ՝ չջեռուցվող մասնաշենքեր, հին սարքավորումներ:
«Այսինքն, երբ հպարտանում ենք, որ ունենք այս կամ այն թանկարժեք սարքավորումները, որոնք տարածաշրջանում միակն են, դրանց կողքին կան նաև այլ սարքավորումներ, որոնք Սովետական Միության փլուզումից հետո չեն թարմացվել կամ ինստիտուտի ստեղծման օրվանից: Մի շարք հարցերին գումարվել է նաև տարածքի հետ կապված խնդիրը: Երեխաներն ու ուսուցիչները տեսնելով փակ տարածք, հետաքրքրվում էին, թե դա ի՞նչ է, փորձում էինք բացատրել, որ նախկինում եղել է ջրավազան, իսկ այժմ ուզում են նորակառույց շենք կառուցել: Մենք պետականորեն չունենք գերակա շահ ճանաչված գիտական հաստատություններ, մշակութային կոթողներ: Ընդամենը մի քանի օր առաջ էինք իմացել, որ հնարավոր է՝ լինի ջրատարի փոփոխություն, ինչը ենթադրում է շենքային, ճանապարհային հատվածի, մուտքերի խաթարում և աշխատանքային պրոցեսի խանգարում: Իսկ սա խնդիր է առաջացնելու նոր սարքավորումների համար: Նշեմ, որ շուտով նոր սարքավորումներ ենք էլի ձեռք բերելու, ստացվել է շահել դրամաշնորհ: Ձեռք բերել դրանք ու սպասել՝ ինչ-որ մեկը կփչացնի, թե ոչ, նորմալ չէ»,- եզրափակեց գիտաշխատողը: