Ինչքա՞ն է կառավարությունը պատրաստվում վճարել «պադավատների» համար
Պաշտոնյաներին սպասարկող ծառայողական ավտոմեքենաների պարկը թարմացնելու համար կառավարությունը նախատեսում է միանգամից 200 էլեկտրամոբիլ ձեռք բերել։ Դա պատրաստվում է անել մի կառավարություն, որի ղեկավարը ժամանակին հայտարարում էր, թե Հայաստանում պետք է ընդամենը 30-35 ծառայողական ավտոմեքենա լինի` հատուկ պահպանության ենթակա պաշտոնյաներին սպասարկելու համար։
Անցած 4-4,5 տարում Նիկոլ Փաշինյանի ինչպես բազմաթիվ այլ հայտարարություններ, այդպես էլ այս մեկը՝ չիրականացավ։ Հայաստանում հիմա էլ պադավատների պակաս չկա։ Դրանք առնվազն մի քանի տասնյակ անգամ ավելի շատ են, քան Նիկոլ Փաշինյանի ասելով՝ պիտի լինեին։ Նրա իշխանության գալուց հետո այս առումով ոչինչ չի փոխվել։ Առանձին տարիներին պադավատների թիվը նույնիսկ ավելացել է։ Իշխանափոխությունից հետո էլ երբեք չեն վարանել նոր ու թանկարժեք մեքենաներ գնել։
Դրա հիմքերը դրեց հենց Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետ դառնալուց անմիջապես հետո, իրեն սպասարկելու համար միանգամից 2 թանկարժեք զրահապատ մեքենա գնելով։ Այդ մեքենաները պետության վրա նստեցին 500-600 հազար դոլար։
Պետական պաշտոնյաներին սպասարկելու համար հետագայում էլ բազմաթիվ ծառայողական մեքենաներ գնվեցին։
Դատելով 200 նոր էլեկտրամոբիլների ձեռքբերման վերաբերյալ կառավարության վերջերս ընդունած որոշումից՝ այսուհետ էլ չեն պատրաստվում հրաժարվել իրենց ճոխություններով ապահովելուց, թեև կան շատ ավելի առաջնային խնդիրներ՝ հատկապես անվտանգության ու սոցիալական ոլորտներում։ Պատերազմից հետո էապես թուլացել են երկրի ռազմական կարողությունները, ու դրանց համալրման, երկրի պաշտպանության մակարդակի բարձրացման լուրջ կարիք կա, իսկ իշխանությունները մտածում են իրենց պադավատները թարմացնելու մասին։
Սոցիալական իրավիճակի մասին էլ չենք խոսում։ Աղքատությունը երկրում ռեկորդային աստիճանի է հասել։
Այս պայմաններում, փոխարենը մտածեն երկրի անվտանգության մակարդակի բարձրացման ու մարդկանց սոցիալական վիճակը թեթևացնելու մասին, հիմա էլ իրենց ծառայողական նոր մեքենաներով են որոշել «պարգևատրել»։ Այդ մեքենաների ձեռքբերումը միլիոնավոր դոլարներ է արժենալու պետության համար։
Թեև դեռ հայտնի չէ, թե մինչև ի՞նչ գնի էլեկտրամոբիլներով է կառավարությունը մտադիր «պարգևատրել» պետական պաշտոնյաներին, բայց անգամ նվազագույն հաշվարկներով, 200 էլեկտրամոբիլի ձեռքբերումը 10-20 մլն դոլար կարժենա։
Որտեղի՞ց է կառավարությունը վերցնելու այս գումարը։ Ենթադրվում է, որ պետական բյուջեից։
Պետական ծախսերը կատարելու այլ ֆինանսական աղբյուրներ չկան, եթե, իհարկե, որևէ մեկը չորոշի այդպիսի առատաձեռն նվեր մատուցել իշխանություններին։ Նման դեպքեր վերջին տարիներին ոչ շատ, բայց երբեմն հանդիպում ենք. անհասկանալի պայմաններում կառավարությունը 10-15 մլն դոլարանոց հյուրանոց է նվեր ստանում, մասնավոր ընկերության սեփականատերը կարող է «անվարձահատույց» կառավարությանը նվիրել իրեն պատկանող բաժնետոմսերի բավական մեծ փաթեթ, հայտնի չէ, թե ինչի՞ համար կամ ինչի՞ դիմաց…
Չի բացառվում, որ այս անգամ էլ հայտնվի մեկը, ով որոշի իր սեփական միջոցներով գնել ու, անհայտ պայմանավորվածությունների արդյունքում, կառավարությանը «նվիրաբերել» այդ 200 էլեկտրամոբիլները։
Այդպես կլինի՞, թե՞ ոչ, այս պահին ոչինչ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ կառավարությունը որոշել է 200 էլեկտրամոբիլներ ձեռք բերել ու համալրել ծառայողական ավտոպարկը։ Մինչ այդ՝ փորձում են տպավորություն ստեղծել, որ ոչ միայն նոր պադավատներ են պատրաստվում գնել, այլև եղածներն են դուրս գրում։ Այն էլ մի քանի անգամ ավելի շատ, քան պիտի ձեռք բերվեն։
Սեպտեմբերին կառավարությունը որոշում ընդունեց դուրս գրել և աճուրդով վաճառել պետական կառավարման մարմիններին ամրակցված 654 տրանսպորտային միջոց։
Խոսքը, ըստ էության, խլամի մասին է։ Պատահական չէ, որ մի քանի հարյուր մեքենաների վաճառքից կառավարությունն ակնկալում է ստանալ ընդամենը 200 մլն դրամ։
Այն էլ դեռ հարց է՝ կստանա՞, թե՞ ոչ։ Եթե նույնիսկ ստանա, ապա կստացվի, որ մեկ մեքենայից ակնկալիքը միջին հաշվով ընդամենը 310 հազար դրամ է։
Սա ոչ մի կերպ համադրելի չէ այն գումարների հետ, որը պետք է վճարվի 200 էլեկտրամոբիլի ձեռքբերման համար։ Դուրս գրվող և ձեռք բերվող մեքենաների թվաքանակների առումով, իհարկե, տարբերությունները տպավորիչ են. 3 անգամից ավելի շատ են պատրաստվում դուրս գրել, քան ձեռք բերել։ Թեև այդքան մեքենայի դուրսգրումն էլ աննախադեպ չէ։ Ժամանակին Հովիկ Աբրահամյանը շատ ավելի մեծ թվով չշահագործվող մեքենաներ դուրս գրեց պետական համակարգից։ Դրանց քանակն անցնում էր նույնիսկ 1000-ից։
Բայց մեքենաների դուրսգրումով չէ, որ պակասում են պադավատները։ Դուրս են գրվում հիմնականում չշահագործվող ու շարքից դուրս եկած տրանսպորտային միջոցները։ Պաշտոնյաների պադավատներն էլի մնում են ու անընդհատ թարմացվում։ Այս անգամ պատրաստվում են դրանք թարմացնել՝ փոխարինելով էլեկտրամոբիլներով։
Սա, հավանաբար, կլինի միայն առաջին փուլը, որովհետև պետական համակարգում ծառայողական ավտոմեքենաների քանակը շատ ավելին է, քան նախատեսվող 200 էլեկտրամոբիլներն են։ Թեև չափից դուրս թափանցիկ աշխատելու վերաբերյալ պարբերաբար հայտարարող կառավարությունը վերջին 2 տարիներին խուսափում է հրապարակել ծառայողական ավտոմեքենաների քանակը։ Նախկինում դրանք երևում էին պետական բյուջեի հավելվածներում։ Երկու տարի է, այլևս դադարել են հրապարակել։ Հասկանալի է, թե ինչու. խոստացել էին, որ քոքից կտրելու են ծառայողական ավտոմեքենաները, ժամանակին կառավարության նիստերում նույնիսկ շոուներ կազմակերպեցին, ի լուր հասարակության դյուրահավատ հատվածի, որոշ նախարարներ հայտարարեցին, թե քանիսից քանի ծառայողական մեքենա են պատրաստվում թողնել, բայց հետո պարզվեց, որ պետական կառավարման մարմինների ծառայողական մեքենաների քանակը ոչ միայն չի կրճատվել, այլև ավելացել է։
Նույնը նաև պետական ապարատի ծանրաբեռնվածությանն է վերաբերում։
Բազմիցս են հայտարարել, որ այն ուռճացված է ու պետք է լրջորեն կրճատվի։ Բայց տեսնում ենք, որ տարեցտարի ընդլայնվում է։
Հաջորդ տարի էլ կընդլայնվի։ 2023թ. կառավարությունը պատրաստվում է պետական կառավարման մարմինների աշխատակազմերը ծանրաբեռնել լրացուցիչ ևս 254 հաստիքով և այստեղ զբաղվածների քանակը հասցնել 20 հազար 439-ի։ Այս տարի 20 հազար 185 է։ Պատկերացնելու համար ասենք, որ 2018թ.՝ 17 հազար 644, իսկ 2019թ.՝ 17 հազար 689 էր։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ