Բաժիններ՝

Իրենց արևին լայնացրել ու բարեկարգել են. Կենտրոն վարչական շրջանում վնասվել են հաստաբուն ծառերի արմատները

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանն ահազանգում է՝ Երևանում բարեկարգման աշխատանքների արդյունքում վնասվել են հաստաբուն ծառերի արմատներ:

«Մայթերի բարեկարգում ծառերի կյանքի հաշվի՞ն։ Մայթերի լայնացումն իրականացվում է տարեց ծառերի արմատներն ըստ ճաշակի և ինտելեկտի ձևավորման արդյունքում։ Տերյան փողոցի 40-50 տարեկան հացենիներն են, խիղճ ունեցեք։ Ծառը վթարային եք դարձրել։ Եվ ո՞վ է, ի վերջո, պատասխան տալու այս ամենի համար: Ոչ ստանդարտ կա, ոչ նորմատիվային ակտ։ Գաղափար չունեն հողի մակարդակի մասին, զրոյական նիշը չեն գիտակցում, արմատավզիկ, արմատային համակարգի կորուստներ… Իրենց արևին լայնացրել ու բարեկարգել են»,-գրել է նա՝ հավելելով, որ եթե Չարենց փողոցում բարեկարգում անող կազմակերպությունը տուգանվեր ծառերին վնաս հասցնելու համար, ապա այսօր այսպես չէր լինի:

Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ ընդգծել է՝ շինհրապարակում ծառերի բունը պետք է փայտե պաշտպանիչ ճաղերով ծածկված լինի, քանի որ տեխնիկայի շարժի ընթացքում, անհնար է, որ կեղևի վնասումներ չլինեն, իսկ ցանկացած կեղևի վնասում բաց դուռ է ինֆեկցիայի տարածման համար։ Այն արդեն տրավմա է բույսի համար:

Կարդացեք նաև

Հավելենք, որ մեր տեղեկություններով՝ այս աշխատանքներն իրականացրել է Կենտրոն վարչական շրջանը:

Նշենք, որ բնապահպանները բազմիցս են խոսել կանաչ տարածքների ավելացման, Երևանում փոշու պարունակության՝ սահմանը գերազանցելու մասին:

«Երևանը կիսաանապատային գոտում է, քամիները շատ են, իսկ կանաչ տարածքները՝ անհրաժեշտություն: Ու, չըմբռնելով, թե մենք ինչ ենք անում, տարիներ շարունակ հատվել են կանաչ տարածքները, տեղը ինչ-որ շենքեր են կառուցվել: Այգիների քանակը ևս քիչ է, ու այս ամենը հանգեցրել է նրան, որ Երևանում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունները նպաստեն օդի աղտոտմանը: Հասկանալի է, որ նախկինին վերադառնալ չենք կարող, բայց ինչ-որ բան կարգավորել, իհարկե, պետք է: Օրինակ, Քանաքեռ-Զեյթունում հսկա այգի ունենք, որտեղ քարի կույտ է: Պետք է ներդրում անել, որպեսզի դառնա նորմալ այգի: Այսպիսի խնդիրներ ունենք, որոնք հանգեցնում են աղտոտմանը»,- 168.am–ի հետ զրույցում ասել էր բնապահպան Սիլվա Ադամյանը:

Տեսանյութեր

Լրահոս