Փաշինյանի կեցավայրի մոտ ինքնահրկիզված քաղաքացին վերակենդանացման բաժանմունքում է․ վիճակը գնահատվում է ծանր
Կոնդի կառավարական ամառանոցների մոտ երեկ ուշ երեկոյան ինքնահրկիզման փորձ կատարած 47-ամյա տղամարդը դեռ Այրվածքաբանության ազգային կենտոնում է գտնվում:
Բուժհաստատությունից 168.am-ին փոխանցեցին, որ նրա վիճակը ծանր է․
«Քաղաքացին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, այլ մանրամասներ չենք կարող փոխանցել»։
Հիշեցնենք, որ երեկ ժամը 21։27-ին Երևանի Պարոնյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում քաղաքացին ինքնահրկիզման փորձ էր կատարել։
168.am-ին հայտնի էր դարձել, որ քաղաքացին ազգությամբ եզդի, 47-ամյա Ա․ Ուսոյանն է։
Այրվածքաբանության կենտրոնի բակում երեկ գիշերը 168.am-ը զրուցել էր Ուսոյանի հարազատների հետ, որոնք որոշ մանրամասներ էին փոխանցել։
«Իրենք օրվա աշխատավարձով ապրող ընտանիք են: Ա. Ուսոյանը մի մեքենա ունի, որով պլաստմասսե տարաներ, մետաղներ է հավաքում և հանձնում»,- պատմել էր հրկիզված տղամարդու հարազատներից մեկը:
Նրա խոսքով՝ երեկ առավոտյան սովորականի նման Ա. Ուսոյանն իր աշխատանքն է կատարել, Մյասնիկյան պողոտայով անցնելիս պարեկային ծառայության աշխատակիցները մոտեցել և տուգանել են նրան, իսկ ավտոմեքենան տեղափոխել են տուգանային հրապարակ.
«Ա.-ն ասել է՝ ի՞նչ եք անում, ես էս ավտոյով եմ գումար աշխատում, բայց ոչ մի բան, մեքենան այդպես՝ պլաստիկներով ու մետաղի կտորներով կիսաբեռնված՝ տեղափոխել են տուգանային հրապարակ»:
Ուսոյանի հարազատները նաև պատմել էին, որ տղամարդը 10.000 դրամ պարտք է ունեցել, ինչի պատճառով մեքենան տեղափոխել են Հալաբյան փողոցի վրա գտնվող հարկադիր ծառայությանը պատկանող տարածք: