
Մասկն անխուսափելի է համարել «Թվիթեր» ընկերության աշխատակիցների մի մասի կրճատումը

«Թվիթեր» ընկերության նոր սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մեծ ֆինանսական կորուստների պատճառով ընկերությունը չի կարող խուսափել անձնակազմի մի մասի կրճատումից։Մասկն այս թեմայով գրառումներ է կատարել հենց «Թվիթեր»-ի իր էջում։
«Ինչ վերաբերում է «Թվիթեր»-ի անձնակազմի կրճատմանը, ցավոք, այլընտրանք չկա, ընկերությունն օրական կորցնում է ավելի քան 4 մլն ԱՄՆ դոլար։ Հեռացվող բոլոր աշխատակիցներին առաջարկվել է եռամսյա արձակման վճար, որը օրենքով պահանջվողից 50 տոկոսով ավելին է»,- գրել է նա։
Մասկը հավելել է, որ ընկերությունը շարունակելու է հանձնառու լինել բովանդակության մոդերացիային։ Նա նշել է, որ այս շաբաթ սոցիալական ցանցում ատելություն պարունակող խոսքը պակասել է։
Ձեռնարկատերն ընդգծել է, որ «Թվիթեր»-ը չի պատրաստվում ցենզուրայի ենթարկել հավաստի տեղեկատվությունը։