Ինքնիշխանությունից խոսացող խունտան հայտարարում է, որ ինքը ՊՐՈ է: Կապ չունի՝ ում են ՊՐՈ. սրանք պարզապես ՊՐՈ են. Էդուարդ Շարմազանով
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է:
- Պատերազմ կեղծողն ընտրություն էլ կկեղծի, էս մարդիկ մի ամբողջ պետականության պատմություն են կեղծում, 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքն են կեղծել և խաբել են ժողովրդին, հիմա պետք է իրենց ՔՊ վարչությունում մաքուր ընտրություն թողնեին անցկացվե՞ր…
- Ասում են՝ «մենք լինելու ենք անթերի իշխանություն». դա այս իշխանությունների ցինիզմի գագաթնակետն է: Այս իշխանություններն անթերի են կապիտուլյանտ լինելու մեջ:
- ՔՊ-ականներն առանց իրենց ղեկավարի, առանց իրենց առաջնորդի, անկախ անձերից, իրենց կյանքը չեն պատկերացնում:
- Նիկոլ Փաշինյանը սպանել է Երրորդ Հանրապետությունը, մսխել մեր երազանքը՝ վախենալու բան չունի՞. Ներոնների, հերոստրատների շարքն է մտել… վախենալու բան չունի՞, իհարկե պիտի վախենա: Նրանց վարքագիծն ու բոլոր դրսևորումները վախի նշան են:
- Փաշինյանը թվիթերյան մի գրառմամբ ցույց տվեց, որ իր մեջ վախ կա, երբ իր ընտանեկան թերթում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ Ռուսաստանին հնարավոր ու անհնար մեղքերի մեջ էր մեղադրում, իսկ երբ ՌԴ նախագահը «Վալդայյան» ակումբի քննարկումներին մի փոքր ակնարկ արեց, Փաշինյանն անմիջապես թվիթերյան գրառում կատարեց, թե պատրաստ է ընդունել Ռուսաստանի առաջարկները, Սոչիում էլ պնդեց, թե պատրաստ է ընդունել Պուտինի առաջարկը…
- Ռուսական չափալախը կերան, բայց կա նաև արևմտյան չափալախը, Էրդողանի ու Ալիևի չափալախը…
- Փաշինյանն ունի վախ ու կոմպլեքս և չի կարողանում պատասխանել Ալիևին, ուրեմն չի կարող պաշտպանել նաև մեր պետական շահը:
- Նիկոլ Փաշինյանը երկրում քաղաքական քաոս է ստեղծել:
- Նիկոլի բանավոր խոստումները հազարապատիկ անգամ ավելի վտանգավոր են, քան նրա ստորագրած փաստաթղթերը:
- Փաշինյանը մեր պետությունը հասցրել է այս վիճակին, բանակը քարուքանդ է արել, բանակ չունենք, տարածքներ է հանձնել, պետական գաղտնիք է բացահայտել՝ հայտարարելով, թե զենքի խնդիր կա Հայաստանում. դա պետական դավաճանություն է, բայց դրանով թող զբաղվեն իրավաբաններն ու իրավապահ մարմինները:
- Սերժ Սարգսյանի ժամանակ, 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո Ալիևը հայտարարում էր, թե Հայաստանն ունի միջազգային հանրության աջակցությունն ու լիքը զենք, իսկ այսօր Նիկոլը հրապարակավ հայտարարում է, թե զենք չունենք:
- Սերժ Սարգսյանի օրոք ձեռք բերված զինտեխնիկայի մի մասը՝ 5 մլրդ-ի զենքը տվեց Ալիևին:
- Նիկոլ Փաշինյանի նպատակը Ղարաբաղը շուտ տալն է, սահմանները Թուրքիայի հետ բացելը, որ Հայաստանը դարձնի թուրքական հոսթել կամ թուրքական տուրիզմի ու առևտրի համար քարվանսարա:
- Սոչիում Նիկոլն ընդունել է ռուսական վասալությունը, Էրդողանի մոտ էլ կընդունի, Բայդենի ու Արևմուտքի վասալն էլ կդառնա:
- Ինքնիշխանությունից խոսացող խունտան հայտարարում է, որ ինքը ՊՐՈ է: Կապ չունի՝ ում են ՊՐՈ. իմ տպավորությամբ՝ սրանք պարզապես ՊՐՈ են:
- Սրանք ամեն ինչ անում են, որ հայ-ռուսական դաշնակցությունը քանդվի:
- Հեղափոխությունը կատարվել է, որ Հայաստանը լինի ոչ ինքնիշխան, թուրքական ֆուր մեքենաների համար проходной двор, Արցախը դառնա թուրքական: Հեղափոխությունը կազմակերպված դավադրություն էր Հայաստանի դեմ:
- Վաղը՝ նոյեմբերի 5-ին, աշխարհը պետք է տեսնի, որ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի կողքին, և Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:
- Ես էլ, ամբողջ ընդդիմությունն էլ ժողովրդից ներողություն պետք է խնդրենք, որ Նիկոլը դեռ իշխանության է:
- Այս իշխանությունների դիագնոզն ընդդիմությունն արդեն տվել է, հիմա ընդդիմությունը պետք է առաջարկի փաթեթավորված այլընտրանք՝ պատասխանատվություն, լուծումներ՝ տնտեսության, արտաքին ու ներքին քաղաքականության, անվտանգության ասպարեզներում, կոնկրետ դեմքերով ու այդ ծրագիրը կատարող պրոֆեսիոնալներով պետք է ներկայանա, որոնք էլ պետք է իրականացնեն այդ ծրագիրը: