«Աննա Հակոբյանի առաքելությունն էմոցիոնալ հարվածներ հասցնելն է». Կարինե Նալչաջյան

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շարունակում են հանրությանը ցնցել հայտարարություններով. մեկը՝ «բացառիկ», «աննախադեպ» ռեկորդների մասին, մյուսը՝ «հանրության դաստիարակելու»:

Ու եթե Փաշինյանի դեպքում Ֆեյսբուքում հաճախագրությունը լայքերի ու սրտիկների նվազմանը զուգահեռ՝ պակասեց, ապա Աննա Հակոբյանի դեպքում՝ այն շարունակում է մնալ հիմնական հարթակներից մեկը:

Աննա Հակոբյանի գրառումները, սակայն, շատերը նմանեցնում են «կրակի վրա յուղ լցնելու» օպերացիայի, քանի որ պարբերաբար Արցախի 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները, պատերազմի հետևանքները հիշատակելը զայրացնում է որդեկորույս ծնողներին, հանրային տարբեր շրջանակների, իսկ պատճառը պարզ է՝ Աննա Հակոբյանն այն իշխանության դեմքն է, որը պատասխանատու է պատերազմի, զոհերի ու կորուստների համար:

«Այսօր էլ Հայաստանում և հայկական աշխարհում կան մարդիկ, որ անցած ամբողջ աղետից հետո դեռ կարողանում են հրապարակային խոսք հնչեցնել ընդդեմ խաղաղության, հօգուտ պատերազմի: Դե, իհարկե, եթե չլինի պատերազմ, չեն լինի նաև սևազգեստ մայրեր, ասել է թե՝ կմնան միայն հաստատված կամ պոտենցիալ անբարոյականները: Եվ մենք կզրկվենք մեր ներշնչանքի աղբյուր, մեր մեղքերի թողություն, մեր բոլոր հոգևոր թշվառությունների ու թուլությունների ապաստարան հայ կնոջ սուրբ կերպարից,- ահա այսպիսի եզրահանգումների է գալիս Փաշինյանի կինը, իսկ մեկ այլ գրառման մեջ էլ՝ խորհուրդ է տալիս «թաղել մեռելներին»,- Եվ ուրեմն, պետք է մի օր, ի վերջո, մեր և մեր հայրենիքի հարաբերությունները ճանաչել մահացած, թաղել հինգհազարամյա մեռելին և նոր հարաբերությունների, անդավաճան հարաբերությունների, նոր երջանկության ծնունդի հնարավորություն տալ»:

Կարդացեք նաև

44-օրյա պատերազմի հերոս Տարոն Անդրեասյանի մասին իր վերջին անդրադարձում էլ Աննա Հակոբյանը հերթական «հարձակումն է» կատարում զոհվածների հարազատների վրա՝ շեշտելով.

«Իմ տղաներ, մեզ մոտ՝ երկրի վրա, մարդիկ մի քիչ շփոթված են, ձեզ փնտրում են գերեզմաններում, մահացածների մեջ: Ձեզանից մի քանիսի ծնողները վշտից խելագարվել են, ձեր գերեզմանները պաշտպանում են մեզանից, խրամատավորվել են Եռաբլուրում»:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը 168.am-ի հետ զրույցում, խոսելով այս գրառումների ու դրանց պարբերականության մասին, նկատեց, որ դրանք այս իշխանությունների քարոզչության մասն են:

«Մենք պետք է գիտակցենք, որ հատկապես 2018 թվականից քարոզչության թիրախում ենք (իսկ քարոզչությունն ավելի վաղուց էր սկսել): Իսկ քարոզչությունն էֆեկտիվ է, եթե ուղղված է դեպի խորքային ապրումները, էմոցիոնալ աշխարհը:

Եվ քարոզչության մեկ այլ հատկանիշ, ինչը սկզբունքային չափորոշիչ է՝ քարոզչությունը պետք է լինի անընդհատ: Հակառակ այս բոլոր արհավիրքների, երբ ամեն օր ականատեսն ենք կորստի, հարվածի՝ մարդկանց ադապտիվները գործում են. «ողնաշարը շտկելու» նշաններ են ցույց տալիս, բայց այդ պահերին, երբ տեսանելի են հաղթահարման նշանները, մենք տեսնում ենք՝ ևս մեկ քարոզչական հարված»,- մանրամասնեց հոգեբանը՝ նկատելով, որ Աննա Հակոբյանի առաքելությունն  էմոցիոնալ հարվածներ հասցնելն է, այդ քարոզչական էմոցիոնալ գիծը պահելը:

Ըստ Կարինե Նալչաջյանի՝ Աննա Հակոբյանը գուցե այդ բոլոր հոգեբանական մեխանիզմներից տեղյակ չէ, սակայն այդ մասին շատ լավ տեղյակ են նրանց  ուղղորդողները:

«Քարոզչությունը շատ գրագետ է տարվում՝ նախապատրաստական փուլից սկսած, այսինքն՝ սոցիալ-հոգեբանական բոլոր օրինաչափություններով է դա տարվում»,- հավելեց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք այս քարոզչական հոսքերի տակ ինչ-որ բան փոխել, օրինակ, նոյեմբերի 5-ի սպասվող հանրահավաքով, հոգեբանը պատասխանեց. «Ես ինքս մեծ հույսեր եմ կապում, որովհետև դա շանս է, որը պետք է օգտագործվի»:

Տեսանյութեր

Լրահոս