«Վերջին ռազմական իրադարձություններից հետո՝ գերեվարված անձի անուն Ադրբեջանից մեզ չեն հաստատել». Զառա Ամատունի

Հոկտեմբերի կեսերին ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ   սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման արդյունքում գերեվարված, այնուհետև հայրենիք վերադարձած գերիների թիվը 17 չի եղել։

«Առնվազն կրկնակի ավելի գերեվարումներ են եղել, և եղած տեսանյութերն  այդ ամենը հիմնավորում են»,- ասել էր Սիրանուշ Սահակյանը։

168.amն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունուց հետաքրքրվեց՝ արդյո՞ք Կարմիր խաչից այցելել են սեպտեմբերի 13-ի հարձակման արդյունքում գերեվարված հայ գերիներին, որոնք այս պահին պահվում են Բաքվում, քանի որ բոլոր փաստերն ապացուցում են, որ գերեվարվածների թիվը 17 չի եղել։

«Նման այց չի եղել, որովհետև բոլոր այն անձանց, որոնց գերեվարումը հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ տեսակցել ենք սեպտեմբերի 23-ին, այնուհետև նրանք վերադարձվել են Հայաստան։ Վերջին ռազմական իրադարձություններից հետո որևէ նոր գերեվարված անձի անուն Ադրբեջանից մեզ չեն հաստատել։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է 2020 թվականից ի վեր Բաքվում պահվող անձանց, ապա Կարմիր խաչը նրանց հերթական անգամ այցելել է հոկտեմբեր ամսվա ընթացքում»,- նշեց Զառա Ամատունին։

Անդրադառնալով սեպտեմբերի 13-ի ռազմական ագրեսիայից հետո անհետ կորած զինծառայողների մարմինների որոնման աշխատանքներին, Զառա Ամատունին կրկին վերհաստատեց նախկինում ասված իր խոսքերը՝ Կարմիր խաչը նմանօրինակ որևէ աշխատանք չի կատարել։

«Մենք պատրաստ ենք մեր մանդատի շրջանակներում մասնակցել այդ աշխատանքներին, բնականաբար, այդ աշխատանքների հրատապությունը մենք շատ լավ հասկանում ենք, սակայն այս պահի դրությամբ չունենք որևէ հստակություն։ Մենք պետք է ունենանք որևէ երաշխիք, որպեսզի տվյալ պարագայում թիմերը կարողանան տեղում աշխատել, ուստի նման աշխատանք կատարելն այս պահին անհնարին է, որովհետև պետք է լինի կողմերի համաձայնությունը։ Այս հարցը մենք պահում ենք ուշադրության կենտրոնում և փորձում ենք շարունակել մեր երկխոսությունը կողմերի հետ։ Կրկնում եմ՝ գործի անցնելու համար չունենք կողմերի փոխհամաձայնությունը, հստակություն և համապատասխանաբար՝ անվտանգության երաշխիքներ»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Ըստ նրա, խոսքը միլիտարիզացված գոտու մասին է, որտեղ կան երկու կողմի զինվորականներ և, բնականաբար, մարդասիրական կազմակերպության համար առանց երկու կողմերի փոխհամաձայնության հնարավոր չէ որևէ աշխատանք իրականացնել։

Ինչ վերաբերում է հոկտեմբերի 27-ին Շուշիի հատվածից հայկական կողմին փոխանցված 10 հայ զինծառայողների դիերին, Զառա Ամատունին նկատեց՝ այդ աշխատանքներում Կարմիր խաչը որևէ կերպ ընդգրկված չի եղել։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս