«Եթե Փաշինյանն ասում է, որ ինձ պետք է 29.800 քկմ, միանգամից ասում է՝ Ղարաբաղից ձեռք եմ քաշել. էլ ո՞նց ասի». Կարեն Քոչարյան
Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրած եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունների արդյունքում հաստատված եռակողմ համաձայնեցված հայտարարությունը հիասթափեցրել է ՀՀ քաղաքական ու հանրային տարբեր շրջանակների:
Պատճառներից մեկը հայտարարության տեքստում «Լեռնային Ղարաբաղի» մասին հիշատակման բացակայությունն էր. նույնիսկ ռուս խաղաղապահների առաքելությանն առնչվող հատվածում Արցախը հիշատակված չէ, և փոխարենը կիրառվել է «իր տեղակայման վայրում» հերթապահ ձևակերպումը։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղին չանդրադառնալը հետևանքն է Փաշինյան-Ալիև բանավոր և գուցե գրավոր պայմանավորվածությունների:
«Ադրբեջանը ռուսներին ասում է՝ եթե իրենք համաձայն են, ձեր ի՞նչ գործն է,- 168.am-ի հետ զրույցում նկատեց քաղտեխնոլոգը, ապա անդրադառնալով պայմանավորվածությունների մասին դիտարկումներին՝ մանրամասնեց,- Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինձ պետք է 29.800 քառակուսի կիլոմետր, միանգամից ասում է՝ Ղարաբաղից ձեռք եմ քաշել, էլ ո՞նց ասի, դրանից ավել ի՞նչ ասի»:
Անդրադառնալով Ռուսաստանից Հայաստանի ակնկալիքներին, որոնք օրերս մերթընդմերթ բարձրաձայնում էր Նիկոլ Փաշինյանը՝ Կարեն Քոչարյանը նկատեց՝ ՀՀ-ն ուզում է, որ ՌԴ-ն լուծի այդ հարցը, սակայն, նա չի կարծում, թե այժմ դա ՌԴ ամենակարևոր խնդիրն է:
Ի պատասխան Արցախում բազմահազարանոց հանրահավաքի ու դրանից սպասելիքների մասին մեր հարցադրումներին՝ մեր զրուցակիցը չբացառեց, որ այն կարող է իր ազդեցությունն ունենալ ներքին ու արտաքին քաղաքական գործընթացների վրա, և ոչ միայն՝ քաղաքական:
«Ամեն դեպքում, կարծում եմ՝ այդ հանրահավաքն էլ արտաքին ազդակների ներքո է եղել, որովհետև չեմ կարծում, որ Արցախում նոր հասկացան, թե պետք է հանրահավաք լինի,- նշեց նա, ապա մասնավորեցրեց, թե ո՞ր արտաքին սուբյեկտներին նկատի ունի,- Կարծում եմ՝ այն երկու, որոնց հետ երեկ և այսօր հանդիպել է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ ՌԴ և Իրան»:
Հիշեցնենք՝ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավիրած եռակողմ՝ Փաշինյան-Ալիև-Պուտին բանակցությունների արդյունքում հաստատված եռակողմ համաձայնեցված հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Նշելով ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առանցքային ներդրումն իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում, ընդգծեցինք տարածաշրջանում իրավիճակի կայունացմանն ուղղված կոնտինգենտի ջանքերի արդիականությունը։
Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ սպառնալիքի կիրառումից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Ալմա Աթայի 1991թ. հռչակագրի»։
Հիշեցնենք նաև, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովն օրերս դիմել էր Ռուսաստանի Դաշնությանը` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով:
«Հաշվի առնելով Ռուսաստանի պատմական դերակատարությունը մեր տարածաշրջանում` խաղաղության և կայունության ապահովման գործում, և մասնավորապես, ագրեսոր Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված 2020 թվականի 44-օրյա պատերազմի դադարեցմանն անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությունը` դիմում ենք Ռուսաստանին` Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով։ Առաջարկում ենք՝ հաշվի առնելով նաև Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգները` ներդնել ռազմական և քաղաքական լրացուցիչ մեխանիզմներ»,- մասնավորապես ասված էր հայտարարությունում։