Փաշինյանը կրկին խեղաթյուրում ու կեղծում է փաստերը

Մեկ անգամ չէ, որ Նիկոլ Փաշինյանը խեղաթյուրել ու կեղծել է փաստերը։ Բայց այն, ինչ հայտարարեց ՔՊ համագումարում, ուղղակի զավեշտ է։

Ասում է՝ կատարել ենք պետական բյուջեի եկամուտներն ավելացնելու վերաբերյալ տրված խոստումը։

«Մենք խոստացել ենք, որ պետական բյուջեի եկամուտները՝ 1-2 տարվա ընթացքում, կմեծացնենք ու կդարձնենք 35-40 տոկոս։ Այդ խոստումն ի կատար է ածվել. ամենաթարմ տվյալներով, մենք 2022 թվականի արդյունքներով 2018 թվականի նկատմամբ պետական բյուջեի եկամտային մասն ավելացնում ենք շուրջ 578 մլրդ դրամով, որը շուրջ 43 տոկոս է»,- ՔՊ համագումարում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Սա բացահայտ կեղծիք է, ու դա հաստատում է Նիկոլ Փաշինյանը։ Ասում է՝ խոստացել էինք բյուջեի եկամուտները 35-40 տոկոսով ավելացնել 1-2 տարում։ Իսկ քանի՞ այդպիսի 1-2 տարի է անցել 2018-ից մինչև 2022թ.։

Նիկոլ Փաշինյանի հայտարարած եկամուտների ավելացումը, որը, դեռ հարց է՝ այդպես կլինի, թե ոչ, կատարվել է ոչ թե 1-2, այլ 4-5 տարում։ Մի քանի անգամ ավելի երկար ժամանակում, քան խոստացել էին։ Խոստացել էին բյուջեի եկամուտները 35-40 տոկոսով ավելացնել 1-2 տարում, ավելացրել են 4-5 տարում։

Նույն հաջողությամբ դա կարող էին անել 10 տարում ու ասել, թե՝ խոստումը կատարել ենք։

Որ բյուջեի եկամուտները 5 տարում ավելացել են, այլ բան չէր էլ կարող լինել։

Այնպես չէ, որ նախկինում բյուջեն չի ավելացել։ Եղել են ժամանակներ, երբ մեկ տարում ենք եկամուտների 30 և ավելի տոկոս աճ ունեցել։

Հինգ տարում 43 տոկոսանոց աճը մեծ բան չէ, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ինչի արդյունքում է դա եղել։

Վերջին տարիների բյուջեի եկամուտների ավելացման կարևոր գործոններից մեկը եղել է բարձր գնաճը։ Միայն անցած ու այս տարվա համախառն գնաճն անցնում է 17-18 տոկոսից։ Չհաշված դեռ նախորդ 3 տարիների գնաճները։

Բյուջեի եկամուտներից հանեք գնաճի ազդեցությունը և կտեսնեք, թե ինչքան են ավելացել իրական եկամուտները։

Չասենք, թե դրանում ինչ դեր են ունեցել կատարված օրենսդրական փոփոխություններն ու հարկային բեռի ծանրացումները։ Դրանցից մեկն էլ վերաբերում է ենթաակցիզային ապրանքների հարկման դրույքաչափերի բարձրացմանը, որի հետևանքով սպառողները ստիպված են եղել հարկերի տեսքով ավելի շատ գումարներ վճարել պետական բյուջե։ Խոսքը խմիչքների, ծխախոտի, վառելիքի և բազմաթիվ այլ ապրանքների ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացման մասին է։

Այս տարի ունենք բյուջեի եկամուտների բարձր կատարողական, Նիկոլ Փաշինյանը կրկին հիշել է 2018թ. տված խոստումը՝ եկամուտները 1-2 տարում 35-40 տոկոսով ավելացնելու վերաբերյալ։ 2020թ., երբ բյուջեի եկամուտները նվազում էին, այդ մասին մոռացել էին։ Այժմ կրկին հիշել են։

Բայց հավանաբար էլի կմոռանան. առաջիկայում այնքան էլ լավ ժամանակներ չեն սպասվում բյուջեի եկամուտներին, ու կարող ենք կրկին կանգնել դրանք չկատարելու փաստի առաջ։ Հաջորդ տարվա համար նման հավանականությունը շատ բարձր է։ Ու հավանաբար նաև այդ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանն այժմ է խոսում եկամուտներն ավելացնելու խոստումը կատարելու մասին։

Շատ թե քիչ, 4-5 տարում բյուջեի եկամուտները, իհարկե, պիտի ավելանային։ Բայց եկամուտների ավելացումն ինքնանպատակ չէ։ Տեսնենք, թե դրա արդյունքում այդ 4-5 տարում ինչ են ստացել հասարակության սոցիալապես անապահով խավերը, մասնավորապես՝ թոշակառուներն ու նպաստառուները։

2018թ. հետո երկու անգամ բարձրացրել ենք թոշակները, ևս մեկ անգամ էլ պատրաստվում ենք բարձրացնել 2023թ., ասում է Նիկոլ Փաշինյանը։ Բայց խուսափում է դա ցույց տալ կոնկերտ թվերով, խուսափում է ասել, թե ինչքանո՞վ են բարձրացրել թոշակներն ու նպաստները։

Չորս-հինգ տարում Նիկոլ Փաշինյանի կառավարությունները թոշակները բարձրացրել են 6 հազար դրամով. 3 հազարով՝ 2020թ., և 3 հազարով՝ այս տարվա սեպտեմբերից։ Այդ նույն ժամանակահատվածում Հայաստանում գնաճն անցնում է 20 տոկոսից։ Սննդամթերքի պարագայում գրեթե կրկնակի ավելի բարձր է։

Թե այդ գնաճը գումարային արտահայտությամբ ինչքան է կազմում, սպառողները լավ գիտեն։ Վեց հազար դրամը, գնաճի անգամ կեսի-կեսի ազդեցությունը չի փակում։ Սա նշանակում է, որ այդ մարդիկ 4-5 տարի առաջվա համեմատ ոչ միայն ավելի լավ չեն ապրում, ինչպես խոստացել էին ու վաղուց արդեն մոռացել, այլև շատ ավելի վատ են ապրում։ Իբր այնքան շատ էին բարձրացրել թոշակները, մի մասն էլ հետաձգում են հաջորդ տարվա կեսերին, ինչ է թե, թոշակառուների վրա փող խնայեն, որպեսզի իրենց պարգևավճարները չտուժեն։

Թոշակները բարձրացնելու մասին են խոսում, բայց չեն ասում, թե այդ ընթացքում ինչքան պարգևավճար են բաժանել։ Ու եթե չվճարեին դրանք, ինչ կարելի էր անել այդ գումարներով՝ ինչպես սոցիալական ու տնտեսական, այնպես էլ՝ անվտանգության ու պաշտպանության առումներով։

Որ Հայաստանում տնտեսության աճն այս տարի կարող է երկնիշ լինել, իսկապես կառավարության շնորհքը չէ, ու դա մեկը չի ասում, երկուսը չի ասում։ Բոլորն էլ հասկանում են, թե դա ինչի արդյունք է։ Բայց Նիկոլ Փաշինյանը Նիկոլ Փաշինյանը չէր լինի, եթե այստեղ էլ իր «հանճարեղ» բացահայտումները չաներ։

«Մեր երկիրը գտնվում է երկնիշ տնտեսական աճի փուլում։ Շատերն ասում են, որ կառավարությունը չէ տնտեսական աճի հեղինակը, և սա ասում են՝ որպես քննադատություն։ Իրականում սա կոմպլիմենտ է, քանի որ մեր ամբողջ տեսությունը նրա մեջ է, որ կառավարության թիվ մեկ խնդիրն է եղել չխանգարել տնտեսությանը զարգանալու և աճելու ճանապարհին։ Մենք հավատարմորեն մնացել ենք այդ գծի վրա։ Հայաստանում չկան տնտեսական մենաշնորհներ, չկան արտահանման և ներմուծման քվոտաներ, և սա փաստ է։ Մենք ասել ենք, որ տնտեսական բնագավառում մեր մեծագույն խնդիրները հնարավորություններ ստեղծելն է, հենց գործարարները պետք է օգտվեն այդ հնարավորությունից, և այս փաստն ի կատար է ածված»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Ինչ կապ ունի կառավարության ստեղծած տնտեսական միջավայրի հետ այն, որ ռուս-ուկրաինական իրադարձություններով պայմանավորված՝ մարդիկ հարկադրված եկել են Հայաստան ու նաև փող են ծախսում։ Կամ, որ կապիտալը պտտվում է Հայաստանի բանկային համակարգում, բանկերն էլ բարձրացրել են կոմիսիոն վճարներն ու ցուցանիշները վերելք են ապրում։

Սա մեր տնտեսության ու տնտեսական միջավայրի հետ բացարձակ կապ չունի, այնպես, ինչպես արձանագրվող տնտեսական աճը՝ կառավարության աշխատանքի հետ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

Տեսանյութեր

Լրահոս