«Այդ 50 տոկոսն ընդամենը փոխարժեքի վրա խաղի արդյունք է». Տնտեսագետը՝ պարտք/ ՀՆԱ ցուցանիշի կանխատեսվող բարելավման մասին
7 տոկոս տնտեսական աճ, 2 տրիլիոնը գերազանցող հարկային եկամուտներ, ավելացող կապիտալ ծախսեր. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. ֆինանսական գլխավոր փաստաթղթի նախագծի քննարկման ժամանակ այս ցուցանիշները ներկայացրեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:
Նկատենք՝ Կնետրոնական բանկն առավել համեստ է իր կանխատեսումներում և, ի տարբերություն կառավարության՝ հաջորդ տարվա համար կանխատեսում է 4.5 տոկոս տնտեսական աճ:
Ի դեպ, նախարար Խաչատրյանը խոսեց նաև պետական պարտք/ՀՆԱ ցուցանիշի բարելավման անհրաժեշտության մասին:
«2021 թ. արդյունքներով՝ պարտքը ՀՆԱ նկատմամբ գտնվում էր դեռևս էապես բարձր մակարդակի վրա՝ 60.3 տոկոս ՀՆԱ նկատմամբ, և մենք կառավարության գործունեության ծրագրի ժամանակահատվածում պետք է հասնենք նրան, որ այդ ցուցանիշը չլինի ավելի բարձր, քան ՀՆԱ 50 տոկոսն է»,- նշել էր Տիգրան Խաչատրյանը:
Արդյո՞ք այն իրավիճակային գործոնները, որոնք նպաստել են այս տարի տնտեսական իրավիճակի բարելավմանը, կպահպանվեն նաև եկող տարի, ինչո՞վ են պայմանավորված կառավարության լավատեսական սպասումները՝ հետաքրքրվեցինք տնտեսագետ Հրանտ Միքայելյանից:
«Իրականում, տնտեսության վիճակը չի բարելավվել՝ ուղղակի տնտեսությանը գումարվել է դրսի գործոնը, որը տնտեսությունը չի գեներացնում (տնտեսությունը մի քիչ օգտվել է): Ինչ վերաբերում է հաջորդ տարի այդ գործոնի պահպանմանը՝ դա անկախատեսելի է: Ամեն դեպքում, այդ դրսի գործոնը պետք է առանձնացնել և հաջորդ տարվա գնահատականից հանել, այսինքն՝ հաշվարկել ՀՀ հավանական տնտեսական ցուցանիշները՝ առանց այս դրսի ազդեցության, և եթե այն պահպանվեց դրականորեն, ապա նաև դա գումարել»,- ի պատասխան՝ նշեց տնտեսագետը:
Անդրադառնալով պարտք/ՀՆԱ հարաբերակցությանն ու կանխատեսումներին, թե այն 2023 թ. վերջին կնվազի՝ հասնելով շուրջ 50%-ի՝ Հրանտ Միքայելյանը նկատեց, որ դրամի արժևորման պարագայում դոլարով նոմինացված պարտքը սկսում է էժանանալ ՀՆԱ համեմատ:
«Այդ պատճառով այս պահի դրությամբ դոլարով վերցված պարտքի բեռը տեխնիկապես նվազել է: Ու եթե դրամը 20 տոկոսով արժևորվում է, ապա արտաքին պարտքը կարող է 20 տոկոսով արժեզրկվել. այսպիսով, դրամի փոխարժեքի տատանումներն ազդում են պարտք/ՀՆԱ հարաբերակցության վրա (բայց ոչ զուտ պարտքի վրա), և այդ պատճառով է գուցե նվազում ակնկալվում: Բայց այստեղ հարց է առաջանում՝ իսկ արդյո՞ք ՀՀ-ն կարող է ընդմիշտ ունենալ 400 կուրսը դոլարի նկատմամբ: Ըստ իս՝ ոչ: Կարծում եմ՝ չարժե այդ հաշվարկով առաջնորդվել: Այս պարագայում, ստացվում է՝ այդ 50 տոկոսն ընդամենը փոխարժեքի վրա խաղի արդյունք է,- մանրամասնեց տնտեսագետը, ապա անդրադարձավ առհասարակ, պարտքային բեռին՝ նկատելով,- Մեզ մոտ 2022 թ. ընթացքում դոլարով նոմինացված պարտքը նվազել է, իսկ դրամով՝ աճել է, և, ընդհանուր առմամբ, պետական պարտքն է աճել. այստեղ կրկին հարց է առաջանում՝ եթե մենք ունենք լուրջ տնտեսական աճ, որը չէր կանխատեսվում և գերազանցել է սպասվող ցուցանիշները, ինչո՞ւ ենք մենք նոր պարտք վերցնում՝ օրինակ,պարտատոմսեր վաճառելով, եթե դրա կարիքը չկա»:
Այս համատեքստում տնտեսագետը հիշեցրեց աքսիոմատիկ ճշմարտությունը՝ եթե տնտեսական վիճակը լավ է, ապա պարտքը պետք է նվազի՝ մինչդեռ ՀՀ պարտքն արդեն 10 միլիարդ դոլարին է հասել: