Բաժիններ՝

«Արգիշտիս մինչև վերջ պայքարել է, չի լքել դիրքը». 19-ամյա Արգիշտին վիրավոր վիճակում պահել է ընկերների թիկունքը

2022 թվականի սեպտեմբերի  13-ին թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա Արգիշտի Ստեփանյանը։

Արգիշտին Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից էր, ընտանիքի միակ որդին, ունի իրենից փոքր 1 քույր։ Զոհված զինծառայողի մայրը՝ Թամար Սիմոնյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց՝ որդին դպրոցում գերազանց էր սովորում, որոշել էր ուսումը շարունակել և նախքան զորակոչվելը հասցրել էր միասնական քննությունները հանձնել։

«Արգիշտիս շատ համեստ, չափից դուրս խղճով, խելացի տղա էր։ Շատ էր սիրում գրականություն և հայոց պատմություն առարկաները, գերազանց էր սովորում։ 12-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվեց հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետ։ Ուզում էր հայրենիքին ծառայեր, վերադառնար, նոր սովորեր։ Միասնական քննությունները տվեց ու զորակոչվեց, բանակում իմացավ, որ ընդունվել է համալսարան»,- պատմեց զոհված զինծառայողի մայրը։

Կարդացեք նաև

2021 թվականի ամռանն էր Արգիշտին մեկնել ծառայության։ Նախ ծառայել էր Խնձորեսկում, ապա տեղափոխվել Գորիսի զորամաս։

«Գորիսի «Զանգեր» կոչվող զորամասում էր ծառայում։ Երբ ծառայության 5-րդ ամիսը լրացավ՝ բարձրացավ դիրքեր։ Սեպտեմբերի 13-ին սկսված մարտերի ժամանակ Իշխանասարում է եղել տղաս։

Ինքը պետք է արձակուրդ գար, 3 օր էր մնացել, որ իջներ դիրքերից ու գար, երկրորդ արձակուրդը չէր ստացել։ Բայց անընդհատ ասում էր՝ լարված վիճակ է, մամ ջան, ո՞նց գամ, չեմ կարող գամ, չեմ ուզում ընկերներիս թողնեմ գամ։ Օգոստոսին 5 օրով արձակուրդ էին տվել, բայց չէր ուզել, ասել էր՝ ուզում եմ դիրքեր բարձրանամ։ Երևի զգացել է, որ լարվածություն կա, դրա համար չէր ուզել։ Նվիրված ծառայում էր, մի օր բողոք չենք լսել, ցուրտ է եղել, ձմռանը սարերում ահավոր է եղել, բայց մի անգամ չի բողոքել, իր բնավորությունն է այդպիսին եղել, միշտ լավ է տրամադրված եղել, սիրում էր հայրենիքին ծառայել․․․

Առաջին արձակուրդը Արգիշտիս այս տարվա փետրվարի 4-ին էր եկել, էդ ժամանակ ենք տեսել իրեն ու էլ չենք տեսել։ Չէր թողնում, որ գնայինք մոտը, չէր ուզում նեղություն տար, բնավորությամբ այդպիսին էր, ասում էր՝ հես ա 2-րդ արձակուրդը կտան, կգամ, մամ ջան, այդքան ճանապարհ էլ մի եկեք»,- պատմեց տիկին Թամարը։

Որդեկորույս մայրը պատմեց, երբ վերջին անգամ խոսել է որդու հետ, տարօրինակ բան է զգացել, սակայն Արգիշտին հանգստացրել է  նրան՝ ասելով, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, անհանգստանալու կարիք չկա․

«Արգիշտիս գիտեր, որ ես բնավորությամբ անհանգիստ եմ, պարտադիր ամեն օր զանգում էր, որ դիրքում կապ էլ չէր լինում, բարձրանում էր սարի վրա, զանգում էր, տեղյակ էր պահում, որ ինքը լավ է, ամեն ինչ նորմալ է իր մոտ, չմտածենք։

Վերջին անգամ ես եմ խոսել տղայիս հետ, սեպտեմբերի 11-ն էր, զգացի, որ մոտը խառնաշփոթ էր, հարցրեցի՝ Արգիշտ ջան, տրամադրությունդ ինչի՞ է ընկած, չասեց։ Ասաց՝ մամ ջան, լրիվ նորմալ է, տեղս հարմար չի, կզանգեմ․․․

Սեպտեմբերի 12-ին չեմ խոսել տղայիս հետ, հաջորդ օրը պատերազմը սկսվեց․․․

Ես սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 6-ին եմ իմացել, որ պատերազմ է սկսվել, հեռուստացույցով էլ էին ցույց տալիս, որ հատկապես Իշխանասարի ուղղությամբ են թեժ մարտեր։ Անհանգստացանք, ամուսինս անմիջապես գնաց Գորիս, բայց ոչ մի լուր։

Ասում էին՝ վիրավոր է, հես ա կիջացնեն։ 3-4 օր ման եկանք Արգիշտիս, ոչ մի լուր։ Հետո ընկերոջն են հանդիպել, որը Արգիշտիս հետ նույն պոստում են եղել։ Պատմել է, որ Արգիշտս ծանր վիրավորվել է, բայց վիրավոր վիճակում էլ կռվել է, հետո զգացել է, որ արնաքամ է լինում, ընկերը մի քիչ ներքև է իջեցրել տղայիս։ Արգիշտը չի ուզել, որ իրեն իջեցնեն, ընկերն էլ զենքը կորցրած է եղել, ասել է՝ իմ զենքը վերցրեք, գնացեք, ու էլ լուր չեն ունեցել․․․

Դեպքից օրեր անց ընկերն ասել է՝ ես գիտեմ, թե որտեղ եմ իրեն թողել։ Չեզոք դիրքում էր մնացել 4-5 օր։ Իջեցրին․․․»։

Տիկին Թամարն ասաց, որ սեպտեմբերի 18-ին են գտել որդուն։ Սեպտեմբերի 21-ին Արագածավանի գերեզմանատանը տեղի է ունեցել Արգիշտիի հուղարկավորությունը։

«Դատաբժշկական եզրակացության մեջ նշված է, որ կրծքավանդակի բեկորային վիրավորումից է զոհվել։ Տարբեր վիրավորումներ է եղել, բայց մահացուն դա է եղել, արկի հարվածից է եղել։

Ծառայակից ընկերներից պատմել են, որ Արգիշտիս մինչև վերջ պայքարել է, չի լքել դիրքը։ Նահանջի հրամանին չի ենթարկվել։ Երբ նահանջ են տվել, իմացել է, որ կողքի պոստում երեխա է եղել, ասել է՝ թող ինքն էլ իջնի, նոր կնահանջեմ, ընկերասեր էր, խղճով էր, խիղճը չի՛ տարել, որ վերևում երեխա մնա, ինքը իջնի, մինչև վերջ կրակը պահել է, որ տղերքը իջնեն․․․ Իրենց պոստում համարյա բոլորը զոհվել են, 3-4 հոգի են ողջ մնացել, որոնցից մեկը այդ տղան էր, որ որդուս իջեցրել է ներքև․․․»։

Տեսանյութեր

Լրահոս