Փաշինյանական «դեմարշ» ընդդեմ Մոսկվայի․ «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ «շրջանառվում» է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի, այսպես կոչված, վաշինգտոնյան տարբերակը։ Եվ ճիշտ է՝ դեռևս պաշտոնական հաստատում չկա, բայց որ այդ տարբերակի գոյությունը չի հերքվել, դա արդեն խոսուն իրողություն է։ Ըստ այդմ, պատահական չեն խոսակցությունները, թե Պրահայում հենց այդ փաստաթղթի շուրջ է եղել Փաշինյանի, Ալիևի ու Էրդողանի զրույցների հիմնական թեման։ Անգամ Աստանայի հանդիպման ժամանակ Ալիևը հատուկ ակնարկներ էր անում, թե Պրահայում հենց այդ տարբերակն են քննարկել։ Բնականաբար, պայմանագրի այս տարբերակում տեղ գտած պայմանները Արևմուտքի՝ առաջին հերթին Վաշինգտոնի միջամտության արդյունք են։
Իսկ Արևմուտքին, մեծ հաշվով, ոչ այնքան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորումն ու խաղաղությունն է հուզում, որքան Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու հարցը։ Այլապես հաշտության պայմանագրի արևմտյան տարբերակում տեղ չէր գտնի այնպիսի դրույթ, որում նշվում է, թե «Ադրբեջանը կներկայացնի այն անձնավորությանը, որը կաշխատի ԼՂ–ի հայ էթնիկ համայնքի կողմից նշանակված ներկայացուցչի հետ` քննարկումներ անցկացնելու ԼՂ բնակիչների իրավունքների և անվտանգության վերաբերյալ»։ Ստացվում է, որ այդ պայմանագրով Հայաստանը վերջնականապես հրաժարվում է արցախահայության իրավունքների պաշտպանությունից, Արցախին որևէ կարգավիճակ չի տրվում, ու այնտեղ ապրող հայության ճակատագիրը փաստացի թողնվում է Ալիևի հայեցողությանը, որն էլ բացեիբաց հայտարարում է, թե Արցախում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են, իսկ նրանք, ովքեր կհրաժարվեն այդ քաղաքացիությունից, պետք է հեռանան։
Արևմուտքի միջնորդությամբ ընթացող բանակցություններում ընդգծվում է, որ պայմանագիրը կնքվելու է մինչև տարեվերջ։ Իսկ ինչո՞ւ է այդքան շտապում Արևմուտքը, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը օր առաջ հաշտության պայմանագիր կնքեն։ Նախ՝ Արևմուտքը փորձում է իր նախաձեռնած տարբերակով ռուս խաղաղապահներին դուրս բերել Արցախից, իսկ հետո պայմաններ ստեղծել, որ Հայաստանը ևս պոկվի Ռուսաստանից։ Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ հաշտության պայմանագրի շուտափույթ կնքման մասին խոսակցություններին զուգահեռ տեղեկություններ են տարածվում Սոչիում Փաշինյանի, Ալիևի և Պուտինի հանդիպման մասին։ Այս հանդիպման հետ կապված առանցքային նրբություններն էլ հաշվի առնելով՝ հավանական են զարգացումների մի քանի տարբերակներ։
Հնարավոր զարգացումներից մեկը, որին ՀՀ իշխանությունները մեծ ուժով ձգտում են, այն է, որ Սոչիի հավանական հանդիպումը լինի սոսկ «արձանագրային», իսկ Սոչիից վերադառնալուց հետո Պուտինի «թիկունքում» Փաշինյանն անմիջապես ստորագրի «վաշինգտոնյան» փաստաթուղթը։ Սակայն մյուս կողմից էլ՝ ենթադրելի է, որ Ռուսաստանը այդպես հեշտ չի զիջելու իր ազդեցությունը և մինչև վերջ պաշտպանելու է իր շահերը։ Այնպես որ, Սոչիի հանդիպումը, եթե, իհարկե, կայանա, կարող է շրջադարձային լինել՝ հնարավոր մի քանի ելքերով: Այս ամենի մեջ առավել ուշագրավ է, թե ինչ դիրքորոշում են ցուցաբերում ՀՀ իշխանությունները։ Հատկապես վերջին շրջանում նկատելի է Հայաստանում իշխանական ու մերձիշխանական քարոզչամեքենայի կողմից հակառուսականության քարոզի դոզայի աննախադեպ ավելացումը։
Ու այս ամենի ֆոնին հանկարծ պարզվում է, որ Զատուլինը (ապա նաև՝ Մարգարիտա Սիմոնյանը) Հայաստանում անցանկալի անձ է ճանաչվել, նրա մուտքն արգելված է մեր երկիր։ Ի դեպ, երևի թե սա զարմանալի չէ այս իշխանությունների դեպքում, որովհետև Զատուլինը միշտ էլ հանդես է եկել պրոհայկական և Արցախի իրավունքների պաշտպանության դիրքերից ու պարբերաբար այցելել է Հայաստան ու Արցախ։ Միևնույն ժամանակ, Զատուլինը ռուսական այն եզակի խիզախ քաղաքական գործիչներից է, որը պաշտպանել է հայկական շահերը անկախ Ադրբեջանի քաղաքական ճնշումների փորձերից ու անգամ Արցախ այցելելու և Արցախի իշխանությունների հետ հանդիպումներ ունենալու համար նա դեռևս 2010 թվականին հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»։
Զատուլինին ու Սիմոնյանին անցանկալի անձ հայտարարելու իրողությունը լրացուցիչ թեմա է տալիս արևմտամետ և հատկապես «գրանտակեր» շրջանակներին, որպեսզի նրանք մեծ ոգևորությամբ գովերգեն այս քայլը և նորովի բորբոքեն հակառուսական տրամադրություններ այն համատեքստում, թե իբր դրանով Հայաստանը պաշտպանում է իր ինքնիշխանությունը։ Այս ամենն, իհարկե, շատ ավելի հետաքրքիր նրբերանգներ է ստանում Սոչիի հանդիպումից առաջ: Ասել, թե ռուսները աչք են փակելու փաշինյանական նման դեմարշների վրա, նշանակում է լավ չճանաչել Ռուսաստանը: Թեպետ, մյուս կողմից, եթե հայրենասեր, հայրենիքի գիտակցում ունեցող հայերի մուտքն են արգելում Հայաստան՝ միայն նրա համար, որ «քլնգել» են իշխանություններին, հայասեր, հայամետ այլազգիների մուտքն արգելելն ի՞նչ մի բարդ բան է Փաշինյանի համար»: