Ինքնիշխանության դեմ բռնի գործողությունների և դրանց հրապարակային կոչերի հոդվածի նոր փոփոխությունների մանիպուլյացիաները. Ի՞նչ հարց են լուծում իշխանությունները
Հոկտեմբերի 22-ին Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին նախագիծը:
Ըստ հեղինակների՝ նախագծի նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է:
Նշվում է, որ եվրոպական պետությունների քրեական օրենսգրքերում առանձին պատասխանատվություն է նախատեսված պետության ինքնիշխանության դեմ ուղղված բռնի գործողությունների և դրանց հրապարակային կոչերի համար:
Օրենքի նախագծով առաջարկվում է ՔՕ 421-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
Ինքնիշխանությունից հրաժարվելուն՝ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից տասնհինգ տարի ժամկետով»:
Նախագիծը կքննարկվի մինչև նոյեմբերի 6-ը։
Առաջին հայացքից թվում է՝ լեգիտիմ նպատակ հետապնդող փոփոխությունների մասին է խոսքը, սակայն երբ խորանում ես դրանց էության մեջ, ակնհայտ է դառնում, որ հերթական աբսուրդային և կիսագրագետ օրինագծով փորձ է արվում քրեական օրենսգիրքը լրացնել ևս մեկ մեռելածին, քաղաքական տեխնոլոգիաների կանոններով զուտ սեփական PR-ը (փիառ) ապահովող մի նորմով, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում այնպիսի արարքի համար, որն իբր մինչ այս պահը չի հանդիսացել քրեորեն հետապնդելի:
Օրինագծի խոցելի հատվածներին անդրադառնանք կետերով՝
Այս նախաձեռնությամբ արտաքուստ խորամանկ, բայց իրականում անչափ պարզամիտ պատրանք է ստեղծվում հետևյալ կատարյալ սխալ մտայնությունների առնչությամբ՝
1. Մինչ այս պահը պետության ինքնիշխանությունից հրաժարվելու բոլոր դրվագները չեն կարող առաջացնել քրեական պատասխանատվություն, քանի որ այդպիսիք իբր նախատեսված չեն եղել օրենսգրքով: Մինչդեռ անկախ նրանից, թե ինքնիշխանությունից հրաժարվելը տեղի է ունեցել բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով կամ հոժարակամ՝ հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության, արդեն իսկ քրեորեն դատապարտելի արարքներ են: Վերջին հաշվով, պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելն արդեն իսկ նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով որպես քրեական հանցագործություն: Հավելենք, որ հօգուտ այլ պետության ինքնիշխանությունից հրաժարվելն ինքնին թշնամական գործունեություն է, որը ՀՀ քրեական օրենսգրքով որակված է որպես պետական դավաճանություն, որի համար նախատեսված է ազատազրկում՝ 15-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, մինչդեռ՝ օրինագծով բավարարվել են 12-15 տարի ժամկետով ազատազրկմամբ: Կան նաև այլ հոդվածներ, որոնք ևս վերաբերում են իբր նորույթ հանդիսացող հանցակազմին, ուղղակի դա կախված կլինի կոնկրետ հանգամանքներից:
Մի խոսքով` սա մեռելածին նորմ է, իսկ պետության ինքնիշխանությունից հրաժարվելու մինչ այս ենթադրյալ արձանագրված դեպքերը չեն կարող անպատիժ մնալ:
2. Այս ամենն անում են, որպեսզի իբր կանխվի Միութենական պետությանը՝ Ռուսաստան-Բելառուս միությանը մասնակցելու նկրտումները, ինչը նաև արևմուտքին սիրաշահելու պրիմիտիվ փորձ է:
Նախ որևէ վերպետական կազմակերպությանը միանալու հարցը ոչ թե կոնկրետ պաշտոնյայի որոշելիքն է, այլ միայն հանրաքվեով լուծման ենթակա հարց է՝ համաձայն Սահմանադրության 205-րդ հոդվածի: Այս տեսանկյունից այս նախաձեռնությունը ոչ կենսունակ է, քանի որ ինքնիշխանությունից հրաժարվելու ոչ մի պաշտոնյայի որոշում չունի իրավական արժեք, քանզի այդպիսի որոշում կայացնելը չի մտնում վերջինիս լիազորությունների մեջ:
Այլ է խնդիրը, երբ պաշտոնյան, տվյալ դեպքում՝ վարչապետը, շրջանցելով Սահմանադրությունը և օրենսդրությամբ սահմանված կարգը, ստանձնում է միանձնյա որոշումներ կայացնելու, այդ թվում՝ առանց ՍԴ-ի դրական որոշման և ԱԺ-ի կողմից վավերացման, իսկ առանձին հարցերով նաև առանց հանրաքվեի, միջազգային պայմանագրեր կնքելու առաքելություն, որոնք հենց իր կողմից էլ անարգել կիրառման մեջ են դրվում և դե ֆակտո առաջացնում իրավական հետևանքներ: Սրա ցայտուն օրինակն է Նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթուղթը:
Սա, ըստ էության, Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված պետության ինքնիշխանության և իրավական պետության ամբողջովին դադարեցումն է, որը ՀՀ քրեական օրենսգրքի 420-րդ հոդվածով որակված է որպես «Սահմանադրական կարգի տապալում» և որի համար ևս նախատեսված է մինչև 15 տարի ազատազրկում:
Օրինագծի այլ թերությունների մասին՝
- Օրինագծի հիմնավորման մեջ սխալ է ներկայացված պետության ինքնիշխանության էությունը. «Պետության ինքնիշխանությունը (պետական ինքնիշխանությունը)՝ պետությանը բնորոշ գերակայությունն է իր տարածքում և անկախությունը միջազգային հարաբերություններում»: Այստեղ անտեսվել է այն պարզ, դասագրքային իրողությունը, որ պետությունը անկախ պետք է լինի ոչ միայն միջազգային, այլև ներքին հարաբերություններում, իսկ սխալը հավանաբար թելադրված է ոչ համարժեք աղբյուրի վրա հղում անելու մարմաջով:
- Օրինագծով ավելի մեղմ պատժաչափ է նախատեսված, քան նույնաբնույթ, անգամ առավել նվազ հանրային վտանգավորություն ունեցող արարքների համար:
- Ընդհանրապես ինքնիշխանությունից հրաժարվելը տեղի է ունենում ապօրինի միջազգային պայմանագրերի հիմքով, որոնք, որպես կանոն, կնքվում են անձնական շահագրգռվածության կամ բռնության արդյունքում: Ինչ վերաբերում է անձնական շահագրգռվածությանը, ապա սա պետական դավաճանության դասական դրսևորում է, ուստի չարժե փոխկապակցել այս նախաձեռնության հետ: Իսկ բռնության ազդեցության տակ կնքված պայմանագրերը ի սկզբանե առոչինչ են և չպետք է առաջացնեն իրավական հետևանքներ: Այսպես, 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումը հենց Նիկոլ Փաշինյանն է հավաստիացրել, որ եղել է բացահայտ ճնշումների ազդեցության ներքո, մասնավորապես, պատճառաբանել է, որ պատերազմ սանձազերծած կողմը սպառնացել է, որ կսպանի ևս 25 հազար երիտասարդ զինվորի: Այս և նմանաբնույթ այլ դեպքերում միջազգային պայմանագրերը՝ «Միջազգային պայմանագրային իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի ուժով ճանաչվում են առոչինչ, մինչդեռ իշխանությունները իրենք են հետևողականորեն նպաստել, որ ոչ միայն այդ հայտարարությունը անարգել ի կատար ածվի, այլև ուղեկցվի նորանոր և այդ միջազգային պայմանագրով չնախատեսված տարածքներով:
Միջազգային փորձը ցույց է տալիս, որ երբեմն ապօրինի միջազգային պայմանագրերը հոժարակամ կնքելու իրողությունը թաքցնելու նկատառումով, բեմականացվում են պատերազմներ, սակայն մոռանում են, որ միևնույն է, բռնության արդյունքում կնքված միջազգային պայմանագիրը համարվում է առոչինչ:
Եվ վերջում՝ պետության ինքնիշխանությունից հրաժարվելը քրեորեն պատժելի արարք է՝ անկախ նրանից՝ դա արվում է բռնի կերպով, կոչերով, թե ինչ-որ մեկի կողմից խաղաղ, փաստաթղթային ճաապարհով:
Ի դեպ, գործող Քրեական օրենսգիրքը բավականին հետաքրքիր վերաբերելի հոդվածներ ունի, որոնք երբևէ կարող են կիրառվել 2018թ.-ից հետո տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ:
Հոդված 421. Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները
Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:
Հոդված 422. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը
1. Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը` պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով: