«Մամ ջան, քեզ լավ նայիր, ինչ էլ լինի՝ դուխդ չգցես․․․»․ այսօր 44-օրյա պատերազմի մասնակից Ժորա Մարտիրոսյանի զոհվելու 2-րդ տարելիցն է

Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից, ժամկետային զինծառայող, տանկիստ Ժորա Մարտիրոսյանի զոհվելու 2-րդ տարելիցի կապակցությամբ  «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ նրա շիրմին, այցի էին եկել հարազատները, ընկերները, պատերազմում զոհված զինծառայողների ծնողները։

Ժորա Մարտիրոսյանը ծնվել էր 2001 թվականի հունիսի 10-ին Երևանում։ 15 տարեկան էր, երբ ընտանիքը որոշեց տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն։ Սակայն 18 տարին դեռ չլրացած Ժորան ծնողներին հայտնել է իր  որոշման մասին՝ վերադառնալ Հայաստան և ծառայել հայկական բանակում։

«Երեք-չորս ամիս առաջ հայտարարեց, որ անկախ մեր ցանկությունից, ինքը պետք է գա ու ծառայի, չի կարող չծառայել, դա իրենը չի։ Ինքն այդպիսի մարդ էր,  ես չէի կարող իրեն դեմ գնալ, քանի որ, չնայած իր տարիքին, շատ հասուն մարդու պես էր մոտենում հարցերին։ Մենք բոլորս միասին 2019 թվականին վերադարձանք Հայաստան։ Հուլիսի 11-ին Ժորաս զորակաչվեց բանակ»,- 168am-ի հետ զրույցում պատմեց Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը։

Կարդացեք նաև

Ժորան նախ ծառայել էր Արմավիրի ուսումնական զորամասում, իսկ 6 ամիս անց տեղափոխվել Սանասար՝ Կուբաթլու․

«Մեկ տարի երեք ամսվա ծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Ինքը տանկիստ էր ու որպես լավագույններից մեկը՝ մասնակցում էր Ռուսաստանում ընթացող տանկային բիատլոնին։ Պատերազմը երբ սկսվեց, ինքը Հայաստանում չէր, իրենք եկել են պատերազմի երրորդ օրը՝ սեպտեմբերի 30-ին։ Տղաներն էլի պետք է մնային, բայց քանի որ պատերազմ էր, իրենց ընկերներից շատերին կորցրել էին, չէին համբերում, թե երբ պետք է վերադառնային։ Եկան Հայաստան ու օդանավակայանից միանգամից գնացին Սանասար՝ իրենց զորամաս։ Այդ օրը վերջին անգամ տեսա Ժորիս․․․»։

Տիկին Գայանեն պատմեց, որ պատերազմի օրերին պարբերաբար  խոսում էր որդու հետ: Լավ հիշում է՝ վերջին անգամ հոկտեմբերի 21-ի երեկոյան՝ ժամը 20։30-ի սահմաններում էր հեռախոսով խոսել.

«Կրկնազանգ եղավ. Մեր զրույցից 5 րոպե հետո նորից զանգեց, ինչը երբեք չէր անում, երևի մտքով անցնում էր, որ պետք է․․․ Զանգեց, ասաց՝ մամ ջան, քեզ լավ նայիր, ինչ էլ որ լինի՝ դուխդ չգցես․․․ Այդ պահից տագնապ մտավ մեջս, ու լուսադեմին դեպքը եղել է»։

Տիկին Գայանեն հպարտությամբ էր պատմում որդու մարդկային  տեսակի մասին, թե ինչպես իր մտերիմ ընկերոջը միայնակ չի թողել կռվի դաշտում․

«Ինքը եղել է պատերամզի մեջ, երբ եկել է հերթափոխի ժամանակը, Ժորիս շատ մոտիկ ընկերներից մեկը՝ Սարգիսը, որն ունի ընդամենը մի մամա, ուրիշ ոչ մի բան, թաք երեխա է եղել, ու  մայրն էլ հիվանդ էր, ինչի մասին բոլորն իմացել են․ Ժորս տեսել է, որ Սարգիսին ուզում են դիրք բարձրացնեն, ասել է՝ ես չեմ հանգստանում, նորից քո հետ դիրք եմ բարձրանում։ Ասել է՝ դու պատկերացնո՞ւմ ես, որ քո հետ մի բան լինի՝ քո մամային ո՞վ է տիրություն անելու, ընկերոջ հետ նորից  բարձրացել է դիրք։ Բոլորով իրար հետ՝ Ժորս, Սարգիսը, իրենց երրորդ ընկերը՝ Միսակը ու ևս 3 զինվոր միասին զոհվել են Իշխանաձորի հատվածում»։

Հերոսի մայրը պատմեց ծառայակից ընկերների փոխանցածը, որ Ժորան սկզբում կռվել է Ջրականում (Ջաբրայիլ), այնուհետև տեղափոխվել Վարանդա (Ֆիզուլի), Կարմիր շուկա, հետո՝ Իշխանաձոր։ Բայց նաև ասաց, որ որդու անցած մարտական ուղին Պաշտպանության նախարարությունից  իրեն դեռ չեն փոխանցել․

«Ինչքան ժամանակ է, ես իր մարտական ուղին ուզում եմ, ասում են՝ դեռ ընթացքի մեջ է։ Դեռ չեն տվել մարտական ուղին, որ ես հստակ իմանամ, դրանք զինվորների պատմածով եմ ասում, որ այդ տեղանքներում կռվել է»։

Ժորա Մարտիրոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Արիության» մեդալներով։

Տեսանյութեր

Լրահոս