«Երբ թուրքերը մոտեցել են, Կարենս կալցոն քաշել է․․․»․ զոհվածի մայր
2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Ջերմուկի դիրքերում զոհվել է պայմանագրային զինծառայող, 47-ամյա Կարեն Սարգսյանը։
Կարենը Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից էր, ամուսնացած էր, ունի 2 որդի՝ Արգիշտին և Համլետը։
Զոհված պայմանագրայինի մայրը՝ Հերիքնազ Սարգսյանը, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Կարենի մեծ տղան՝ Արգիշտին, 44-օրյա պատերազմին է մասնակցել, Ջրականի (Ջաբրայիլ.- Ն․Խ․) և Սանասարի (Կուբաթլու.- Ն․Խ․) հատվածում է կռվել, իսկ փոքր տղան՝ Համլետը, ծառայութան մեջ էր, երբ հայրը զոհվեց։
«Երեխեն մի տարի երեք ամսվա ծառայող էր․․․ Հոր զոհվելուց հետո ժամանակից շուտ զորացրել են․․․»։
Տիկին Հերիքնազը պատմեց, որ Կարենն առանձնահատուկ սեր ուներ հայրենիքի նկատմամբ, և դրա վառ ապացույցը 20 տարի Զինված ուժերում ծառայելն էր․
«Մի քանի ամսից լրանալու էր ծառայության 20 տարին։ Կարենս մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, 2016 թվականի ապրիլյան պատերազմին, 2020 թվականի 44-օրյա պատերազմին, սա էլ եղավ վերջին պատերազմը։ Չորս պատերազմների է մասնակցել տղաս։ 44-օրյա պատերազմի ժամանակ, դրանից առաջ էլ երկար տարիներ Կարենս Քարվաճառում է ծառայել, բայց, որ Քարվաճառը սկուտեղով մատուցեցին թուրքերին, իրենք ստիպված թողեցին իջան ու իրենց ծառայությունը շարունակեցին Ջերմուկում։ Իրեն Ցուլ էին ասում։
Մի ամիս դիրքերում էր, մի ամիս՝ տանը։ Վերջին անգամ Կարենիս օգոստոսին եմ տեսել․․․ ու գնաց ծառայության»։
Տիկին Հերիքնազը պատմեց, որ որդին վերջին անգամ սեպտեմբերի 14-ին, ժամը 15։00-ի սահմաններում կապի է դուրս եկել քրոջ ամուսնու հետ, տեղեկացրել է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է, անհանգստանալու ոչինչ չկա․
«Ինչ վիճակ էլ լիներ, ինքը միշտ լավն էր ասում՝ ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ կլինի, մեզ ի՞նչ է եղել, որ, լավ ենք։ Հենց այդ օրն էլ դեպքը եղել է։ Մնացածը ինչ գիտենք՝ տղաների պատմելով ենք իմացել, որ իրենք 2 հոգով են եղել՝ Կարենս ու մի տղա, էդ ժամանակ թուրքերը շատ-շատ են եղել, ինքը ռացիայով կապվել է դիրքի տղաների հետ, ասել է՝ իմ վրա դիպուկահար է աշխատում․ հենց էդ ժամանակ դիպուկահարը կրակել է Կարենիս, ինքն ընկել է, թուրքերը եկել են առաջ՝ դեպի իրեն։
Ինքը միշտ իր մոտ նռնակ էր պահում, որպեսզի թուրքի ձեռքը չընկնի, ինքը չէր ընդունում դա։ Էն խաղաղ ժամանակ էլ, որ ինքը պոստի էր, նռնակը պարտադիր իր մոտ պետք է լիներ։
Միշտ իր որդիներին, եղբոր տղաներին ասում էր՝ տղա եք, բանակ գնալու ժամանակն է, հանկարծ կընկնեք էնպիսի վատ վիճակի մեջ, որ էլ ելք չունեք, ձեզ համար անպայման մի բան (նռնակ.- Ն․Խ․) պահեք։ Ասում էր՝ կյանքում թույլ չտաք, որ թուրքը ձեզ գցի իր առաջը, մի հատ էլ խփելով, հայհոյելով՝ տանի, գերի չընկնե՛ք, ձեզ վերացրե՛ք, բայց գերի չընկնեք։ Պատկերացնո՞ւմ եք, ծնողն այդպիսի բաներ էր ասում իր տղաներին․․․
Փաստորեն էս անգամ էլ է իր մոտ նռնակ եղել, ու երբ թուրքերը մոտեցել են, Էդ պահին կալցոն քաշել է․․․ Ափսո՛ս, որ 5 թուրք է սպանել, ափսո՛ս, հազար ափսո՛ս, ավելի շատ պետք է տաներ։ Անգամ էդ վիրավոր վիճակում թուրք է սպանել․․․»։
Չնայած Կարենը զոհվել էր սեպտեմբերի 14-ին, նրա մարմինը հարազատներին փոխանցվել է դեպքից 12 օր անց՝ սեպտեմբերի 26-ին։
«Ծառայակից տղաների պատմելով՝ որդուս մարմինը եղել է շների (ադրբեջանցիների.- Ն․Խ․) մոտ, միայն իրենը չէ, շատերի մարմինները չեն տվել թուրքերը։ Ինքը այն փոխանցված 95 մարմինների մեջ է եղել։ Ամսի 26-ին էդ շները նոր երեխուս մարմինը տվել են, Վրաստանով բերել-հասցրել են Հայաստան, տվել են մեզ։ Այս կիրակի՝ հոկտեմբերի 23-ին, տղայիս քառասունքն է»,- ասաց տիկին Հերիքնազը, ապա ներկայացրեց որդու համար գրված բանաստեղծությունը, որը վերնագրել է՝ Խելացի բալես։
Խելացի բալես
Իմ խորհրդատու, լավատես բալես,
Պայքարող տեսակ իմ նախնիների,
Ամեն նեղ պահի ճանապարհ գտնող,
Բոլորին ուղիղ ճամփա ցույց տվող
Քո տղաներին, ընկերներին էլ
Բարի խրատներ, կյանքի ճանապարհ
Սովորեցնող իմ բարի բալես։
Մարդկային բարձր հատկանիշներով դաստիարակվեցիր
Ու ճիշտ կայացար որպես տղամարդ,
Ես դրա համար շնորհակալ եմ քեզ
Որ ընդունել ես ամեն խրատս
Որ չես անտեսել ամեն մի խոսքս,
Իմ Կարեն բալա, դու իմ մեծություն
Դու նույնն արեցիր քո ընտանիքին
Քո զավակներին ու քո Զոյային,
Հրաշք ընտանիք դու ստեղծեցիր
Ու հպարտ անցար քո կյանքի ուղին։