Պատերազմը թղթով չի՛ կանխվելու. պետք է ընտրենք այնպիսի իշխանություն, որը սուտ չի խոսում. Արամ Օրբելյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն է:
Արամ Օրբելյանը, մասնավորապես, ասել է.
- Խաղաղության պայմանագրի մասին խոսելն անհեթեթություն է՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, միջազգային իրավունքի տեսանկյունից, Խաղաղության պայմանագիրը համահունչ չէ ՄԱԿ-ի կանոնադրությանը, քանի որ դրանով պատերազմն ընդհանրապես արգելվում է, այսինքն՝ ապօրինի է, հետևաբար՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ, որպես իրավական ռեժիմ, գոյություն չունի, դա նշանակում է, որ Խաղաղության պայմանագրի մասին խոսելը սպեկուլյատիվ է կամ պարզապես քաղաքական դաշտից է:
- Վերջին ամիսներին անընդհատ լսում ենք «ուժի օգտագործումը պատերազմ սկսելու լեգիտիմ առիթ է» արտահայտությունը, ռազմական գործողությունը չի կարող ունենալ լեգիտիմ առիթ:
- Խաղաղության պայմանագրի ստորագրումն ուժի սպառնալիքի ներքո՝ ապօրինի է. պատերազմը փաստաթղթով չի՛ կանխվելու:
- Հարևան պետությունների հետ հարաբերությունները, այո, պետք է կարգավորվեն, բայց ոչ ամեն գնով:
- Այս հարցն ունի երկու պարզ լուծում՝ Հայաստանի զինված ուժերի հզորացում, Ադրբեջանի դեմ միջազգային սանկցիաներ կիրառելու պահանջ: Սանկցիաներ պետք է կիրառվեն ոչ միայն այս տարվա սեպտեմբերի 13-ին Հայաստանի տարածքի դեմ զինված հարձակում գործելու, այլ նաև 2020 թվականին Արցախի դեմ զինված գործողություններ սանձազերծելու համար: Անհրաժեշտ է հստակ բարձրացնել Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառելու պահանջը:
- Ի՞նչ է նշանակում 1929 թվականի քարտեզներով բանակցել դելիմիտացիայի և դեմարկացիայի շուրջ. ոչ Հայաստանը, և ոչ էլ Ադրբեջանն այդ ժամանակ
որպես անկախ պետություններ, որպես միջազգային իրավունքի սուբյեկտներ՝ գոյություն չեն ունեցել: Երկուսն էլ եղել են միջազգային սուբյեկտ հանդիսացող Խորհրդային Միության կազմում ընդգրկված հանրապետություններ, որոնք սահմաններ չեն ունեցել:
- Տեղի է ունենում մի գործընթաց, որն ակնհայտորեն չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին:
- Տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության պաղեստինացում. Պաղեստինի և Իսրայելի անկախացումից հետո պարբերաբար ընթացող բանակցությունների արդյունքում Պաղեստինի տարածքն անընդհատ փոքրանում է, Իսրայելինը՝ մեծանում:
- Հայաստանի անվտանգության միակ պատասխանատուն Հայաստանի Հանրապետության իշխանություններն են. եթե ինչ-որ մեկը մեզ զենք չի մատակարարում, ապա մեղավորն իշխանություններն են, եթե ներքաղաքական կամ արտաքին քաղաքական խնդիրներ կան, ապա մեղավորը և միակ պատասխանատուն իշխանություններն են: Մեղքն ուրիշների վրա բարդելով՝ խնդիրը չի լուծվում. այս ամենը նման է այն հայտնի պատմությանը, որ լավ մասնագետը գտնում է՝ ինչպես լուծել խնդիրը, իսկ վատ մասնագետը 10 պատճառ է բերում, թե ինչո՞ւ չի լուծվում խնդիրը:
- ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը Հանրային Հեռուստաընկերության եթերում հնչեցրեց տեսակետ, թե «Հայաստանը չունի ռազմական ներկայություն Արցախում, հետևաբար, մենք պետք է շատ հստակ գնահատենք այն իրատեսական ռեսուրսները, որոնք կան այս պահի դրությամբ սեղանին, և խոսքը, մեր պարագայում, հիմնականում և առավելապես քաղաքական, դիվանագիտական ռեսուրսների մասին է, և, մասնավորեցնելով նաև ասածս, խոսքը միջազգային հանրության առավելագույն ներգրավվածության մասին է այս գործընթացում: Դեյվիդ Փրայսի հետ մասնավոր քննարկման ժամանակ նշել եմ, որ եթե միջազգային հանրությունը չգիտակցի այն առանձնահատկությունը, որն առկա է Արցախյան հակամարտության ամբողջ պատմության համատեքստում, և մասնավորապես արցախցիների գոյութենական խնդիրները, որոնք մշտապես վերջիններիս ուղեկցել են, և եթե միջազգային հանրությունն ընդունելի համարի Ադրբեջանի այն դիրքորոշումը, ըստ որի, իրենց Սահմանադրության շրջանակներում պետք է կարգավորվեն հայ բնակչության և Ադրբեջանի իշխանությունների հարաբերությունները, դա ըստ էության երաշխավորված էթնիկ զտման տանող սցենար է, որ, միգուցե, Ցեղասպանություն տեղի չունենա, բայց առնվազն տեղի կունենա մասսայական արտագաղթ»: Միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանի գնահատմամբ, եթե Արցախում տեղի ունենա էթնիկ զտում, դա ևս ցեղասպանություն է:
- Արցախի խնդիրը ֆունդամենտալ է. Արցախի խնդիրը Հայաստանի Հանրապետության համար գոյութենական խնդիր է:
- Մենք հիմա բոլորովին այլ բանակցային դաշտում ենք, տեղի է ունենում միջազգային իրավունքի խախտում, այսպես շարունակվելու դեպքում վերածվելու ենք չկայացած պետության, դառնալու ենք մի տարածք, որտեղ Թուրքիան երբ ուզի՝ զորք է մտցնելու:
- Մեր երկու հարևան պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը, բաց տեքստով ասում են՝ հաջորդ քայլը լինելու է Հայաստանի մնացած տարածքի բռնակցումը:
- Եթե Ադրբեջանը ռասիստական պետություն է, բանակցությունները պետք է դադարեցնենք և պետք է բանակցենք միայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման՝ գերիների վերադարձի շուրջ:
- Ես տեսնում եմ, որ 2018 թվականի հեղափոխությունը ՀՀՇ-ի ռևանշն էր:
- Պետք է ընտրենք այնպիսի իշխանություն, որը սուտ չի խոսում: Կարելի է վարել վատ քաղաքականություն, բայց դա չպետք է լինի սուտ. մարդիկ պետք է հասկանան, եթե մեկն անընդհատ սուտ է ասում, կամ մի բան հայտարարում է, հետո հերքում է ինքն իրեն՝ պատճառաբանելով, որ իրեն ճիշտ չեն հասկացել, նրան պետք չէ ընտրել:
- Մեր խնդիրն է՝ չթողնել որևէ փաստաթուղթ ստորագրել, չպետք է թողնել, որ քայքայվեն պետական ինստիտուտները: