Բազմաթիվ երեխաներ անգամ իրենց տարիքին համապատասխան քաշ չունեն. մեծ է այն երեխաների թիվը, ովքեր առավոտյան առանց նախաճաշի են դպրոց գնում. Դավիթ Պիպոյան
«Կառավարությունում մշակում են պարենային անվտանգության ռազմավարություն, որը պետք է ուղղված լինի ոչ միայն անհրաժեշտ քանակի սննդամթերքով Հայաստանին ապահովելուն, այլ նաև մարդկանց ճիշտ սնվելուն»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ հավելելով, որ պարենային անվտանգությունը Հայաստանի անվտանգային կարևոր բաղադրիչներից մեկն է։
«Օրինակ՝ մինչև 2 տարեկան երեխաների պարագայում մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե թերսնվելն է, այլ նաև սխալ սնվելը, որի հետևանքով երեխաների ավելի քան 40 տոկոսը ունեն թերսնվածություն։ Սա ոչ միայն քիչ սնվելուց է, այլ նաև սխալ սնվելուց»,- նշել է նախարարը։
ՀՀ ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայաստանում այս խնդրի վերաբերյալ հետազոտությունները շատ փոքրաթիվ կազմակերպություններ են իրականացնում։ Իսկ ինչ վերաբերում է թերսնմանը, ապա այն լուրջ մեթոդաբանություն է պահանջում։
«Չի կարող պետությունը չունենալ համապատասխան գիտական կառույց, որը զբաղվում է պարենային անվտանգության և սննդանյութերի գնահատման հետազոտություններով: Օրինակ, մենք հետազոտութուններ իրականացնում ենք ոչ թե բազային ֆինանսավորման շրջանակներում, այլ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Պարենային անվտանգության և սննդանյութերի գնահատման գիտամեթոդական կարողությունների հզորացում ծրագրի» շրջանակում:
Այդ ծրագրի համար դիմել ենք, շահել (սա չի եղել պետական պատվեր) բազային ֆինանսավորում: Այսինքն, եթե մենք հաղթած չլինեինք՝ դրամաշնորհ պարզապես չէինք ունենա: Երևի աշխարհում չեք գտնի մի երկիր, որտեղ այդպիսի դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է գիտնականների բարի կամքի դրսևորման և դրամաշնորհային ծրագրի արդյունքում: Սրանք երկու գերատեսչությունների համար գերկարևոր հետազոտություններ են. մեկն Էկոնոմիկայի նախարարությունն է, որը զբաղվում է նաև գյուղատնտեսության և ագրարային քաղաքականության հարցերով, մյուսն Առողջապահության նախարարությունն է՝ սննդանյութերի գնահատման առումով,- նշեց Դավիթ Պիպոյանը՝ ընդգծելով, որ հետազոտություններն այնքան կարևոր են, որ պետությունը և՛ ագրարային քաղաքականության, և՛ առողջապահական ռազմավարության, այդ թվում՝ սնուցման հարցերով չի կարող մշակել համապատասխան քաղաքականություն, եթե չունի համապատասխան գիտական հետազոտություն:
Ինչ վերաբերում է, օրինակ, երեխաների թերսնմանը, ապա, նրա խոսքով, այն գնահատելու տարբեր մեթոդներ կան:
«Թերսնման գնահատումը մի դեպքում կարող է լինել մարդաչափական պարամետրերի վրա հիմնված, երբ չափում ենք մարմնի զանգվածի ինդեքսը և տեսնում ենք, որ մարդն իր տարիքի համապատասխան քաշ ունի: Մյուս դեպքում՝ գնահատում ենք սննդակարգը՝ տեսնելու, թե արդյո՞ք պարունակում է բավարար քանակի կալորիաներ՝ սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրեր: Վերջերս Հայաստանում տեղի ունեցավ «Սթարմուս» գիտական փառատոնը, որի ժամանակ ներկայացված էր նաև մեր կենտրոնը, և տաղավարի մի փոքրիկ հատված այս ծրագրին էինք նվիրել, ու տարբեր տարիքի դեռահասներ էին մոտենում, տեղում չափումներ էինք իրականացնում:
Գիտե՞ք, թերքաշ երեխաները մեզ ավելի շատ են մոտեցել, քան գերքաշ: Տեսանք, որ բազմաթիվ երեխաներ անգամ իրենց տարիքին համապատասխան քաշ չունեն: Մեծ է այն երեխաների թիվը, ովքեր առավոտյան առանց նախաճաշի տանից դուրս են գալիս ու դպրոց գնում: Տեղին չէ այն արդարացումը, թե առավոտյան երեխան ախորժակ չի ունենում: Ընտանիքը պետք է ուշադիր լինի, որ երեխան առանց նախաճաշելու տանից դուրս չգա: Գաղտնիք չէ, որ ոչ բոլոր դպրոցներն ունեն պատշաճ բուֆետներ, և երեխաները հիմնականում օգտվում ենք քաղցրավենիքներից, խաչապուրիներից, կարկանդակներից, գազավորված ըմպելիքներից՝ այն ամենից, ինչ չի կարելի այդ տարիքի երեխային»,- ընդգծեց ՀՀ ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը:
Դավիթ Պիպոյանի փոխանցմամբ՝ դժվար կլինի գտնել դպրոցներ և բուֆետներ, որտեղ երեխան կարող է օգտագործել հատիկեղեն, աղցան, բանջարեղեն: Պարզապես, նրա խոսքով, այդ հնարավորությունը չկա:
«Ասում ենք՝ գիտելիք չունեն, իսկ այն ո՞վ պետք է տար. ո՞ր դպրոցում է սննդաբանություն, առողջ սնուցում դասավանդվում, ովքե՞ր են դասավանդում: Տարիներ շարունակ ապրել եմ արտերկրում: Իտալիայում, օրինակ, համալսարանն ուներ ճաշարան, որտեղ գներն այնքան էին, որ եթե անգամ ամենաանորակ արագ սննդի կետ մտնեիր՝ փոքրիկ բրդուճ վերցնելու, միևնույն է՝ համալսարանի ճաշարանից ավելի թանկ էր: Այսինքն, արվել էին համապատասխան հետազոտություններ և ճաշարանի համար այնպիսի գին էր ընտրված, որ գրավիչ լիներ»,- եզրափակեց մեր զրուցակիցը: