Բանակցություններում Ադրբեջանը չի առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը. Միրզոյան

Ադրբեջանի ներկայացուցիչները բանակցություններում չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումներն, ինչ Լաչինի միջանցքը: Այս մասին ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանն առ այն, թե իբր «Ադրբեջանն իրավացիորեն է ասում, թե Լաչինի միջանցքը և «Զանգեզուրի միջանցքը» պետք է ունենան նույն կարգավիճակը»:

Միրզոյանը ընդգծեց՝ այդ ձևակերպման մեջ մեծ չափազանցություն կա, Ադրբեջանն այդպիսի բան չի ասում:

«Բանակցություններում Ադրբեջանի ներկայացուցիչները չեն պնդում և չեն առաջարկում ունենալ ճանապարհ, որը կունենա նույն կարգավորումները, ինչ Լաչինի միջանցքը: Եթե պարոն Չավուշօղլուն իր կողմից այս բաղադրիչն է մտցնում բանակցություններում, ապա երևի լավ կլինի, որ իր անունից ասի: Ադրբեջանն այդպիսի բան չի ասում»,-ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ իրավացիորեն որևէ կողմ չի էլ կարող այսպիսի բան պնդել, քանի որ կարգավորումները տրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ և հետագայում նաև՝ 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ: Երկու հայտարարություններն էլ հրապարակային են:

«Այնտեղ կա Լաչինի միջանցք, որը կյանքի ճանապարհ է ԼՂ հայության համար և կա հաջորդիվ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման թեմա: Խոսվում է նաև Նախիջևանի հետ նոր կապուղու մասին: Մենք այս առումով մեր դիրքորոշումը բազմիցս հայտնել ենք, այն չի փոփոխվել, բոլոր ճանապարհները՝ այդ թվում և գործողները, և ենթադրաբար նոր կառուցվելիքները, պետք է գործեն այն երկրների սուվերենության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»,-ասաց Միրզոյանը:

Նախարարը նշեց, որ իր սուբյեկտիվ ընկալմամբ այս առումով որոշակի առաջընթաց կա: Նա լավատեսություն հայտնեց, որ այս ուղղությամբ բանակցություններն առաջիկայում հաջողությամբ կարող են ավարտվել:

Տեսանյութեր

Լրահոս