Քննարկվում է ՀՀ տարածքի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին նաև ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման. Միրզոյան

Քննարկվում է Հայաստանի տարածքի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին նաև ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու հարցը: Այս մասին ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Քննարկվում է ՀՀ տարածքի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին նաև ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման: Շատ մոտ ապագայում մենք այս մասով ևս հստակություն կունենանք»,-ասաց Միրզոյանը:

Անդրադառնալով ակնկալիքներին նախատեսվող ԵՄ դիտորդական առաքելության գործուղումից՝ ԱԳ նախարարն ասաց, որ ակնկալիքները փոփոխության չեն ենթարկվել:

«Մենք ակնկալում ենք միջազգային մասնակցություն, միջազգային դերակատարում Հարավային Կովկասում և մասնավորապես Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ խաղաղության հաստատման գործում: Իսկ, եթե մասնավորեցնենք, ապա, մեր ակնկալիքներն են, որ առաքելությունը որոշակի փաստահավաք մաս կունենա, և այդ փաստերը կվկայեն, որ Հայաստանի պնդումները, որ տեղի է ունեցել ագրեսիա ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ և կա ադրբեջանական զորքերի ներխուժում ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք, համապատասխանում են իրականությանը: Բայց, նաև, պետք է այս առաքելությանը վերագրենք հետագա նոր ագրեսիայի կանխման կարևոր առաքելություն, ավելի լայն իմաստով՝ կայուն խաղաղության հաստատում»,-ասաց Միրզոյանը:

Նա հույս հայտնեց, որ ԵՄ-ից եկող առաքելությունը դերակատարում կունենա այս հարցում:

Եվրոպական Միությունը որոշում է կայացրել 40 հոգանոց դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան, որը կտեղակայվի հայ-ադրբեջանական սահմանին։

Տեսանյութեր

Լրահոս