«Տեսանք, որ Ռուսաստանն արձագանքեց հայկական կողմի փաստացի շանտաժին». Վիգեն Հակոբյան

«Հայկական օրակարգ. Ռուսաստանի և Արևմուտքի բախման կիզակետում» խորագրով քննարկման ժամանակ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն անդրադարձավ դիտարկմանը, թե ՌԴ-ն անտարբեր է ՀՀ-ում հակառուսական արշավի նկատմամբ:

Հարցին՝ դա ռուսներին չի՞ անհանգստացնում, թե՞ այնքան զբաղված են Ուկրաինայով, որ չեն հասցնում արձագանքել, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Ռուսներին որքանով է դա հետաքրքրում, թե չի հետաքրքրում՝ մի հարց է, այլ հարց է, որ ռուսներն այս պատմական ժամանակահատվածում ինչ ռեակցիա են ցուցադրում իրականում, որովհետև մի բան է՝ ինչ է ասվում, մի բան է՝ ինչ է արվում, կամ ինչ է արվելու»:

Վիգեն Հակոբյանի համոզմամբ՝ ռուսների պարագայում բավականին հետաքրքիր իրավիճակի ենք ականատես:

«Սպասվում էր, որ նոյեմբերի 9-ին ստորագրած փաստաթղթից հետո ինչ-որ տեղ   պատանդի կարգավիճակում կհայտնվի այն անձը, որը ՀՀ-ի անունից ստորագրել է  այդ փաստաթուղթը, և գերտերության հավակնություն ունեցող ՌԴ-ն կփորձի հնարավորինս իր մատների վրա խաղացնել ՀՀ վարչապետին: Մինչդեռ տվյալ պարագայում մենք ականատեսն ենք մի իրավիճակի, երբ Փաշինյանը, ըստ էության, փորձում է ինչ-ինչ մանիպուլյացիաներով, երբեմն՝ նաև շանտաժային էլեմենտներով մաքսիմումը կորզել թե՛ անձնական անվտանգության տեսանկյունից, թե՛ քաղաքական երաշխիքների, և թե՛ երբեմն նաև երկրին ինչ-որ մի բան ապահովելու տեսակետից: Եվ երբեմն տպավորությունն այնպիսին է, որ իր մոտ դա ստացվում է»,- նշեց նա:

Քաղտեխնոլոգն այս համատեքստում դիտարկեց նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու շրջանառվող թեզը՝ նկատելով, որ ՌԴ-ն արձագանքեց այդ շանտաժին:

«Եղավ դիվանագիտական մակարդակով բավականին սուր հակամարտություն երկու արտգործնախարարների միջև, և դա բերեց նրան, որ, այնուամենայնիվ, ռուսները սկսում են արձագանքել և հայտարարում են, որ կարող են ուղարկել իրենց դիտորդներին՝ ի հակաշիռ ԵՄ դիտորդներին:

Ռուսները հիմա փորձում են հնարավորինս մեղմ արձագանքել ՀՀ իշխանությունների չարաճճիություններին, քանի որ իրենց համար շատ ավելի կարևոր է Թուրքիայի գործոնը, բայց դա չի նշանակում, որ ինչ-ինչ գործիքակազմեր չեն օգտագործվելու: Շուտով ՌԴ-ի կողմից կլինեն նաև ավելի կոշտ հայտարարություններ, որոնցով բալանսի կբերվեն ՀՀ արտաքին դիվանագիտական ուղղությունները»,- մանրամասնեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս