Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի ներկայացուցչին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին, նրա օգնական Գայանե Նասոյանին, նույն կազմակերպության ծրագրերի համակարգողներ Զարուհի Բեգլարյանին եւ Վահան Ամիրխանյանին։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Ռայմունդ Ելեն նախ խոսել է այն կարճաժամկետ ծրագրերի մասին, որոնք իրենց կազմակերպության կողմից իրականացվել են մարզում, ապա տեղեկացել այն ընդգրկուն խնդիրների մասին, որոնք կլինեն երկարաժամկետ ու դարձյալ կֆինանսավորվեն իրենց կազմակերպության կողմից։

«Մեր կազմակերպությունը մարդասիրական աջակցություն է տրամադրում Գեղարքունիքի մարզի խոցելի, փոքր գյուղացիական տնտեսություններին, որոնք ամենաշատն են տուժել հակամարտության հետեւանքով: Այս աջակցությունն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի «Կայուն զարգացման նպատակների միասնական հիմնադրամի» աջակցությամբ: Հակամարտությունից տուժած կամ տեղահանված ընտանիքներին հրատապ աջակցության ծրագրից Գեղարքունիքի մարզում օգտվել է 94 տեղահանված եւ 7 հյուրընկալող տնային տնտեսություն։ Գեղարքունիքի մարզում մինչև 5 խոշոր եղջերավոր անասուն ունեցող շահառուներին տրամադրվել է համակցված կեր, իսկ այն ընտանիքներին, ովքեր չեն հասցրել իրենց գյուղատնտեսական ակտիվները տեղափոխել, տրամադրվել են թռչնամիս եւ համակցված կեր։ Մինչև տարեվերջ ծրագրի շահառուներին նախատեսվում է տրամադրել 26 640 կիլոգրամ հավելյալ քանակությամբ համակցված կեր եւ 9960 կիլոգրամ թռչնակեր։ Նախատեսված է 105 տոննա աշնանացան ցորենի սերմացու տրամադրել մարզի 423 անապահով ընտանիքների, որոնցից 305 ընտանիք արդեն ստացել է իր հասանելիքը՝ Ճամբարակ, Մարտունի եւ Վարդենիս համայնքներում։ Սակայն մարզում իրականացված այս եւ այլ ծրագրերից զատ, մենք ցանկանում ենք տեղեկանալ, թե ինչ խնդիրներ կան մարզում այս պահին եւ ինչով կարող ենք աջակցել տուժած տնտեսություններին՝ առավել երկարաժամկետ ծրագրերի իրականացման տեսանկյունից»,- ասել է Ռայմունդ Յելեն։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն իր երախտագիտություն է հայտնել ստեղծված իրավիճակում մարզի գյուղատնտեսության ոլորտում ցուցաբերած տարատեսակ աջակցությունների համար։

«Համոզված եմ, որ այս համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Ձեր կազմակերպության կողմից վերջին շրջանում տրամադրած աշնանացան ցորենի սերմացուի ավելի քան 70 տոկոսn արդեն տրամադրվել է մարզի շահառու տնտեսություններին՝ մասնավորապես` ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով տուժած վարդենիսցիներին, եւ համոզված եմ, որ այն հնարավորինս կբարելավի այդ տնտեսությունների սոցիալական վիճակը։ Այսուհանդերձ, հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերի բնակիչներ խնդիր ունեն ինչպես բերքահավաքի, այնպես էլ աշնանացանի իրականացման հետ, քանի որ նրանց հողատարածքները անմիջապես գտնվում են հակառակորդի նշանառության տակ։ Մարզն այսօր ունի անվտանգության լուրջ խնդիր, եւ, հաշվի առնելով այդ խնդիրները, ինչպես նաեւ եղանակային ոչ բարենպաստ պայմանները՝ մարզում այս տարի գրանցել ենք բերքի ստացման ցածր ցուցանիշ։ Իրավիճակին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունն էլ իր հերթին, տարբեր ոլորտային ծրագրերի սուբսիդավորմամբ, աջակցել եւ շարունակում է աջակցել շահառու տնտեսություններին։ Պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ՝ մենք մտավախություն ունենք պարենի իրացման եւ ներկրման հարցում»,- նշել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Այնուհետև կողմերը քննարկել են մարզի խոշոր եւ մանր ֆերմերային տնտեսությունների գործունեության, նրանց կարիքների, այդ հարցում՝ անհրաժեշտ աջակցության, պարենային խնդիրների լուծման, մարզում ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրերի ներդրման մասին, կարեւորել մարզում ոռոգման անձրեւացնող համակարգերի ներդրման, ջրամբարների կառուցման , համայնքների գյուղատնտեսական տեխնիկաների ապահովման, տրամադրվող խորհրդատվական ծառայությունների գործունեությանը վերաբերող հարցերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս