«Ասեցին՝ ծերերս պտի պաշտպանեինք գյուղը, ինչո՞վ, եղանով, բահով չի՛ լինում․ տեղներս նեղ լինի՝ էդ էլ ենք անելու»․ Նավուրի բնակիչ

168.am-ը շարունակում է շրջել Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերով, լինում քաղաքներում և գյուղերում, բնակիչների հետ զրուցում իրենց առօրյայի,  մտահոգող խնդիրների մասին։

Այս անգամ մեր նկարահանող խումբը Տավուշի մարզի Նավուր գյուղում էր։ Բնակիչներն ասացին, որ այստեղ մարդիկ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում։

Գյուղամիջում հանդիպեցինք աշխատանքից վերադարձող 2 տղամարդու, նրանցից մեկը գյուղի ջրվարն է, ասաց՝ ոռոգման ջուր չկա Նավուրում, խմելու ջուրն էլ ժամով է․

«Կյանքը գնալով վատանում է, որ ասեմ՝ լավ ա, դու կասես՝ լա՞վ է։ Առավոտ լույսը բացվում է՝ մարդիկ՝ իրենց անասունով, ես էլ՝ իմ ջրերի գործով, գյուղի ջրվարն եմ․․․ Ոռոգման ջուր չկա գյուղում, խմելու ջուր է միայն, էն էլ սուտկի մեջ՝ 2-3 ժամ»։

Կարդացեք նաև

«Աշխատանքից ենք գալիս, գյուղացի ենք էլի, էս ա մեր բանը։ Դե, մնացածն էլ ասեմ ոչ՝ զոլ տեղը վատ ա, բայց դե գոնե լավն էլ ըլի։ Էտ ա մեր պայմանները, գյուղ ծնվել ենք, գյուղ ապրում ենք»,- ասաց մեզ հետ զրուցող մեկ ուրիշ տղամարդ։

Գյուղի կենտրոնական փողոցում հանդիպեցինք տարեց տղամարդկանց, զրուցեցինք տարբեր թեմաներից, այդ թվում՝ նաև, թե ինչով են զբաղվում, օրն ինչպես են անցկացնում, ինչ խնդիրներ ունեն.

«Աշխատանք չկա, բան չկա, սոված-ծարավ ժողովուրդ ենք, ի՞նչ ասենք։ Գնացել եմ սրտից բաց օպերացիա եմ եղել, բաց թոշակս կտրել են, էսօր ընկած ման եմ գալիս, ոչ մի տեղից ոչ մի օգնություն, ոչ մի բան, էտ ա, կմեռնենք՝ կմեռնենք, կապրենք՝ կապրենք։ Հիվանդ մարդ եմ, ինչո՞վ զբաղվեմ, գնացել 200.000 ծախսել, կամիսիա եմ անցել, հիմա էլ ասում են՝ դու քո բժշկի մոտ մի գնա, ուրիշ բժշկի մոտ գնա, թուղթ բեր, որ քեզ թոշակ տանք, կհասնի՝ կտանք, չի հասնի՝ չենք տա։ Ես էլ զզվել եմ, բրախել»։

Տարիքով մի տղամարդու հետ էլ զրուցեցինք սահմանային իրավիճակի մասին, թե վիճակը հանգի՞ստ է, մտահոգություններ ունե՞ն․

«Բոլորն էլ գիտեն՝ վտանգ ա․ գիշեր-ցերեկ դրա համար ենք դարդ անում, մարդիկ տուն են շինում, նրանք քանդում են, ժողովուրդը սոված-ծարավ պտտում ա, ասելու բան կա՞, որ ասենք, լավ բան չկա, լավ բան չենք տեսնում»։

Նավուրի բնակչին նաև հարցրեցինք, թե օրվա իշխանությունների աշխատանքը ո՞նց է գնահատում, պատասխանեց՝ թող իշխանություններն իրենց աշխատանքը գնահատեն․

«Ես ի՞նչ աշխատանք գնահատեմ, հես ա գնահատում եմ, էլի, օպերացիա եղած մարդ եմ, ոչ մի բանով չեն օգնում, դե գնահատի։ Իրենք լավ ապրում են, ես՝ չէ»։

Նավուրի մեծահասակ բնակիչներից մեկ ուրիշն էլ խոսեց թշնամու պարբերաբար իրականացվող սադրանքների մասին, հետն էլ ավելացրեց՝ մինչև վերջ պայքարելու են, քանի որ սա իրենց հողն է, միայն թե պայքարելու համար շատ կարևոր է, որ ղեկավարությունն իրենց միայնակ չթողնի․

«Մի քիչ էլ մեզ տիրություն անել է պետք։ Սրանից մի 3 ամիս առաջ խաբեցին, ասեցին՝ զենք ենք տալու, ամրագրելու ենք, էդ ասելը մնաց։ Եկան ցուցակագրեցին, ասեցին՝ մինչև 55 տարեկանները զորակոչի են գնալու, ծերերս պտի պաշտպանեինք գյուղը, ինչո՞վ պաշտպանենք, եղանով, բահով՝ չի՛ լինում։ Տեղներս նեղ լինի, էդ էլ ենք անելու։ 92 թվի պատերազմին որսորդական հրացաններով ենք գնացել, բայց հիմա տեսնում ենք՝ ինչ զենքեր կան ուրիշների (ադրբեջանցիների.- Ն․Խ․) ձեռքին, բա մենք մի հատ ավտոմատ չունենա՞նք ամրագրած։ Որ մի անգամ, երկու անգամ մի զենքով չկրակես, պատահական զենքով դու կարա՞ս ծիտ սպանես, չէ՛։ Դրա համար մեզ տիրություն անել ա պետք, ասեն, ասածը անեն, ոչ թե թմբի քամակը գցեն, մեր գեղական լեզվով ասած․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս