Գործարքները կրճատվել են, իսկ գները շարունակում են բարձրանալ. ինչ է տեղի ունենում բնակարանային շուկայում
Տարեսկզբի ակտիվությունից հետո, անշարժ գույքի շուկան վերջին ամիսներին պասիվացել է։ Նվազել են հատկապես առք ու վաճառքի գործարքները։ Դա տեղի է ունեցել առաջին հերթին բնակարանների ու արտադրական նշանակության շինությունների առք ու վաճառքի պարագայում։
Որքան էլ թվում է, թե բնակարանային շուկան չափից դուրս ակտիվ է, բոլորը շտապում են բնակարան գնել, ամենուրեք նոր բնակելի շենքեր են կառուցվում, բնակարանների առք ու վաճառքը 2 ամիս անընդմեջ կրճատվել է։
Կրճատվել է նաև արտադրական նշանակության շինությունների վաճառքը։
Հիշեցնենք, որ ժամանակին շուկայի հենց այս հատվածով էր Նիկոլ Փաշինյանը բացատրում տնտեսական գործունեության նկատմամբ հասարակական հետաքրքրությունները։
Առք ու վաճառքի գործարքների կրճատում սկսեց նկատվել հուլիսից։ Այդ ամսին գործարքները նվազեցին՝ ինչպես նախորդ տարվա, այնպես էլ՝ նախորդ ամսվա համեմատ։ Նախորդ ամսվա համեմատ անկումը գերազանցեց 20 տոկոսը։ 2021թ. նկատմամբ էլ առք ու վաճառքի գործարքները կրճատվեցին ավելի քան 11 տոկոսով։
Թվում էր, թե սա կարճաժամկետ երևույթ է, որը հաջորդ ամսին կվերականգնվի։ Սակայն հաջորդ ամսին ևս շուկան շարունակեց անկումը։
Առք ու վաճառքի գործարքները, հուլիսի 20 տոկոս նվազումից հետո էլի նվազեցին։ Այդ ամսվա համեմատ օգոստոսին անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքները կրճատվեցին 4,9 տոկոսով։
Անկումը մեծ էր հատկապես նախորդ տարվա համեմատ։ Օգոստոսին անշարժ գույքի շուկայում առք ու վաճառքի գործարքների աննախադեպ պասիվացում գրանցվեց. իրականացվեց ընդամենը 4197 գործարք, ինչը վերջին 4 տարիների ամենացածր ցուցանիշն էր։ Անգամ 2019թ. օգոստոսին ավելի շատ առք ու վաճառքի գործարք էր կատարվել, քան կատարվեց այս տարվա օգոստոսին։ Այն ժամանակ իրականացվել էր՝ 4379, այս տարի իրականացվել է 4197 գործարք։ 182 գործարքով պակաս։
2020թ. համեմատ առք ու վաճառքի գործարքներն այս տարվա օգոստոսին կրճատվել են 707-ով, 2021թ. համեմատ՝ 844-ով։ Նախորդ տարվանից 16,7 տոկոսով պակաս գործարք կատարվեց։
Բնակարանային շուկայում առք ու վաճառքի պասիվացումն արտահայտվեց գործարքների գրեթե 14 տոկոս կրճատումով։ Օգոստոսին անշարժ գույքի շուկայում վաճառվել է 1363 բազմաբնակելի շենքի բնակարան, ինչը 205-ով պակաս էր նախորդ տարվանից։ Այդ ամսին 119-ով էլ պակաս անհատական տուն է վաճառվել, քան վաճառվել էր նախորդ տարի։
Պատկերացնելու համար, թե ինչ է տեղի ունեցել բնակարանային շուկայում, ասենք, որ 2019թ. օգոստոսին անշարժ գույքի շուկայում վաճառվել էր բազմաբնակելի շենքի 1589 բնակարան և 692 առանձնատուն։ Ավելի շատ, քան այս տարի։
Արտադրական նշանակության շինությունների վաճառքի այնպիսի կտրուկ կրճատում, որը տեղի է ունեցել օգոստոսին, արձանագրվել էր միայն համավարակի շրջանում։ Նախորդ տարվա համեմատ գործարքների 36 տոկոսի նվազում է եղել։ Պակաս փոքր չէ կրճատումը նաև նախորդ ամսվա համեմատ՝ ավելի քան 30 տոկոս։
Օգոստոսին իրականացվել է ընդամենը 46 այդպիսի գործարքը, որը գրեթե կիսով չափ պակաս է անգամ 2020թ. օգոստոսի համեմատ, երբ երկիրը գտնվում էր համավարակի ու տնտեսական խորը ճգնաժամի մեջ։
Հաշվի առնելով հասարակության հետաքրքրությունները բնակարանային շուկայի նկատմամբ, ներկայացնենք այն փոփոխություններն ու միտումները, որոնք տեղի են ունեցել այստեղ։
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տվյալները վկայում են, որ ինչպես հուլիսին, այնպես էլ օգոստոսին բնակարանային շուկան պասիվացել է։
Հուլիսին բազմաբնակելի շենքերի բնակարանների վաճառքը կրճատվել է գրեթե 22 տոկոսով։ Կրճատում է արձանագրվել ոչ միայն նախորդ ամսվա, այլև նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարվանից 9 տոկոսով պակաս բնակարան է վաճառվել։
Օգոստոսին բնակարանային շուկայի պասիվացումն ավելի խորացավ։ Հուլիսի շուրջ 22 տոկոս անկումից հետո գործարքների ևս 1,7 տոկոսանոց նվազում արձանագրվեց օգոստոսին։ Այդ ամսին անշարժ գույքի շուկայում իրականացվեց բնակարանի ընդամենը 1363 գործարք՝ նախորդ տարի եղել էր 1568 գործարք։ 2019թ. էլ այդպիսի գործարքները 1589-ն էին՝ 226-ով ավելի, քան այս տարի։ Դժվար չէ պատկերացրել, թե բնակարանային շուկայի ակտիվությունն օգոստոսին ինչքանով է հետ մնացել 2019թ.։
Բնակարանների առք ու վաճառքի նվազման միտումներն ավելի մեծ են եղել Երևանում։
Այս տարվա հուլիսին գրեթե 12 տոկոսով պակաս բնակարան է վաճառվել, քան 2021թ.։ Օգոստոսին էլ վաճառքը կրճատվել է 9,6 տոկոսով։
Երևանի բնակարանային շուկայում տեղի ունեցող միտումներն առավել լավ են բնութագրում վերջին ամիսների համադրումները. հուլիսին՝ նախորդ ամսվա համեմատ, բնակարանների վաճառքը կրճատվել էր գրեթե 21 տոկոսով։ Այդ 21 տոկոս կրճատումից հետո օգոստոսին առք ու վաճառքը ընկել է ևս 6 տոկոսով։ Եթե հունիսին Երևանում վաճառվել էր բազմաբնակելի շենքի 1199 բնակարան, ապա օգոստոսին վաճառվել է ընդամենը 892 այդպիսի բնակարան՝ 307-ով կամ 25-26 տոկոսով ավելի քիչ։
Այս տարվա օգոստոսին Երևանում վաճառված բնակարանների քանակը վերջին 4 տարվա կտրվածքով գերազանցում է միայն ճգնաժամային 2020թ. մակարդակը, այն էլ՝ ընդամենը 157-ով։ Մնացած բոլոր տարիներին մայրաքաղաքում ավելի շատ բնակարան էր վաճառվել, քան վաճառվել է այս տարի։
Սա տարօրինակ է նրանով, որ այս տարի պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում երկնիշ տնտեսական աճեր է գրանցում։ Բայց որքան էլ զարմանալի լինի, այդ նույն ժամանակ անշարժ գույքի շուկայի այն հատվածը, որն ուղղակի կապ ունի տնտեսության զարգացումների հետ, այսպիսի միտումներ է դրսևորում։ Պատճառը պետք է փնտրել տնտեսական աճի այն կառուցվածքի մեջ, որն ունենք։ Դրսից թելադրված աճերը ոչ միշտ են արտահայտվում հասարակության եկամուտների ավելացման վրա։
Մյուս կողմից՝ իրենց ազդեցություններն են ունենում սպասումները։ Հաշվի առնելով շուկայում նկատվող գնաճը, վաճառողները երբեմն չափից դուրս բարձր գներ են սահմանում կամ հետաձգում են իրենց մտադրությունները՝ նպատակ ունենալով ավելի թանկ վաճառք իրականացնել։
Մի շարք, նաև արհեստական գործոններով պայմանավորված՝ արդեն տևական ժամանակ անշարժ գույքի շուկան գտնվում է բարձր գնաճային միջավայրում։ Մեկ տարվա կտրվածքով բնակարանների գները երկնիշ աճել են։ Շարունակել են աճել նաև այն ժամանակ, երբ շուկայում առք ու վաճառքի գործարքների նվազում է տեղի ունենցել։ Թեև վերջին ամիսներին նկատվել է գնաճի տեմպի զգալի նվազում։ Մայիսին Երևանում, ապրիլի համեմատ, գնաճը կազմել էր 1,5 տոկոս, արդեն հունիսին՝ մայիսի համեմատ, կազմեց 0,8 տոկոս։ Հուլիսին գնաճն ընդամենը 0,2 տոկոս էր, իսկ օգոստոսին՝ 0,4 տոկոս։
Հարկ է նշել, որ բնակարանային և արտադրական նշանակության շինությունների շուկաներում տեղի ունեցող այս պասիվացումները նկատվել են մինչև հայ-ադրբեջանական սահմանային վերջին սրացումները։ Կասկած չկա, որ դա իր ազդեցությունը թողնելու է շուկայի վրա։
Շուկայի վրա կազդի նաև Ռուսաստանից կրկին նկատվող քաղաքացիների ակտիվ հոսքը՝ կապված հայտարարված մասնակի զորահավաքի հետ։ Բայց թե այդ ազդեցություններն առաջիկայում ինչպես կդրսևորվեն անշարժ գույքի գործարքների վրա, դեռ վաղ է ասել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ