Իշխանության խնդիրը բարդանում է. Վերաքննիչում այսուհետ կալանքի գործեր կքննեն բոլոր դատավորները. Մխիթար Պապոյանի կարևորագույն ձեռքբերումը
2021թ. հունվարին գործադիրը հավանություն տվեց դատական ոլորտին վերաբերող մի շարք օրենքների փոփոխությունների, որոնցով նախատեսվում էր կալանքներ, խուզարկություններ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունների քննություն մասնագիտացված դատավորների միջոցով։
Փոփոխությունները ներկայացրել էր Արդարադատության՝ այն ժամանակվա նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարզաբանելով՝ առաջարկվում է մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորների՝ առանձնահատկություններ սահմանելով Երևանի և մարզերի դատարանների համար։ Նշվում էր, որ քրեական գործեր քննող դատավորները միաժամանակ զբաղված են լինում կալանքների հարցերի քննությամբ, ինչն էլ հանգեցրել է համակարգի գերծանրաբեռնվածության։
Բացի դա, ըստ հեղինակների, կար ևս մեկ խնդիր՝ դատավորների հերթապահության պատճառով շատ դեպքերում կանխատեսելի է դառնում կալանքի միջնորդությունը քննող դատավորի անձը, որն էլ իր հերթին՝ խնդրահարույց է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման համար։
Իրականում սա «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում առկա նոր իրողություն էր, և որը, ըստ մասնագետների, արվել էր հատկապես քաղաքական հնչեղության գործերով ցանկալի որոշումներ ստանալու համար, քանի որ գաղտնիք չէ, որ դատական համակարգը հիմնականում անկախություն էր դրսևորում ու չէր դակում նախաքննական մարմնի կողմից մասնավորապես հնչեղ գործերով բերված կալանքի միջնորդությունները:
Սա Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի այդ օրերի ժ/պ Գագիկ Ջհանգիրյանի մտահղացումն էր, որը նա հաջողությամբ իրականացրեց՝ կառավարելի դարձնելու համար հատկապես քաղաքական գործերով ստացվող վճիռները:
168.am–ը դեռևս 2021թ. դեկտեմբերի 9-ին անդրադարձել էր խնդրին և մասնավորապես ներկայացրել նաև Վերաքննիչ քրեական դատարանի «կալանք տվող» «հրաշալի» վեցնյակին:
Վեց դատավորներից 3-ը նշանակվել էին իրավաբան-գիտնականների քվոտայով: Ընդ որում, ի սկզբանե հայտարարվել է մրցույթ, և 3 տեղի համար ընտրվել է 2 դատավոր՝ Տիգրան Սիմոնյանն ու Լուսինե Հովհաննիսյանը: Հաջորդիվ 3-րդ հաստիքը համալրելու համար ևս մեկ մրցույթ էր հայտարարվել, և հաղթել էր նախկին դատախազ Կարեն Բիշարյանը:
Մյուս 3 դատավորները Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների գործող կազմից էին ընտրվել առաջխաղացման ցուցակներով: Նրանք են Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Մնացական Հարությունյանը:
Վերաքննիչ քրեական դատարանի նախկին նախագահ Տիգրան Սահակյանը, բնականաբար, գոհ էր իրավիճակից, ու ամեն ինչ ընթանում էր իր հունով, քանի դեռ չէր լրացել վերջինիս պաշտոնավարման ժամկետը, իսկ Գագիկ Ջհանգիրյանն էլ սկանդալային պատմության արդյունքում հրաժարական չէր ներկայացրել ԲԴԽ նախագահի ժ/պ-ի պաշտոնից:
Գագիկ Ջհանգիրյանից հետո ձախողվեց նաև Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնում նրա հովանավորյալի՝ Սևակ Համբարձումյանի նշանակումը, և Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ դարձավ Մխիթար Պապոյանը:
Վերջինիս աշխատանքն արդեն արդյունք է տալիս: 168.am-ի տեղեկություններով՝ Մխիթար Պապոյանը կարողացել է հասնել գագիկջհանգիրյանական վերահսկողության մեխանիզմի չեղարկմանը, և Վերաքննիչ քրեական դատարանում այսուհետ կալանքի գործեր կքննեն ոչ թե վերոնշյալ 6 դատավորները, այլ բոլորը, բացառությամբ Մհեր Արղամանյանի և Սևակ Համբարձումյանի:
Վերաքննիչ քրեական դատարանի նախագահը ԲԴԽ-ում կարողացել է օրենսդրական հիմնավորումներ ու փաստարկներ ներկայացնել առ այն, որ Վերաքննիչում կալանքի գործեր քննեն ոչ թե 6, այլ 18 դատավորներ:
Մհեր Արղամանյանը չի կարող կալանքի գործեր քննել, որովհետև վերջինիս որդին՝ Դավիթ Արղամանյանը ստորադաս ատյանում է աշխատում որպես «կալանք տվող» դատավոր, իսկ Սևակ Համբարձումյանի արգելքի պարագան այլ է: Այս պահին մենք զերծ կմնանք դրա հրապարակումից:
Ամեն դեպքում կարևոր է արձանագրել, որ Վերաքննիչ քրեական դատարանում արդեն իսկ սկսել են բեկանվել առաջին ատյանի «կալանք տվող» դատավորների ակտերը, ասել է թե՝ իշխանությունները հիմա կրկին գլխացավանք կունենան՝ հատկապես քաղաքական գործերով ցանկալի վճիռներ ստանալու հարցում: