Վերաքննիչ քրեական դատարանի հրաշալի վեցնյակը
2021թ. հունվար ամսին գործադիրը հավանություն տվեց դատական ոլորտին վերաբերող մի շարք օրենքների փոփոխությունների, որոնցով նախատեսվում էր կալանքներ, խուզարկություններ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին բոլոր միջնորդությունների քննություն մասնագիտացված դատավորների միջոցով։
Փոփոխությունները ներկայացրել էր Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարզաբանելով՝ առաջարկվում է մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորների՝ առանձնահատկություններ սահմանելով Երևանի և մարզերի դատարանների համար։
Նշվում էր, որ քրեական գործեր քննող դատավորները միաժամանակ զբաղված են լինում կալանքների հարցերի քննությամբ, ինչն էլ հանգեցրել է համակարգի գերծանրաբեռնվածության։
Բացի դա, ըստ հեղինակների, կար ևս մեկ խնդիր՝ դատավորների հերթապահության պատճառով շատ դեպքերում կանխատեսելի է դառնում կալանքի միջնորդությունը քննող դատավորի անձը, որն էլ իր հերթին խնդրահարույց է կոռուպցիոն հնարավոր ռիսկերի առաջացման համար։
Հայաստանի իշխանությունների կարծիքով՝ մասնագիտացված դատավորների առանձնացումը պետք է լուծեր այս խնդիրը:
Ըստ նախագծի՝ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորները կքննեն միայն մինչդատական քրեական վարույթի և կոռուպցիոն բնույթի գործեր։
Իրականում սա «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում առկա նոր իրողություն է, և որը, ըստ մասնագետների, արվել է հատկապես քաղաքական հնչեղության գործերով ցանկալի որոշումներ ստանալու համար, քանի որ գաղտնիք չէ, որ դատական համակարգը հիմնականում անկախություն է դրսևորում ու չի դակում նախաքննական մարմնի կողմից մասնավորապես հնչեղ գործերով բերված կալանքի միջնորդությունները:
168.am-ը անդրադարձել էր այս խնդրին և ուշադրության կենտրոնում պահել Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժնի արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք որակավորման մրցույթը, հատկապես որ, հետաքրքիր անուններ էին շրջանառվում թեկնածուների թվում:
Խոսքն իրավաբանական համայնքի շրջանակներում հայտնի, այսպես կոչված, կալանք տվող դատավորների ընտրության մասին է:
Դեռևս օգոստոսի սկզբին գրել էինք, որ նորանշանակ դատավորները ենթադրաբար կլինեն կանխատեսելի և կկայացնեն իշխանությունների համար ցանկալի որոշումներ:
Չմոռանանք, որ Սյունիքի համայնքապետերի գործերով նրանց կալանքի դեմ պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքները չմակագրվեցին այնքան ժամանակ, մինչև ԱԱԾ-ն «ռեյդ» կատարեց Վերաքննիչ քրեական դատարան ու առգրավեց բողոքները դատավորներին մակագրող համակարգիչը, և դրանից հետո միայն Վերաքննիչ դատարանի քրեական պալատի նորանշանակ նախագահ Տիգրան Սահակյանն անցավ նրանց գործերն իրենց համար ցանկալի դատավորներին ձեռագիր կերպով մակագրելու՝ արատավոր պրակտիկային:
Ինչևէ, շուրջ մեկ ամիս անց հաստատվեց այն դատավորների ցանկը, ովքեր մինչդատական վարույթի վերաբերյալ որոշումներ էին կայացնելու:
Նրանցից մեկը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արմաղանյանի որդին էր՝ Դավիթ Արմաղանյանը, ով լինելով փաստաբան և «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատու, ցույց էր անում՝ ընդդեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կալանքից ազատ արձակման: Բնական ու հասկանալի էր իշխանությունների ցանկությունը՝ այս երիտասարդին տեսնելու՝ որպես մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ քննող դատավոր, և մրցույթի երկու փուլերի արդյունքում վերջինս, ի վերջո, դարձավ «կալանք տվող» դատավոր:
Ընդհանուր առմամբ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորներ դարձան 17-ը, որոնցից 2-ը նախկինում աշխատել են Հատուկ քննչական ծառայությունում, 3-ը դատախազ են եղել, 4-ը ներկայացնում են դատական համակարգը, 2-ը՝ Քննչական կոմիտեն, 1-ը Պետական եկամուտների կոմիտեի աշխատակից է եղել, ևս 1-ը նախկինում ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, 2-ը՝ Փաստաբանների պալատը, իսկ 2-ը եղել են գործազուրկ:
Հատկանշական է, որ գործազուրկներից մեկը հենց Մհեր Արմաղանյանի որդին էր՝ Դավիթ Արմաղանյանը:
Ի տարբերություն Առաջին ատյանի, որի «կալանք տվող դատավորները» (հենց այս ձևակերպումն է նախընտրում նաև արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը) նշանակվեցին ընտրության արդյունքում, Վերաքննիչ քրեական դատարանում նրանց նշանակման կարգը փոքր-ինչ այլ էր:
6 դատավորներից 3-ը նշանակվել են իրավաբան-գիտնականների քվոտայով: Ընդ որում, ի սկզբանե հայտարարվել է մրցույթ, և 3 տեղի համար ընտրվել է 2 դատավոր՝ Տիգրան Սիմոնյանն ու Լուսինե Հովհաննիսյանը: Հաջորդիվ 3-րդ հաստիքը համալրելու համար ևս մեկ մրցույթ է հայտարարվել, և հաղթել է նախկին դատախազ Կարեն Բիշարյանը:
Մյուս 3 դատավորները Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների գործող կազմից են ընտրվել առաջխաղացման ցուցակներով: Նրանք են Արմեն Դանիելյանը, Ռուբիկ Մխիթարյանը և Մնացական Հարությունյանը:
Առանց մեկնաբանության՝ արձանագրենք փաստեր. Այս պահի դրությամբ Արմեն Դանիելյանը բավարարել է Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանի, ով Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է, ինչպես նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդությունները: Ընդ որում, Արթուր Սարգսյանի գործը քննող դատավորն ի սկզբանե պետք է լիներ Տիգրան Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է Տիգրան Սիմոնյանին, վերջինս բավարարեց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:
Տիգրան Սիմոնյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի հետ կապված երկու հայտնություններին 168.am-ն ավելի վաղ անդրադարձել էր:
Ռուբիկ Մխիթարյանը ժամանակին, ինչպես ավելի ուշ պարզվեց, Սահմանադրության հետ խնդիրներ ունեցող հոդվածով՝ կալանավորել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, իսկ այս տարվա օգոստոսի 23-ին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, բժիշկ-վնասվածքաբան Արմեն Չարչյանին, ով տառապում է ըստ էության կալանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հիվանդություններով:
Մնացական Հարությունյանը ևս աչքի է ընկել այն բանով, որ կալանքի որոշում է կայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:
Լուսինե Հովհաննիսյանն ու Կարեն Բիշարյանն ըստ էության դեռ չեն հասցրել «աչքի ընկնել»: Նրանք համեմատաբար նոր են նշանակվել:
Հիշեցնենք միայն, որ Կարեն Բիշարյանը եղել է ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղադրող դատախազը։